ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

ՆԵՈԼԻԲԵՐԱԼԻԶՄ ԵՎ ՆԵՈԿՈՆՍԵՐՎԱՏԻԶՄ

Նեոլիբերալիզմը (նոր ազատականություն) դասական ազատականության արժեքների շարքում (ազատ մրցակցություն, մասնավոր տնտեսվարություն ու ժողովրդավարություն) ընդգծում է պետության որոշակի միջամտության կարեւորությունը, որը կոչված է ինքնադրսեւորման բարենպաստ պայմաններ ստեղծելուն, իսկ այդ դրույթը դասական պահպանողականության արժեքային համակարգից է:


ՆԵՈԼԻԲԵՐԱԼԻԶՄ ԵՎ ՆԵՈԿՈՆՍԵՐՎԱՏԻԶՄ

Նեոլիբերալիզմը (նոր ազատականություն) դասական ազատականության արժեքների շարքում (ազատ մրցակցություն, մասնավոր տնտեսվարություն ու ժողովրդավարություն) ընդգծում է պետության որոշակի միջամտության կարեւորությունը, որը կոչված է ինքնադրսեւորման բարենպաստ պայմաններ ստեղծելուն, իսկ այդ դրույթը դասական պահպանողականության արժեքային համակարգից է: Նեոլիբերալիզմը ծագել է 20-րդ դարի 2-րդ կեսին: Քաղաքական արժեքներն են՝ հակաամբողջատիրությունը եւ անհատի իրավունքների պաշտպանությունը: Նեոլիբերալիզմի քաղաքական ծրագրերի հիմքում ընկած են կառավարողների եւ կառավարվողների կոնսեսուսի գաղափարը, քաղաքական գործընթացներում զանգվածների մասնակցության անհրաժեշտությունը: Գործնական քաղաքականության մեջ, որպես կանոն, նեոլիբերալիզմը հակված է դեպի պետական իշխանության իրականացման եւ կազմակերպման բազմակարծության ձեւերը: Ժամանակակից աշխարհում նեոլիբերալիզմը որդեգրել է պահպանողականությանը հատուկ հեղափոխականության ցանկացած դրսեւորման մերժումը:

Ինչպես նեոլիբերալիզմն է դասական լիբերալիզմի զարգացման նոր, ավելի էվոլյուցիոն, մի փոքր ավելի պահպանողականացված մակարդակը, այնպես էլ նեոկոնսերվատիզմն է դասական պահպանողականության զարգացման նոր, ավելի էվոլյուցիոն, մի փոքր ավելի ազատականացված մակարդակը: Պատահական չէ, որ ժամանակակից առաջավոր աշխարհում այլեւս գործառվում են ոչ թե լիբերալիզմի եւ կոնսերվատիզմի դասական մակարդակները, այլ լիբերալ-կոնսերվատիզմը: Նախկին եռընտրանքը՝ կոնսերվատիզմ, լիբերալիզմ եւ սոցիալիզմ, այսօր ձեւակերպվում է որպես երկընտրանք՝ սոցիալիզմ եւ լիբերալ-կոնսերվատիզմ:

«Արդյունաբերական հասարակության» կոնսերվատիզմը «հետարդյունաբերական, տեղեկատվական հասարակության» մեջ դրսեւորվեց որպես նեոկոնսերվատիզմ: Տնտեսական ոլորտում նեոկոնսերվատորները դիմեցին լիբերալ այնպիսի դասական արժեքների, ինչպիսին են շուկայական տնտեսությունը, պետության միջամտության կանխորոշված կրճատումը: Ի հակակշիռ դասական լիբերալիզմի «համընդհանուր բարօրության պետության» գաղափարի՝ նեոկոնսերվատորները մշակեցին «իրավական, սոցիալական պետություն» կոնցեպցիան, որը որդեգրեց նաեւ նեոլիբերալիզմը: Նեոպահպանողականները հանդես են գալիս ամուր պետության կողմում, որը նախ եւ առաջ ընկալվում է որպես հասարակական կարգն ու կայունությունն ապահովող պաշտպանական ինստիտուտ: Նեոպահպանողականության մեջ օրգանապես միահյուսվում են երկու միտում՝ դասական լիբերալիզմից եկող հարգանքը առանձին անհատի ազատության հանդեպ եւ պահպանողականների համար ավանդական այնպիսի արժեքների պաշտպանությունը, ինչպիսիք են հավատքը, ընտանիքը, օրենքը, կարգուկանոնը, բարոյականությունը, մայրենի լեզուն, ազգային մշակույթը:

Հետեւելով ԱՄՆ-ի եւ Արեւմտյան Եվրոպայի օրինակին՝ նեոկոնսերվատիվ (լիբերալ-կոնսերվատիվ) քաղաքականություն են վարում այսօր Լեհաստանը եւ Արեւելյան Եվրոպայի նախկին սոցերկրները:

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ

«Երեւանյան օրեր», 2000թ., սեպտեմբերի 15-28

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.