ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

ԱՇԽԱՏԻՐ ԱՐԵՎՄՈՒՏՔՈՒՄ, ԱՊՐԻՐ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Արեւմուտքում եւ Ռուսաստանում մարդիկ շատ հաճախ աշխատում են իրենց բնակավայրերից բավական հեռու՝ օրական մի քանի ժամ անցկացնելով ավտոբուսներում, մետրոյում, միջքաղաքային գնացքներում:


ԱՇԽԱՏԻՐ ԱՐԵՎՄՈՒՏՔՈՒՄ, ԱՊՐԻՐ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Արեւմուտքում եւ Ռուսաստանում մարդիկ շատ հաճախ աշխատում են իրենց բնակավայրերից բավական հեռու՝ օրական մի քանի ժամ անցկացնելով ավտոբուսներում, մետրոյում, միջքաղաքային գնացքներում: Հայաստանում, երկրի փոքր չափերի շնորհիվ, նման խնդիր չկա: «Գործի» է անցնում հեռավոր տրանսպորտը՝ օժանդակելով արտագաղթին:

Իրադրությունը կարող է էապես փոխվել հեռակոմունիկացիաների եւ, այսպես կոչված՝ հեռաաշխատանքի զարգացման հետ: Վերջինիս էությունն այն է, որ մարդը, դուրս չգալով իր երկրից, քաղաքից, անգամ՝ տանից, որոշակի աշխատանք է կատարում՝ արդյունքները ինտերնետի միջոցով փոխանցելով պատվիրատուին: Պատվիրատուն էլ իր հերթին, կատարված աշխատանքի վճարը փոխանցում է բանկային համակարգի օգնությամբ: Արդեն այսօր շուրջ 20 մլն ամերիկացիներ եւ 4 մլն եվրոպացիներ զբաղված են հեռաաշխատանքով:

Արեւմուտքում սկսել են լրջորեն մտածել նոր ոլորտի զարգացմանն օժանդակելու եւ կանոնակարգելու մասին: Միացյալ Նահանգներում եւ Եվրամիության երկրներում ընդունվում են օրենքներ, կատարվում են հետազոտություններ, սկզբնական գումարներ են տրվում «առտնին» բիզնեսի համար:

Բնականաբար, հարց է առաջանում, ի՞նչ կարգի աշխատանք կարելի է կատարել ինտերնետի միջոցով: Առաջինը, ինչ անցնում է մտքովդ, ծրագրավորումն է: Շատ ծրագրավորողներ են փորձում ինտերնետում վաճառել իրենց գրած ծրագրերը: Ոմանք էլ օտարերկրյա ընկերությունների հետ են փորձում աշխատել:

Տարածում գտած ոլորտներից է թարգմանությունը: Մի շարք կազմակերպություններ փող են վճարում առեւտրին օժանդակելու համար: Կարելի է զբաղվել մեխանիկական սարքերի նախագծմամբ, էլեկտրոնային սխեմաների մշակմամբ, դիզայնով, ճարտարապետությամբ, խորհրդատվություններով (սկսած առողջապահությունից՝ մինչեւ համակարգիչներ): Կարելի է հավաքել նաեւ կոմերցիոն տեղեկատվություն, պատվերով երաժշտություն գրել եւ այլն:

Հեռաաշխատանքի զարգացումն ունի նաեւ սոցիալական լարվածությունը մեղմելու հեռանկար: Սահմանափակ շարժունակությամբ հաշմանդամներին, օրինակ, կարելի է աշխատելու հնարավորություն տալ՝ նրանց վերադարձնելով անհրաժեշտ ինքնավստահություն եւ հասարակության լիարժեք անդամի զգացողություն: Շնորհիվ ինտերնետի՝ ոչ մի նշանակություն չունի, թե որտեղ է կատարվում աշխատանքը՝ Մեղրի քաղաքում, թե Բոստոնում:

Սակայն փաստը մնում է փաստ, որ Հայաստանում գործը տեղից չի շարժվում: Հեռակոմունիկացիաների զարգացումը (իսկ այդ ոլորտի զարգացումը հեռաաշխատանքի ընդլայնման նախապայմանն է) հակամենաշնորհային քաղաքականության իսպառ բացակայության հետեւանքով «հետաձգվել» է առնվազն դեռ էլի տասը տարով: Սա նույնպես առանձին խոսակցության թեմա է:

Արեւմտյան երկրների մեծ մասում գոյություն ունեն համապատասխան օրենքներ, որոնք տեղական ընկերություններին արգելում են աշխատանքի վերցնել օտարերկրացիների՝ առանց հիմնավորելու, որ օտարերկրացին հանդիսանում է բացառիկ մասնագետ, որ՝ նման այլ մասնագետ երկիրը չունի:

Այդ սահմանափակումն ինչ-որ իմաստով վերաբերում է նաեւ հեռաաշխատանքին: Նման դեպքում իրավիճակից կարելի է դուրս գալ, ասենք՝ իրավաբանական անձ հանդիսացող կազմակերպությունների միջոցով: Այդ նույն արեւմտյան օրենքները չեն արգելում օգտվել օտարերկրյա ընկերությունների ծառայություններից: Խոսքն ամենեւին էլ մի քանի էնտուզիաստների կողմից ստեղծված հերթական ՍՊԸ-ի մասին չէ, այլ ընկերության, որը նախ պատվիրատու կգտնի, պայմանագիր կկնքի, աշխատանքի կվերցնի կառավարիչ (անհրաժեշտության դեպքում նաեւ թարգմանիչ), որը ծանոթ կլինի արեւմտյան գործավարության հիմունքներին: Կարճ ասած, խոսքը լուրջ եւ մտածված ներդրումների, պետական քաղաքականության մասին է, որն իր մեջ պետք է ներառի հեռաաշխատանքի ոլորտի իրավական կարգավորման խնդիրը, ինչպես նաեւ՝ Արեւմուտքում այդ ոլորտում զբաղված ՀՀ քաղաքացիների շահերի պաշտպանությունը:

Իմ խորին համոզմամբ, հեռաաշխատանքն ապագա ունի, քանի որ ցանկացած մտավոր աշխատանք կարելի է կատարել հեռավորության վրա, իսկ էլեկտրոնների տեղաշարժումը շատ ավելի արագ է ու էժան, քան՝ մարդկանց տեղաշարժը:

Ինչ խոսք, կարելի է անվերջ երազել, որ մեր մասնագետներն աշխատեն բացառապես ՀՀ հզորացման եւ բարգավաճման համար: Սակայն, այլ է իրականությունը: Մեր քաղաքացիները, որպես կանոն, աշխատանք որոնում են հեռուներում, քանի որ տեղում լավ վարձատրվող աշխատանք ընդհանրապես չկա: Այնպես որ, ընտրությունը մեծ չէ. կա՛մ պետք է սկսել լուրջ վերաբերվել այն հանգամանքին, որ մեր քաղաքացիները հնարավորություն ունեն ստանալ արեւմտյան աշխատավարձ՝ շարունակելով բնակվել իրենց հայրենիքում եւ զգալ իրենց պետության հովանավորությունն ու օժանդակությունը, կամ շարունակել հայտնի կենդանու ականջում քնած մնալ եւ դարձյալ ուշանալ:

ԶԱՎԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Երեւանյան օրեր», 2000թ., օգոստոսի 15-28

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.