ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

ՀԵՌԱՑԵ՛Ք, ՊԱՐՈՆ ՆԱԽԱԳԱՀ

Մեծարգո՛ նախագահ, պատիվն ու դժբախտությունն ունեմ երկու տարվա մեջ երկրորդ անգամ բաց նամակով դիմելու Ձեզ՝ հույսով, որ սթափ գիտակցումը չի դավաճանել Ձեզ՝ Արցախյան պատերազմի հերոսիդ:


ՀԵՌԱՑԵ՛Ք, ՊԱՐՈՆ ՆԱԽԱԳԱՀ

Մեծարգո՛ նախագահ, պատիվն ու դժբախտությունն ունեմ երկու տարվա մեջ երկրորդ անգամ բաց նամակով դիմելու Ձեզ՝ հույսով, որ սթափ գիտակցումը չի դավաճանել Ձեզ՝ Արցախյան պատերազմի հերոսիդ: Նախապես շեշտեմ, որ չկա ոչ մի չկամություն, շողոքորթանք, վախ կամ կեղծիք, այլ միայն հիմնավոր անհանգստություն՝ մեր եւ Ձեր սիրելի Հայրենիքի մոտակա ճակատագրի հանդեպ:

Մեծարգո՛ նախագահ, ես, որ շատ քաղաքացիների հետ Ձեր նախագահական ընտրության ժամանակ ձայնս Ձեզ եմ տվել, ստիպված եմ բացատրել, թե ինչպես Դուք վաստակեցիք մեր ձայները: Նախ՝ Դուք մեր պետության վարչապետն էիք, իսկ պետության հիմնադրի հրաժարականից հետո, որպեսզի խուսափած լինեինք ավելորդ ցնցումներից, պետք էր՝ նոր նախագահ դառնար իշխանության միջից մեկը, Անվտանգության խորհրդի անդամներից մեկը՝ ապահովելու համար նորաստեղծ պետության իշխանության ժառանգորդումը, շարունակականությունը: Այդպիսին, ցավոք, միայն Դուք էիք քվեարկվում: Ֆրանսիականին նման մեր Սահմանադրությունն էլ դա էր հուշում՝ իր «վարչապետական» լինելով: Երկրորդ՝ Ձեզ էր պաշտպանում մեր ժողովրդի ամենաարժանավոր զավակներից Վազգեն Սարգսյանը, ում՝ մեր պետականությանը, մեր հող ու ջրին անդավաճանությանը չի կասկածում ոչ ոք, կարծում եմ՝ նույնիսկ ամենաթողության ու Ձեր վտանգավոր եւ ձախողված քաղաքականության արդյունքում ծլած ահաբեկիչ ճիվաղները: Եթե անգամ ինքներդ Ձեզ չխոստովանեք, ապա միեւնույնն է՝ Աստծուն է հայտնի, որ Ձեր ձայները գրեթե հարյուր տոկոսով Վազգեն Սարգսյանի՝ մեր հերոսի վստահության ձայներն են: Այժմ չկա նա, իր հետ տարել է նաեւ իրեն տրված՝ Ձեզ նախագահ դարձրած մեր ձայները:

Ի՞նչ արեցիք 1998թ. փետրվարից ի վեր: Կազմավորեցիք մի խորհրդարան, որ պատիվ չի բերի ոչ մի աֆրիկյան գաղութի (Դուք նախագահն եք եւ միակ պատասխանատուն նաեւ խորհրդարանի): Չխոսենք, որ հայ ժողովրդին հազարավոր անգնահատելի զոհեր, անասելի խավար, մութ, կիսաքաղցություն, զարգացման հնարավորությունից հրաժարում արժեցած Արցախն ու Հայաստանը գրեթե դատարկեցիք հայությունից (եթե արտագաղթը պատերազմի պատճառով ինչ-որ տեղ բացատրելի էր նախորդ իշխանությունների իշխանավարության առաջին շրջանում, ապա Ձեզ ժառանգված խաղաղության, տնտեսության արդեն դանդաղ աճի, աստիճանական ներգաղթի պայմաններում դա անարդարանալի է): Չխոսենք, որ մինչեւ վերջ կործանեցիք տնտեսությունը, պետության եւ քաղաքացիների արժանապատվությունն ու անվտանգությունը ոտնահարելով` իրականացրիք ԱրմենՏել, Կոնյակի գործարան եւ այլն: Չխոսենք, որ երկու եւ կես տարվա ընթացքում չկատարեցիք Ձեր նախընտրական խոստումներից ոչ մեկը, կրկնում եմ՝ ոչ մեկը: Չխոսենք, որ իշխանությունը, պետությունը վարկաբեկեցիք՝ պլեբեյացնելով այն կոոպերատիվ բուհերի ուսանող նախարարներով, մականունավոր պատգամավորներով, ահաբեկչության աննախադեպ ալիքը կանխելու անկարողությամբ, պալատական էժանագին ինտրիգներով, խեղկատակային դատավարություններով, հովանավորչության ու կաշառակերության ծաղկմամբ:

Մեծարգո նախագահ, Դուք ուժեղ էիք, Դուք կարողունակ էիք, երբ կար Վազգեն Սարգսյանը. այսօր, հուսամ՝ Ձեր կամքին հակառակ, Դուք անկարող եք որեւէ դրական բան անել նախագահի պաշտոնում:

Դուք, ուզուրպացնելով լրատվամիջոցներ, քարոզում եք, թե արեւմտամետ քաղաքական ու պետական գործիչ եք: Այդ դեպքում ինչո՞վ բացատրել, որ ԱՄՆ-ն հատկապես Ձեզ ուղղված խայծ արձակեց՝ մեր մեծագույն ողբերգություն ցեղասպանությունը օգտագործելով: Դուք, որ պետական բացահայտ քաղաքականության մակարդակի բարձրացրիք ցեղասպանության ճանաչման հարցը, դեռեւս ոչ մի անգամ չեք կարողացել որեւէ դրական արդյունք ստանալ դրանից, սակայն բացասականն արդեն ստացանք ամբողջ պետությամբ. վկա Օլբրայթի խոսքը, առանց այն էլ սրված հայ-թուրքական հարաբերությունների մերձճգնաժամային դառնալը: Ինչքա՞ն կարելի է չսովորել. ախր հատկապես Ձեզ՝ մեր պետության առաջնորդին էին ուղղված եւ՛ բարոնուհի Քոկսի, եւ՛ Ֆրանսիայի դեսպանի, եւ՛ Օլբրայթի սթափեցնող խոսքերը: Գոնե ա՛յս ոլորտում մի որդեգրեք ցավալի պարտությամբ ավարտված մեր Առաջին հանրապետության ղեկավարների շարունակվող քաղաքականությունը: Ժամանակին բալանսավորված դառնում էինք Արեւմտյան երկրների կողմից ընդունելի պետական միավոր, իսկ այսօր Արեւմուտքը երես է թեքել Ձեզնից. ավելի պարզ էլ ինչպե՞ս կարող են նրանք Ձեզ բացատրել: Ձեզնից երես է թեքել նաեւ մեր նախկին դաշնակից Ռուսաստանը, որ նախագահի մակարդակով ասում է, թե Հայաստանը յուրահատուկ առավելությունների կարիք չունի, մանավանդ «Ռուսաստանի ռեսուրսների հաշվին», մինչդեռ ժամանակին մեր պետությունն օգտվում էր այդ «յուրահատուկ առավելություններից»: Չե՞ք ընդունում, որ դա ազատ գործելու հուշում էր առաջին հերթին Ալիեւին, որի հետ, ըստ ռուս արտգործնախարարի, ամենօրյա հեռախոսակապի մեջ է իրենց նախագահը. չէ՞ որ դա հասկացավ ամբողջ աշխարհը: Ի՞նչ արեցիք Դուք մեր բնական դաշնակից Իրանի հետ հարաբերությունները. այժմ զրկված ենք նաեւ նրա «յուրահատուկ առավելություններից»: Հայաստանը հայտնվել է միջազգային հարաբերությունների փակուղում:

Մեծարգո նախագահ, պատեհ եւ մանավանդ անպատեհ ցեղասպանության անընդմեջ ճանաչում պահանջելով իրո՞ք կարծում եք, որ կոմպլեմենտար քաղաքականություն եք վարում, եւ աշխարհն էլ, հանուն Ձեր եւ մեր սիրուն աչքերի, պարտավոր է պատժել թուրքերին ու ադրբեջանցինեին: Հիշու՞մ եք, թե ինչ եղավ, երբ Առաջին համաշխարհային պատերազմից հետո աշխարհը պատժեց պատերազմը սանձազերծած Գերմանիային. նա դրանով Գերմանիային մղեց ֆաշիզմի եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի: Կարծու՞մ եք, որ աշխարհը նման մի սխալ էլ թույլ կտա մեր տարածաշրջանում՝ պատժելով մեր հարեւան(ներ)ին, հիմքը դնելով ապագա ավելի դաժան մի հակամարտության: Դա չի լինի, բայց արդյունքում կունենանք այն, ինչ ունեցանք նախորդ դարավերջից երազախաբության տրված գործիչների քաղաքականության արդյունքում:

Ձեր այսպիսի գործունեությունը դուռ է բացում նրանց համար, ովքեր ոգեւորվելով հեռուստատեսային գովազդներից՝ հրապարակային հրավերներ են կարդում դրսեցիներին՝ «ստավկաները» իրենց՝ պսեւդոսոցիալիստների, պսեւդոազգայնականների, պսեւդոլիբերալների վրա դնելու համար: Սա տրամաբանական վախճանն է մանր ինտրիգայնության, գավառականության, համատարած արժեզրկումների ու անբարոյության:

Այս ամենի արդյունքը պիտի լիներ խորհրդարանական գզվռտոցը, որի խայծը Դու՛ք եք գցել: Խորհրդարանական փուչիկ կուսակցություններն ու դաշինքներն օրինաչափորեն պիտի պայթեին,- իսկ ինչու՞ չարագացնել ու չօգտվել,- մտածում եք Դուք ու կիրառում «Բաժանիր, որ տիրես»-ը, թեեւ դա անում են օտարների վրա, ո՛չ սեփական Հայրենիքում: Իսկ խորհրդարանում հավաքվածները, ովքեր քաղաքականությունից պատկերացնում են այնքան, ինչքան երկրորդ դասարանցին մոլեկուլյար ֆիզիկայից, բաժանվում են ու բաժանվում. Ձեր խայծն են կուլ տվել, եւ դա, ցավոք, շատերի կոկորդում է մնալու: Հանգստացրեք նրանց. ասացեք, որ ոչ մի գնով չեք ցրի եւ թույլ չեք տա խորհրդարանին ինքնալուծարվելու, չէ՞ որ Ձեր պարագայում միայն երազել կարելի է նման եզակի հավաքածուի համար. խղճացեք նրանց ու նախապես ասացեք, որ ոչ մի հանրապետական կամ ժողովրդական չի՛ լինելու ԱԺ նախագահ. նրանք դա հասկանալ չեն կարողանում. ասացեք, որ Անդրանիկ Մարգարյանը վերջին հանրապետական վարչապետն է, իսկ հետո «Հանրապետականը» չի լինելու նույնիսկ այնպիսին, ինչպիսին 9 տարի առաջ էր:

Մեծարգո նախագահ, մի՛ թաքցրեք, ասացեք քաղաքացիներին, որ բաժանարարության Ձեր քաղաքականության արդյունքում՝ կռված տղաները վաղը իրար չեն ներելու, որ քաղաքական կուսակցություններն իշխանատենչության մոլուցքից կուրացած՝ երկրում անտանելի անվստահության, ատելության մթնոլորտ են ստեղծելու, որ Հայաստանը նորից հայտնվելու է ցրտի ու խավարի մեջ, որ շուտով Դուք եք կրկնելու նախորդ իշխանության հերոսական ճիգերը՝ հացը մի կերպ ապահովելու համար, բայց Դուք կրկնելու եք խաղաղության մեջ, որ ոչ միայն հերոսություն չի ընկալվելու, այլ արդարանալու տեղ չի լինելու, որ Հայաստանի եւ Արցախի բնակչությունը կիսատվելու պատճառով նոր, հասունացող ճակատամարտ մղելու, առավել եւս՝ նախկինի պես հաղթելու անկարող է դարձել: Մի՛ թաքցրեք, ասացեք քաղաքացիներին, որ Ձեր կողմից «մեկ տղամարդու» թատրոն դարձած, մոսկաների ու փղերի բաժանված մեր երկիրն օրհասական վիճակում է (ի դեպ, համոզված եմ, որ այս կոնտեքստում էլ Դուք եւ Ձեր խոսափողերը նայելու եք մեր այս բարի ցանկություն - բաց նամակին. Աստված մեզ դատավոր, մենք՝ որ ասացինք, Դուք՝ որ հերթական անգամ չարացաք):

Մեծարգո նախագահ, Դուք ծանր կացության մեջ եք, քանի որ պատմությունը չի գնահատելու այն հերոսականը, որ Դուք արել եք մինչեւ ՀՀ վարչապետ ու նախագահ դառնալը: Որպես քաղաքացի մեզ համար շատ թանկ է այն պոստը, որ Դուք եք զբաղեցնում, որպես հայ մեզ համար շատ թանկ է Ձեր մինչհայաստանյան բարի համարումը. մի՛ ոչնչացրեք դրանք, հեռացեք՝ մինչեւ վերջնական վարկաբեկումը, մինչեւ անդունդի մեջ Հայաստանի վերջնական հայտնվելը: Որպես քաղաքացի եւ որպես պահպանողական հերթական անգամ պահանջում ենք՝ հեռացե՛ք, որպես ազգակից հերթական անգամ խնդրում ենք՝ հեռացե՛ք: Հեռացե՛ք, քանի ուշ չէ, քանի դեռ հնարավոր է մասնակի արժանապատվությամբ հեռանալ, քանի դեռ մեր եւ Ձեր սիրելի Հայրենիքը վերջնականապես չեք կործանել: Այդ հարցում մենք Ձեր ամենաանդավաճան զորակիցն ենք:

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ

«Երեւանյան օրեր», 2000թ., հոկտեմբերի 3-12, թիվ 4(34)

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.