ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԼՌՈՒՄ Է

Յուրաքանչյուր ժողովրդի առջեւ ծառացած է ինքնաճանաչման խնդիրը, որը ձեւավորում է ազգային ինքնագիտակցությունն ու հուշում ժողովրդի ստեղծագործական ջանքերի ուղղությունը: Այս դերը ժողովուրդը թողնում է իր մտավորականներին: Վերջինս, ըստ էության, ժողովրդի ավանգարդն է:


ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԼՌՈՒՄ Է

Յուրաքանչյուր ժողովրդի առջեւ ծառացած է ինքնաճանաչման խնդիրը, որը ձեւավորում է ազգային ինքնագիտակցությունն ու հուշում ժողովրդի ստեղծագործական ջանքերի ուղղությունը: Այս դերը ժողովուրդը թողնում է իր մտավորականներին: Վերջինս, ըստ էության, ժողովրդի ավանգարդն է: Եթե մտավորականը օտարանում է իր ժողովրդից, ապրում է ոչ ազգային արժեքներով (պետություն, նյութական եւ հոգեւոր մշակութային արժեքներ), ապա վտանգի տակ է դնում իր ժողովրդի ներկան՝ ստիպելով նրան ապրել միայն անցյալով, իսկ միայն անցյալով ապրող ժողովուրդները դատապարտված են ֆիզիկական չգոյության: Ազգերի կործանման մեջ գլխավոր մեղավորները նրա մտավորականներն են, որոնք փորձության ժամանակ հանցավոր կերպով լռում են: Այդպիսինը մտավորական կոչվելու իրավունքը չունի, որքան էլ գիտական կոչումներ ունենա: Մտածել՝ դեռ չի նշանակում մտավորական լինել: Ո՞վ պետք է առաջինն իր վրա վերցնի ազգի եւ ազգայինի դեմ ուղղված հարվածը, եթե ոչ մտավորականը: Իսկ եթե հարվածը նրա դեմ չէ, ուրեմն նա որպես ազգային-պետական մտավորական գոյություն չունի:

Դարերով երազած հայկական պետականությունն այսօր օտարված է իր ժողովրդից: Ո՞վ է մեղավոր: Իհարկե այսօրվա լռող կամ շատ խոսող, բայց ոչինչ չասող մտավորական կոչվածը: Այսօրվա մեր հաղթած պատերազմը ժողովրդական էր, ոչ թե ազգային-ազատագրական, որովհետեւ մտավորականությունը պատերազմին մասնակցություն չունեցավ կամ գրեթե չունեցավ, թեեւ այդ պատերազմը ազգային խնդիրներ պետք է լուծեր, որոնք միայն զենքով չեն լուծվում. նախ գիտակցության մեջ, ժողովրդի հոգում, պետական օղակներում, հետո նոր միայն պատերազմում: Հակառակ դեպքում, նույնիսկ արյան գնով հաղթած պատերազմը հարցականի տակ է դրվում. արդյո՞ք հաղթանակ է, թե՞ ոչ: Առաջին հերթին ժողովուրդը պետք է հաղթանակից օգտվի: Հաղթել՝ նշանակում է շահել բարեկեցիկ կյանքի իրավունք: Իսկ ու՞ր կորավ մեր բարեկեցությունը, ու՞ր կորավ մեր հաղթանակը:

Դու՛, ո՛վ հայ մտավորական, իրավունք չունես լռելու: Այո՛, ամեն ինչում մեղադրում եմ քեզ, որովհետեւ Աստված քեզ տվեց ունկ, հոտոտելիք ու սրատես աչք, ավելին քան որեւէ մեկին, եւ դու էլ պատասխան պիտի տաս այսօրվա մեր բարոյալքված եւ ապականված իրականության համար: Ի՞նչ պատասխան պիտի տաս: Եթե ոչ քո ժողովրդի առաջ, որից ճարպկորեն խուսափում ես, ապա գոնե քո խղճի ու Աստծո առջեւ, որից արդեն չես կարող խուսափել: Մտավորականը պետք է իրեն պահի Դանկոյի պես՝ այրելով իր սիրտը մինչեւ մոխրացում, հանի իր ժողովրդին խավարից: Իսկ դու խավարասերի նման խավարում նստած քեզ լավ ես զգում: Միամիտ ժողովրդին մեղադրում ես, որ ստեղծել է բարոյալքված, անձեւ մի հասարակություն. դպրոցականները թափառական ու մուրացկան են դարձել, շրջանավարտներն անգրագետ են ու հոռի, երիտասարդները կորցրել են իրենց դեմքը: Ստում ես, դու՛ ես մեղավոր: Շուտով ողջ հայ ժողովուրդն անդեմ կդառնա, եթե դու շարունակես անբարոյականորեն լռել: Այսօր չեմ տեսնում քեզ ո՛չ պետության կողքին, ո՛չ ժողովրդի (թեեւ պետության առկայության դեպքում բաժանումն այսպիսին չպիտի լիներ): Մտավորականը պետք է սարսռա, որ կորցնում է իր կոչումը՝ որպես ազգի մտավորական, որը կենսաբանական մահից էլ վատ է ու սարսափելի: Չես պայքարում նույնիսկ քո գոյության համար ու թուլակամորեն մահանում ես՝ անդունդը տանելով նաեւ քո ստեղծագործ ազգին: Իմացի՛ր, մարդկայնորեն ամենալավ բաները ինչ կա քո մեջ, քո ժողովրդից է, որը ժառանգել ես, որպեսզի ի սպաս դնես հայրենիքիդ մատուցվելիք քո ծառայության մեջ:

Բարոյականի, բարոյականության ու առաքինությունների մասին խոսելը ոչինչ արժե, եթե այդպես ոչ ոք չի ապրում: Հիշի՛ր, եւ դա ճիշտ է՝ «Ապագան վտանգված ժողովուրդների վերջին եւ միակ փրկությունը վերադաստիարակությունն է»: Յուրաքանչյուր ժողովրդի վերադաստիարակությունը սկսվում է նրա մտավորականներից: Իսկ մեր այսօրվա հայ մտավորականը ինքնաքննելու, ինքնաճանաչելու եւ ինքնադաստիարակելու փոխարեն անդաստիարակաբար լռում է:

Ժողովուրդը միգուցե մի վերջին հույսով սպասում է վճռական խոսքիդ: Գուցե խոսես, ո՞վ գիտե…

ՄԿՐՏԻՉ ՏՈՆՈՅԱՆ

«Երեւանյան օրեր», 2000թ., օգոստոսի 15-28

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.