ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Հայհոյում են՝ ինչո՞ւ այդ արյունոտ ձեռքը սեղմեցիր․ ՀՀ-ում պարտվո՛ւմ է ազնիվ մարդը․ Միքայել Հայրապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կան գնահատականներ, որ քաղաքացիների մի հատված հոգնել է նախկինների և ներկաների միջև պայքարից, և բովանդակային քաղաքականության պահանջ է դնում։ Ըստ Կովկասյան բարոմետրի հարցման՝ ՀՀ խորհրդարանն ամենից ցածր վստահություն ունեցող հաստատություններից է։ Միաժամանակ, խորհրդարանական ընդդիմադիր՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սերժ Սարգսյանի գլխավորած ուժերի՝ 45 օր տևած պայքարը չավարտվեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականով։ Հակառակը, նրանք հավաքեցին վրանները, և հեռացան մայրաքաղաքի փողոցներից։ Ըստ քաղաքագիտական գնահատականների՝ երևաց, որ մարդիկ արհամարհում են պոպուլիստական, կեղծ ռազմահայրենասիրական լոզունգները։ Ո՞վ կամ ո՞ր ուժերն են նախկինների ու ներկաների այլընտրանքը, նաև գաղափարական տեսանկյունից, ասենք՝ արտաքին քաղաքականության իմաստով։

Factor TV-ի հետ հարցազրույցում Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանն ասում է, որ շատերն այսօր ունեն «երրորդ ուժի» ծնվելու ակնկալիք, սակայն դա ֆանտաստիկայի ոլորտի սցենար է գնահատում։ «Դուք իրոք կարծում եք, որ Ռուսաստանն այնքան թուլացած է Հարավային Կովկասում, որ թույլ կտա երրորդ ուժի հայտնվե՞լը։ Բացառված է, եթե հանկարծ երրորդ ուժ հայտնվեց առաջիկայում, համոզված եղեք, որ դա ևս ՌԴ-ի դրածոն է՝ ինչպես 18 թվականին»,- ասում է նա։

Ըստ Միքայել Հայրապետյանի՝ որպեսզի իր հետևից ժողովրդական մեծ զանգվածներ տանող «երրորդ ուժ» ծնվի, զանգվածների մտածողությունն է պետք փոխել․ «Այո՛, ես չեմ կարողացել տեղ հասցնել ժողովրդին, որ հացից ավելի կարևոր բան կա։ Կարդացեք Ավետարանը, ուր ասվում է՝ ո՛չ միայն հացով է ապրում մարդ։ Մենք կարո՞ղ ենք հացից այն կողմ արժեքներ ունենալ։ Այդ փոփոխություններն ովքե՞ր պետք է հրահրեն, իմ տեսակները, բայց այսօր իմ տեսակը պարտվում է Հայաստանում, ես պարտված եմ։ Ի դեպ, մի բան ասեմ՝ այդ արտախորհրդարանական․․․ ինձ հայհոյեցին, թե ինչո՞ւ սեղմեցիր այդ արյունոտ ձեռքը։ Ես պարոն վարչապետին չալարեցի, տպեցի A4 ֆորմատի թղթի վրա, և նրան տվեցի Դերենիկ Դեմիրճյանի «Ավելորդը» պատմվածքը։ Այդ ազնիվ տեսակը ՀՀ-ում ավելորդ է դարձել։ Ովքե՞ր են այսօր պահանջարկված՝ լցված են խորհրդարանում, կառավարությունում։ Իմ տեսակն ավելորդ է, Դերենիկ Դեմիրճյանի «Ավելորդն» է»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Աղբյուրը՝ Factor.am, հեղինակ՝ Ռոբերտ Անանյան, 17․06․2022թ

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.