ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Մոսկվայից հրահանգ են ստացել, ի՞նչ Արցախի փրկություն․ խելագար չկա ՀՀ-ում՝ Ղարաբաղը «հանձնի»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor TV-ի հարցազրույցը Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի հետ

-Երեկ ՀԱՊԿ գագաթնաժողովում մենք լսեցինք Նիկոլ Փաշինյանի քննադատությունը՝ ուղղված ՀԱՊԿ անդամ երկրներին, որ ադրբեջանական ներխուժման ժամանակ այդ պետությունները պատշաճ չարձագանքեցին, և որ ՀԱՊԿ անդամ երկրները տարիներ շարունակ զենք են վաճառել Հայաստանին ոչ բարեկամ երկրին: Ինչպե՞ս եք գնահատում այս թեզերը:

-Զուսպ լավատեսությամբ, և շատ կուզենայի, որ դա քաղաքականություն դառնար, որ այդ հնչեցվածը քաղաքական մտայնություն դառնար: Բայց, ցավոք, միշտ չէ, որ արտահայտված այդ խելոք մտքերը շարունակություն են ունենում, մեր ներկա իշխանության պետականավարման կարգը բավականին փնթի է: Պատերազմի ժամանակ վարչապետի բազում խոսքերից ամենախորքայինն ինձ թվաց այն, որ նա ասաց. «Մենք հիմա կռվում ենք, որ հետո Վիեննայի պատերի տակ չռվենք»: Բայց դա մնաց օդում, քաղաքականություն չկառուցվեց դրա վրա: Եվ հիմա խորքային բան է ասել, շատ լավ է, որ հնչեցվեց դա: Այ, եթե դա դառնա քաղաքականություն, և մենք պետական արժանապատվություն ունենանք ու մեր ելակետը լինի ոչ թե խորամանկելը կամ ինչ-որ կերպ պաշտպանվելը, այլ ազգային, պետական շահը պաշտպանելը, դա ուրիշ հարց է: Մի խոսքով՝ բրավո, որ վարչապետը կարողացավ դա հնչեցնել, բայց կրկնում եմ՝ սա զուսպ լավատեսությամբ եմ ասում, քանի որ չգիտեմ՝ կշարունակվի՞ այդ գիծը, թե՞ գուցե այդտեղ Պուտինի հանձնարարությամբ ասված մի բան էր:

–Ինչո՞ւ մենք երբեմն վախվորածություն ունենք:

-Արժեքների խնդիր է: Մենք արժեքներն անձնական արժանապատվության հետ շփոթում ենք, դրանք բոլորովին տարբեր բաներ են: Մենք չենք գիտակցում պետական արժանապատվությունը որպես արժեք, որից կարող են բխել և՛ մեր անվտանգային, և՛ մեր ապագայի տեսլականները։ Հեղափոխությունից հետո էլ քաոտիկ վիճակ է։ Մենք մեր սերմացուն՝ հինգ հազար հոգու մատաղ արեցինք, հիմա ամեն մի հայաստանցի հայի վրա դողալ է պետք, որովհետև դրանով է, որ կարող է շարունակություն ունենալ մեր երկիրը։ Պետք է դուրս գալ «Միմինոյի»՝ աշխարհում երկրորդը լինելու համախտանիշից, և միաժամանակ երկրի և՛ տերը լինել, և՛ որդին…

-Պարո՛ն Հայրապետյան, ուզում եմ մեր քաղաքացու մտածողության մասին էլ խոսենք. այսօր մի դեպք տեղի ունեցավ, ընդդիմադիրները փակել էին փողոցը, մի վարորդ ընդդիմադիրներին հարց տվեց՝ ասելով. «Ո՛չ դուք, ո՛չ Նիկոլ Փաշինյանը չեք գնալու Վլադիմիր Պուտինին հարցնեք՝ ինչո՞ւ ես ասել «Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է՝ ըստ միջազգային նորմերի»»: Այսինքն՝ քաղաքացին տվյալ քաղաքական ակցիայի օգտակարության գործակիցը դասեց հարց չտալու անկարողության հետ: Ձեր մեկնաբանութունն այս առնչությամբ:

-Դրա համար էլ նրանք, ովքեր բողոքում են մեր ժողովրդից, շատ անարդար են: Մեր ժողովրդի ցավը տանեմ: Հրաշալի է ասել այդ վարորդը, թող գնան «մի բուռ հող ուտեն» քաղաքական գործիչներն ու քաղաքական մեկնաբանները, հստակ է ասել այդ քաղաքացին: Հարցադրում դա է, այո՛, եթե ուզում ես գալ, որ Նիկոլ լինես, Նիկոլն ավելի լավ Նիկոլ է, էլի, իսկ «նիկոլությունն» ինչո՞վ է որոշվում՝ Պուտինի ասածին «չէ» ասելո՞ւ ես, թե՞ չես ասելու… Եվ սա պարզապես հրաշալի է զգացել հայ մարդը: Եվ այս քաղաքացուն էին «ժեխ» ասում, նրան էին անպատվում: Նախ բոլորս պետք է հասնենք այդ քաղաքացու մակարդակին։

-Կարևոր բուֆերի է «ձեռք տվել» այդ քաղաքացին: Դա ի՞նչ արգելապատնեշ է, որ շատ քաղաքական ուժեր Կրեմլի պատերից այն կողմ չեն կարողանում հասցնել իրենց քաղաքական օրակարգը՝ իմանալով, որ շատ դեպքերում պրոբլեմն այնտեղ է, բայց քար լռություն է:

-Շատ խորքային է, այդ պրոբլեմը վաղուց կանգնած է մեր առջև, եթե մենք համապարփակ չենք դիտում, միշտ սայթաքում ենք, մանր հարցերի մեջ ենք փորձում գտնել։ Ինչո՞ւ Հոկտեմբերի 27-ը չէր կարող բացահայտվել, որովհետև գալու էր մի կետում կանգներ, դրանից այն կողմ հո չէի՞ն գնալու Ռուսաստան: Ինչո՞ւ Մարտի 1-ը չէր կարող բացահայտվել մինչև վերջ. և՛ նախորդ իշխանությունը ծածկադմփոց արեց, և՛ Նիկոլենք արեցին։ Մենք ռուսական գաղութ ենք: Մենք, ինչպես Տերյանն է ասում՝ «գերված ենք մենք, ոչ ստրուկ, գերված մի արծիվ»: Հիմա մենք ռազմագերի ենք, այդ ո՞ր մի երկիրն է կարողանում Ռուսաստանի դեմ միայնակ դուրս գալ։ Մեզ մոտ էթնիկ հոգեբանություն է դարձել, որ մեք ռուսական գաղութ ենք և գիտենք մեր ոտքը մեր վերմակին համապատասխան մեկնելու հնարավորությունը։

Հարցազրույցն ամողջությամբ՝ տեսանյութում:

Աղբյուրը՝ Factor.am, հեղինակ՝ Ռոբերտ Անանյան, 17․05․2022թ․

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.