ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

ԴԱՍԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պահպանողականությունը քաղաքական-գաղափարախոսական հոսանք է: Այդ տերմինը (conservatisme – լատիներեն՝ պահել, պահպանել, հոգալ պահպանման համար) առաջին անգամ օգտագործել է ֆրանսիացի գրող Շատոբրիանը, որը 1818թ. հրատարակեց «Կոնսերվատոր» հանդեսը:


ԴԱՍԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պահպանողականությունը քաղաքական-գաղափարախոսական հոսանք է: Այդ տերմինը (conservatisme – լատիներեն՝ պահել, պահպանել, հոգալ պահպանման համար) առաջին անգամ օգտագործել է ֆրանսիացի գրող Շատոբրիանը, որը 1818թ. հրատարակեց «Կոնսերվատոր» հանդեսը: Դասական պահպանողականության հայր է համարվում անգլիացի փիլիսոփա, հրապարակախոս, քաղաքական գործիչ Բերկը: 1790-ին նա հրատարակեց պահպանողական հիմնադրույթներն իր մեջ ունեցող «Մտորումներ ֆրանսիական հեղափոխության շուրջ» աշխատությունը: Պահպանողական գաղափարախոսության եւ քաղաքականության շնորհիվ Մեծ Բրիտանիան այսօր աշխարհի առաջատարներից է: Զարգացման այդ ուղին են որդեգրել ամբողջ Եվրոպան, ԱՄՆ-ն, այդ ճանապարհին է դառնում Ռուսաստանը:

Դասական պահպանողականության հիմնական դրույթները

Ա. Մարդը կարող է անսահմանորեն զարգանալ, բայց ի սկզբանե անփոփոխ է նրա էությունը:

Բ. Պետք է պահպանել այն ավանդույթները, որոնք խորթ չեն մարդկային էությանը: Հասարակական ցանկացած փոփոխություն պետք է ներդրվի աստիճանաբար, ընտրողաբար, մտածված: «Այն, ինչ կարելի է չփոխել, անհրաժեշտ չէ փոխել»:

Գ. Բարոյականության եւ սեփականության իրավունքները սրբազան են եւ տրված են ի վերուստ:

Դ. Պահպանողական քաղաքական գործչի ամբողջ գործունեությունը գնահատվում է միայն ապագայում լինելիք հետեւանքներով եւ ոչ երբեք ժամանակավոր առավելություններով ու ժողովրդականությամբ:

Ե. Սոցիալական ինստիտուտների ու կացութաձեւերի բազմազանությունը ձեւավորվել է երկարատեւ ժամանակի ընթացքում եւ օրինաչափորեն. եւ արգելվում է հեղափոխական ցնցումներով ամեն ինչ տակնուվրա անելը:

Զ. Բոլոր մարդիկ հավասար չեն, ուստի անարդար է նրանց բռնի հավասարեցումը: Միակ հավասարությունը, որ կա եւ պարտադիր է, դա հավասարությունն է Աստծո եւ օրենքների առջեւ:

Է. Մղումը դեպի ուտոպիան՝ միշտ ավարտվում է համակործանմամբ, ուստի անհրաժեշտ է ձգտել ընդունելի հասարակական կարգի, արդարության եւ ազատությունների՝ բարելավելով եւ պահպանելով այդ կարգը բանական ռեֆորմներով:

Ը. Մարդկային բազմաբղետության արդյունքը մասնավոր սեփականությունն է, առանց որի չի կարող լինել ազատություն, իսկ հասարակությունը կդատապարտվի մահվան:

Թ. Կատարյալ եւ քարացած մարդկային հասարակություն հնարավոր չէ կառուցել, քանի որ մարդն ինքը, ըստ քրիստոնեական պատկերացումների, կատարյալ չէ, ուստի պետք է ձգտել հնարավորինս շատ շերտերի համար առավել ընդունելի ձեւերի եւ փորձել անընդհատ բարելավել այն:

Ժ. Չարի արմատները ոչ թե վերացականորեն մարդկային ինչ-որ խմբավորումների, սոցիալական ինստիտուտների մեջ են, այլ բուն անհատի, իսկ ինստիտուտներից բարձրագույնը պետությունն է, եւ միայն «Պետությունն է գիտակցում, թե որն է հասարակական բարիքը, եւ միշտ պետությունն է ունակ իրականացնել այն»:

ԺԱ. Կա կանխավարկած՝ հօգուտ ցանկացած փորձարկված կառավարման համակարգի, ուստի չար եւ հեղափոխական ճանապարհով եղած չարը հեռացնելը կբերի ավելի մեծ չարիքի. միակ ճանապարհը աստիճանական բարեփոխումն է:

ԺԲ. Պահպանողականության համար առանցքային արժեքներ են Աստված, Պետություն, Հայրենիք, համայնք, մայրենի լեզուն:

19-20-րդ դարագլխին պահպանողականությունը, հենվելով իր վերոնշյալ գաղափարական հիմնադրույթների վրա, առավել խորացրեց ինդիվիդուալիզմի, ազատ շուկայի եւ մրցակցության սկզբունքները, որով եւ ավելի մեծացավ դասական ազատականության (լիբերալիզմի) հետ շփման ընդհանուր տիրույթը՝ հիմք հանդիսանալով հետագայում հաղթարշավող նեոկոնսերվատիզմի (նոր պահպանողականություն) համար:

Պատրաստեց ՎԱՐԴԱՆ ՋԱԼՈՅԱՆԸ

«Երեւանյան օրեր», 2000թ., սեպտեմբերի 15-28

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.