ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Անհարմար է, երբ նման հարցադրմամբ է մեր խորհրդարանական ընդդիմությունը ելել ներկա իշխանության դեմ․ Միքայել Հայրապետյան․ «Հրապարակ»

Հարցազրույց Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի հետ:

- Պարոն Հայրապետյան, այսօր որոշ քաղաքական ուժեր, կուսակցություններ Արցախի հարցի վերաբերյալ հայտարարություն են տարածել: Օրվա ամենաքննարկվող հարցերից մեկը, կարծես, սա է: Դուք այս հարցի վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունեք:

- Ճիշտ եք, ցավոք, այսօր ամենաքննարկվող հարցն Արցախն Ադրբեջանի կազմում լինել- չլինելու հարցն է, թեև այդպիսի հարց իրականում չկա, քանի որ ՀՀ ԱԺ-ն հատուկ որոշմամբ ուժը կորցրած չի ճանաչել 1989թ. դեկտեմբերի 1- ի որոշումը, որտեղ ասված է այդ մասին: Մի՞թե մենք դեռ չենք վարժվել, որ պետությունը լուրջ, սոլիդ բան է – նույն բանը մեկ անգամ է ասվում և ուժը չի կորցնում, քանի դեռ նոր որոշում չի ընդունվել: Դա նույնն է, ինչ այսօրվա առաջնորդներից, ասենք, պարոն Ռոբերտ Քոչարյանին առաջարկվի նորից կրկնել, որ ինքը հենց Ռոբերտ Քոչարյանն է և ոչ, ասենք, Գևորգ Մարզպետունին: Անհարմար է, երբ նման հարցադրմամբ է մեր խորհրդարանական ընդդիմությունը ելել ներկա իշխանության դեմ:

- Բայց Ձեր դիրքորոշումը ո՞րն է: Դուք այդ մասին չե՞ք պատրաստվում հայտարարություն տարածել:

- Ախր, անլուրջ է, ի՞նչ հայտարարություն:

- Արցախի մասին խոսե՞լն է անլուրջ:

- Ո՛չ, անլուրջ է նման հարցադրման մասին հայտարարություն անելը:

- Թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանն Արցախն Ադրբեջանի կազմում են տեսնում:

- Փաշինյանի հարցում վստահ լինելու բարոյական իրավունք չունեմ:

- Փաշինյանն ասաց, պետք է Արցախի նշաձողն իջեցնենք, ճանաչենք Արցախի տարածքային ամբողջականությունը…. ի վերջո հանձնեց Արցախի 75 տոկոսը:

- Հանձնեց՝ այո. պարտվեցինք: Բայց որ ասաց, թե պետք է նշաձողն իջեցնել, համամիտ չեմ. այդպես չէ: Ինքը պարզապես փոխանցեց իր պատկերացրած միջազգային հանրության մոտեցումը, ինչի մասին երկարատև խոսակցություն ունեցանք արտախորհրդականների նախավերջին հանդիպման ժամանակ: Ես գնացել էի պարզապես այդ մեկ հարցի համար: Վերջին հանդիպմանը, օրինակ, չգնացի:

- Իսկ ո՞վ պարտվեց, բանակը՞, զինվորը՞, թե՞ դիվանագիտությունը:

- Ե՛վ զինվորականը, և՛ արտաքին քաղաքականությունը, ամենքս:

Աղբյուրը՝ «Հրապարակ», հեղինակ՝ Հայկ Գևորգյան, 03․06․2022թ

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.