ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԱՐԲԵՐԱԿԸ

Ասում են, թե աշխարհի տիրակալներն ու նրանց վասալները մեկ էլ հավաքված են եղել համաշխարհային ջրհեղեղից առաջ, Բաբելոնում: Այսօր մարդկությունը կանգնած է նոր լուծումների առջեւ, թեեւ որքան էլ նոր լինեն ակնկալիքները, մեծ առումով երբեք եւ ոչինչ չի լինում, որ չպիտի լինի:


ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԱՐԲԵՐԱԿԸ

Ասում են, թե աշխարհի տիրակալներն ու նրանց վասալները մեկ էլ հավաքված են եղել համաշխարհային ջրհեղեղից առաջ, Բաբելոնում: Այսօր մարդկությունը կանգնած է նոր լուծումների առջեւ, թեեւ որքան էլ նոր լինեն ակնկալիքները, մեծ առումով երբեք եւ ոչինչ չի լինում, որ չպիտի լինի: Հավաքվեցին ղեկավարները, ապա ցրվեցին տները:

Այս անգամ Հայաստանը ներկայացրեց (եթե ուշադրություն դարձնող եղավ) Ռոբերտ Քոչարյանը: Նա դարձյալ հպարտորեն խոսեց մեր ցեղասպանված լինելու մասին: Հավուր պատշաճի մեր պետությանը տրված խոսքի ժամանակը պարապ չմնաց, լցվեց: Լցվեց մեր չմարող ցավով. Իգոր Մուրադյանը ողջունեց այդ: Ամերիկան հնդկացիների փոխարեն եվրոպացիներով ու աֆրիկացիներով լցրած ԱՄՆ-ն, Քյոնիքսբերգից մինչեւ Օխոտի ծով տեղաբնիկների փոխարեն ռուսներով ու ռուսացածներով լցրած Ռուսաստանը, վեց միլիոն հրեա կոտորած Գերմանիան, բազում պատերազմներ սկսած ու ավերներ սփռած Եվրոպան ու Ասիան, կարծես թե, ոչ մի մկան իրենց դեմքին չշարժեցին: Բայց հո Քոչարյանն ասաց, «թքնեց մարդկային արդարության ճակատին»: Իսկ բարեկիրթ մյուս նախագահները չհանդգնեցին որպես «նվնվոց» որակել դա, այլապես կզգային այս անգամ ոչ թղթե մեր շերեփի ծանրությունը:

Այդ ընթացքում Հայաստանը մի քիչ էլ դատարկվեց այն տեսակից, որ դարասկզբին թուրքերի կողմից ոչնչացմամբ դատարկելու համար մեր նախագահն ասելիք ունի այսօր: Այդ ընթացքում մեր պաշտպանության նախարարը հարցազրույց տվեց ու սպառնաց, թե կարեւոր գործն արված է՝ տարածքները մեր հսկողության տակ են՝ ջհանդամը, թե վրան ապրող չկա. նա շատ ժամանակակից կատարեց «Ստամբուլը պիտի դառնա արյան ծով» հարյուրամյա երգը: Գուցե դարագլխի մարգարեների պես մարգարեացավ. իրոք, այն ժամանակ էլ Ստամբուլը (իմա՝ Օսմանյան կայսրությունը) դարձավ արյան ծով, պարզապես հայի՛ արյան, որի ավիշն անխնա շահագործում ենք այսօր՝ սկսած գագաթաժողովներից, վերջացրած պոեզիայով, երաժշտությամբ ու հարսանիքների կենացներով:

Գագաթաժողովում մեր խելոք նախագահը հերթական անգամ հանդիպեց Ալիեւին, որին այդքան ժամանակ չէր կարողանում մոտիկից տեսնել մինչեւ Ղարաբաղյան շարժումը. քիչ նվաճում չէ, բայց անձնական: Թե ինչ խոսեցին նրանք այս անգամ, եթե խոսեցին, չգիտի անգամ վեց հոգի. իրենք ու իրենց Աստված: Մեր նախագահը, կարծեք թե, հիասթափվել է Ալիեւից. արդեն Երեւանի օդանավակայանում ասաց, որ ոչինչ էլ չորոշեցին: Ալիեւ-Քոչարյան 100-րդ հանդիպման ընթացքում Հայաստանում ու Ղարաբաղում տեսնես 100 հազար հայ մնացած կլիլինի՞: Քաջության, տղամարդկության դեֆիցիտը պարզապես խեղդում է մեր նախագահին, թե չէ օրերից մի օր ՄԱԿ-ում ունեցած ցեղասպանության իր ելույթների հանդգնությամբ կասեր, որ իր գերխնդիրը Ղարաբաղի հարցի լուծման ձգձգումն է՝ թեկուզ Ղարաբաղի ու Հայաստանի իսպառ դատարկման գնով («Կործանվեցավ Ծապլվարը, բայց հաղթեց գաղափարը»), կասեր, որ իր փաթեթայինին Ալիեւն ու Թուրքիան էլ պիտի որ դեմ չլինեն, պիտի որ դեմ չլինի նաեւ միջազգային հանրությունը, այսինքն՝ ինքը գտել եւ հետեւողականորեն իրականացնում է Ղարաբաղի հարցի «լուծման» համընդհանուր, բոլոր կողմերի համար ընդունելի տարբերակը: Այդ տարբերակը պիտի որ չբավարարի միայն ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի հայերին. դա էլ՝ ոչինչ, Ձայն բազմաց՝ ձայն Աստծո:

Երկիրն օրհասական վիճակում է, ուստի որեւէ մեկը չի կարող մեղադրել մեր նախագահին իր անձնազոհության համար, որն արվեց դարձյալ ո՛չ ՀՀ քաղաքացի Օսկանյանի հետ, երբ արժանապատվության առանց որեւէ դրսեւորման՝ թախանձագին խնդրում էր քարտեզին տեղյակ, Հայաստանի մասին հստակ պատկերացում ունեցող սփյուռքահայ գործարարներին՝ ներդրումներ անել Հայաստանում, 10 հազար արտագաղթողի դիմաց բացել գոնե 10 աշխատատեղ: Խնդրեց նաեւ՝ քրիստոնեության մուտքի 1700 ամյակի առթիվ ամեն սփյուռքահայի հաշվով մեկ մոմ վառել Հայրենիքում. ահա՛ թե ինչպես են գործ կպցնում, սա տնտեսագիտական մտքի ամենավերջին նվաճումն է, որի հեղինակը, հուսանք, մեր նախագահը չէ, այլ, ասենք, ինչ-որ պալատական, իսկ ինքն էլ առանց հասկանալու կրկնել է: Այդ դեպքում, ինչու՞ առանց հասկանալու լավ բաները չի կրկնում. մեր տառապած, մեր ցեղասպանված, մեր հազարամյա, նարեկացիածին, հեզաճկուն ժողովուրդն արժանի է դրան:

Բայց ոչ, մենք արժանի ենք միայն Ռոբերտ Քոչարյանին, եթե հանդուրժում ենք նրա վարչախմբի ապաշնորհության պատճառով օրեցօր անդունդի մեջ հայտնվելու դատապարտվածությունը, եթե հանդուրժում ենք գավառամտությունց ծնված վարվող քաղաքական կործանարար այս ուղղությունը:

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ

«Երեւանյան օրեր», 2000թ., սեպտեմբերի 15-28

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.