ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

ՎԵՐՋԱՊԵՍ Ո՞ ՏԱՅՐ ԶԱՌԱՎՏՆ ՆԱՎԱՍԱՐԴԻ

12 տարի առաջ Աստված բառը Խորհրդային Հայաստանում գրվում էր փոքրատառով, ու թեեւ գիտական գրականության մեջ սիրում էինք կրկնել, որ օտարները Աստվածաշնչի, մասնավորապես «Տերունական աղոթքի» գրաբարյան թարգմանությունն անվանել են թարգմանությունների թագուհի, բայց...


ՎԵՐՋԱՊԵՍ Ո՞ ՏԱՅՐ ԶԱՌԱՎՏՆ ՆԱՎԱՍԱՐԴԻ

12 տարի առաջ Աստված բառը Խորհրդային Հայաստանում գրվում էր փոքրատառով, ու թեեւ գիտական գրականության մեջ սիրում էինք կրկնել, որ օտարները Աստվածաշնչի, մասնավորապես «Տերունական աղոթքի» գրաբարյան թարգմանությունն անվանել են թարգմանությունների թագուհի, բայց այսօր խառնում ենք գիտականը քաղաքականի, նպատակահարմարի ու հոգեւորի հետ, եւ այնպես ենք խառնում, որ սատանան էլ գլուխ չի հանի:

1988-ից, երբ սկսվեց համազգային շարժումը, դպրոցներում ոմանք աշակերտներին հանձնարարեցին անգիր սովորել թարգմանական այդ գոհարը, որը ոչ միայն գեղարվեստական, այլեւ հոգեւոր արժեք ունի: Տարիների ընթացքում Մայր եկեղեցին լավ կամ վատ վերապատրաստեց բազում մանկավարժների, որոնք լծվեցին քրիստոնեական դաստիարակության 70-ամյա բացն ուսումնական հաստատություններում լրացնելուն: Սակայն, ինչպես ամենուր, այնպես էլ այս ոլորտում ընկալումը եղավ գավառական, եղավ ժամանակակից կատեգորիաները, մասնավորապես մարդու եւ խղճի ազատությունները չհարգելով ու չհասկանալով: Այդպես էլ չհասկացվեց, որ քրիստոնեական լավագույն դաստիարակությունը ոչ թե Աստվածաշնչից հատվածներ ներկայացնելն է, այլ առաջին հերթին՝ քրիստոնեաբար աշխարհին նայելը, կաշառք չվերցնելն ու չտալը, Աստծո տված Հայրենիքը չուրանալը…

Պետության կողմից պատասխան չտրվեց, թե մենք աշխարհի՞կ, թե՞ հոգեւոր հանրակրթություն ունենք: Արդյունքում ստացվեց մի խառնիճաղանջություն, որն ամենեւին չի կարող մրցունակ լինել օրավուր տարածվող աղանդների կողքին: Բացի այս, կրթական համակարգը սեփականաշնորհած անդրջրհեղեղյան բրածոների համար չափազանց հեշտ դարձավ Աստվածաշնչից օրինակներ բերելը, «Տերունական աղոթքը» որպես իրոք թարգմանական նվաճում ներկայացնելը համարել կրոնախեւություն, օրինախախտում եւ այլն, իսկ երբեմն էլ՝ աթեիզմի դասախոսությունները կրոնի դասընթացի վերածելը:

Պետության կողմից պատասխան չտրվեց, թե կրթական համակարգը պարտավորություններ ունի՞ բացի գիտելիք տալուց նաեւ քաղաքացի դաստիարակելու հարցում: Եթե Եկեղեցին իր Ատովմյաններով ու Ղեւոնդյաններով մտնի դպրոց, ավելի շատ ապագա դասալի՞ք կունենանք, թե՞ զինվոր: Եթե Եկեղեցին իր Ավետարանով չմտնի դպրոց, ավելի շատ զուտ բանակից խուսափելու համար կաշառատու ասպիրանտ դարձողնե՞ր կունենանք, թե՞ ճշմարիտ գիտնական:

Եկեղեցու եւ պետության կողմից միասնական պատասխան չի տրվում՝ Պռոշյանի եւ ուրիշ շատերի գրականությամբ բերվող արժեքնե՞րն են, ասենք, այսօրվա քաղաքացի բժշկին կամ քիմիկոսին ավելի անհրաժեշտ, թե՞ Սարոյանի, Հեմինգուեյի կամ Քամյուի համակարգերը: Նույն քաղաքացի բժշկին ու քիմիկոսին ավելի շատ հայերենի հոլովական համակարգերը, Նալբանդյանի ու Աբովյանի հայրենասիրությու՞նն իմանալն է ավելի անհրաժեշտ, թե՞ մայրենի, պետական լեզվով գրագետ դիմում գրել կարողանալը: Հայրենասիրություն ասվածն ավելի շուտ գործնակա՞ն, թե՞ երազային, ճոռոմաբան ու արխաիկ երեւույթ է:

Իհարկե, այսօր ունենք եւ՛ Գեւորգյան, եւ՛ Վազգենյան ու այլ ճեմարաններ, ունենք դասատուների մի խմբաքանակ, որ հոգեւոր թեմաներով խոսելու ու դասավանդելու՝ Եկեղեցուց ստացված արտոնագրեր ունի, բայց, չգիտես ինչու, փոխանակ նրանք հաջողություններ ունենան, կրոնական տարբեր համայնքների ոչ մի կրթություն չունեցող քարոզիչներն են հաղթարշավում. մի՞թե դարձյալ ժողովուրդն է մեղավոր: Սովորույթի ուժի համաձայն՝ մեր բոլոր դժբախտություններում բոլորն են մեղավոր, բացի մեզնից: Այս ջայլամությանն ազատության մեջ գոյող ջայլամն անգամ կնախանձեր:

Աշխարհն այսօր մտնում է 21-րդ դար, մինչդեռ մենք դեգերում ենք վաղ միջնադարի մատույցներում: Թե որքան կհանդուրժի աշխարհը մեզ իր ետեւից քարշ տալը, իր ոտքերից կախված՝ իր ընթացքը խոչընդոտելը, եթե մեզնից չի կախված, ապա կախված է աշխարհի՝ պորտաբույծներ վարկավորելու, մարդասիրական օգնություններով կերակրելու համբերության բաժակի չափից: Ո¯ տայր զառավոտն Նավասարդի, եթե հակված ենք այն դիմավորել աշխարհի ցանկացած անկյունում, բայց ո՛չ երբեք Հայաստանում, էլ ուր մնաց թե գաղթականական երգերում գովերգված հայկական հող Սասուն-Մուշ-Վանում, որոնց այսօր մի հերոսական պոռթկմամբ ավելացվել են Քելբաջարն ու Հայաստանից ավելի դատարկ այլ տարածքներ:

Մեր մայր Եկեղեցին վճռական խոսք ասելու առաքելություն ու պարտավորություն ունի. ի՞նքն է ասելու, թե՞ թողնելու է, որ Սուրբ տարածքն ուրիշները լցնեն: Եվ այսպես, հումանիտար օգնությամբ ճոխ մեր ազգային սեղանի մոտ գոնե քաղցելու՞ ենք՝ վեհ խոսքի կարոտ, թե Իսահակյանը չափից ավելի մեծ կարծիքի է եղել մեր ունակությունների ու հակումների մասին: Այսօր ո՛չ պետությունն է ասում, ո՛չ Եկեղեցին. ծով է հայի համբերությունը, բայց ծովերն էլ ափեր ունեն:

ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ

«Երեւանյան օրեր», 2000թ., օգոստոսի 15-28

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.