ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանին ներկայացված 6 կետերում կարելի է հստակ տեսնել ՀՀ նպատակասլաց մոտեցումը. Միքայել Հայրապետյան

ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի համար ՀՀ կողմից Ադրբեջանին ներկայացված 6 կետանոց առաջարկի մասին Radar Armenia-ն զրուցել է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի հետ։

- Պրն Հայրապետյան, հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի վերաբերյալ ՀՀ-ի առաջարկած 6 կետերը։ Ո՞րն է Ձեր գնահատականը այդ կետերի վերաբերյալ։ Քննադատություններ կան, թե ՀՀ-ն պատկերացում չունի՝ ինչ է ուզում ընդգրկել խաղաղության պայմանագրում։

- Հակառակը, կարծում եմ, ցանկության դեպքում, կարելի էր 6 կետերի մեջ հստակ տեսնել ՀՀ նպատակասլաց մոտեցումը: Ժամանակն է, որ գոնե մեր քաղաքական դասը հարթաչափական ընկալումը փոխարինի տարածականով ու ժամանակայինով:

- Այդ կետերից մեկը վերաբերում է Արցախի կարգավիճակին. «Հայկական կողմի համար հիմնարար են ԼՂ հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև՝ ԼՂ վերջնական կարգավիճակի որոշման հարցերը»։ Այս ընդգծման մասին ի՞նչ կասեք։ Այն դեպքում, երբ Ադրբեջանը պնդում է, թե ԼՂ հարցը լուծվել է, մեր դիվանագիտության հնարավորություններն ինչպիսի՞ն են։

- Ե՛վ Ադրբեջանն է պնդում, և՛ Ռուսաստանն ու Թուրքիան են ձայնակցում, թե Արցախի կարգավիճակի հարցը լուծված է իրենց համատեղ սանձազերծած 44-օրյա պատերազմով, բայց աշխարհը չի սկսվում և ավարտվում այդ երեք բռնապետություններով: Իսկ Ձեր մեջբերած ձևակերպումն այս պահին ամենագրագետն է, ինչը կարելի է պատկերացնել: Այլ բան, որ միանգամայն անտեղի և անընդունելի է վարչապետի՝ «կարգավիճակի նշաձողի իջեցման» մասին նետած խոսույթը:

- «Դիմադրություն» շարժումը հայտարարել է, որ իր գործողություններով կասեցրել է Արցախի հարցում հայկական կողմի՝ նշաձողի իջեցման գործընթացը։ Արդյո՞ք այդպես է։

- Կարծում եմ՝ խիստ չափազանցված ինքնագնահատական է. այդ կասեցումն առ այսօր իրականացրել են բացառապես ԱՄՆ-ն և Եվրոպան: Բայց որ որոշակի օգտակարություն ունի այդ շարժումը, միանգամայն անհերքելի է. տա Աստված, որ մնա թեկուզ չնչին, բայց կառուցողականության ծիրում:

Աղբյուրը՝ Radar.am, հեղինակ՝ Մարիամ Սարգսյան, 17.05.2022թ

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.