ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

«Խորհրդային կասկածելի քարտեզներով կամ փաստաթղթերով առաջնորդվելը կարող է դառնալ ճակատագրական սայթաքում». Մ. Հայրապետյան․ ԳԱԼԱ

Սոչիում կայացած եռակողմ հանդիպման և  մի  շարք այլ հարցերի վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի հետ:

-Պարոն Հայրապետյան, երեկ Սոչիում տեղի ունեցավ Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը: Բանակցությունների բաց մասում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է սկսել սահմանագծման և սահմանազատման աշխատանքները: Նա նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Ի՞նչ սպասելիքներ պետք է ունենալ այդ հանդիպումից:

-Որևէ դրական սպասելիք այն հանդիպումներից, որ կազմակերպվում են անցյալ տարվա պատերազմի և մեր պարտության ու անգին կորուստների նախաձեռնող կողմերից մեկի՝ Ռուսաստանի հովանավորությամբ, դժվար է պատկերացնել: Օրվա խնդիրն է թե՛ արցախյան կարգավորման, թե՛ սահմանագծման ու սահմանազատման հարցերը ԵԱՀԿ Մինսկի խումբ տեղափոխելը, այլապես գործելու է ռուս-թուրքական հայավնաս պրոյեկտը:

-Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց սկսելու համար Հայաստանը Ռուսաստանից առաջարկներ է ստացել, որոնք ընդունելի են հայկական կողմի համար: Ի՞նչն է հիմք տալիս Փաշինյանին նման կերպ արտահայտվելու համար, ինչքանո՞վ դա կարող է շահեկան լինել Հայաստանի համար:

-Ռուսական որևէ առաջարկից ոչ մի շահեկան բան ակնկալել հնարավոր չէ: ՀՀ ղեկավարը, որպես պարտված, հիմա դատապարտված է կրկնելու այն, ինչ իրեն հրահանգում է Կրեմլը: Սահմաններն ինքնին այնքան կարևոր չեն, եթե անցնում են տափաստաններով, բայց մեր լեռնային երկրի պարագայում անվտանգային լրջագույն արժեք ունի յուրաքանչյուր բարձունք, ռազմավարական ճանապարհների յուրաքանչյուր հատված: Աշխարհի բոլոր պատերազմները եղել են ճանապարհների և կապուղիների համար. Հռոմն առաջինն ինչ անում էր, հռոմեական ճանապարհ սարքելն էր, Անգլիան դարձավ համաշխարհային տերություն, որովհետև գնահատեց, բացեց  և իշխեց ծովային ճանապարհներին, ԱՄՆ-ն միակ համաշխարհային գերտերությունն է, քանի որ իշխում է թվային դարաշրջանի վիրտուալ կապուղիներին, իսկ Ռուսաստանը, որ վերջին հարյուր հիսուն տարում մարում է պատմության թատերաբեմից, դեռ դեգերում է «дураки и дороги» դիլեմայի բավիղներում:

Վարչապետի՝ Ձեր ասած՝ նման կերպ արտահայտվելու պատճառը, ըստ իս, հենց այս ստրատեգիական մտածողության թերիությունն է. մենք մտածողությամբ դեռ ռուս ենք մնացել՝ դրանից բխող բացասական հետևանքներով: Պատերազմից հետո կարծես արդեն շատերն են գիտակցում, որ միակողմանիորեն հանձնվել ռուսական ողորմածությանը՝ նշանակում է նոր ողբերգության դուռ բանալ: Տարածաշրջանից հեռանալ չցանկացող Ռուսաստանը կարող է ամեն պահի վաճառել թե՛ իրեն վստահված հատվածները, թե՛ մեր շահն ընդհանրապես, ինչպես արել է 200-ամյա իր ներկայության ընթացքում. նա անհուսալի գործընկեր է:

-Ինչպես գիտենք, նոյեմբերի 11-ից Գորիս-Կապան ճանապարհի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած հատվածում Ադրբեջանը մաքսակետեր է տեղադրել, իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ադրբեջանական անցակետերը չեն գտնվում ՀՀ տարածքում: Ինչո՞վ է պայմանավորված Փաշինյանի, մեղմ ասած, այդ անհասկանալի հայտարարությունը և ի՞նչ վտանգներով է հղի:

-Վարչապետի նման, իրոք, մեղմ ասած, անհասկանալի հայտարարությունը, ըստ իս, պայմանավորված է պարտվածի ճակատագրով և վերևում ասածս ռազմավարական մտքի թերիությամբ. որպես պարտված կողմ երևի համակերպվել է կոնտրիբուցիայի (ռազմատուգանք) ռուսական գնին: Բայց դիմանալ և դիմադրել է պետք:

-Վերջին շրջանում խոսվում է նաև անկլավների մասին, և վարչապետն էլ հայտարարել է, որ անկլավը պետք է փոխանակվի անկլավի հետ: Անվտանգության տեսանկյունից Տավուշի և Արարատի մարզի անկլավների փոխանակումը ի՞նչ սպառնալիք է Հայաստանի համար, ինչո՞ւ այս հարցը դրվեց շրջանառության մեջ այն դեպքում, երբ եռակողմ հայտարարության մեջ նման կետ չկա:

-Իրոք, դա ամենևին կապ չունի եռակողմ հայտարարության հետ: Այն սահմանազատման խնդրի տիրույթում է, որին պատասխան չտալ չենք կարող: Կրկնեմ, անկլավներն ինքնին արժեք չեն, եթե չունեն ռազմավարական դիրք կամ ռազմավարական ճանապարհների վրա չեն: Դա թե՛ Գորիս-Կապան ճանապարհն է, թե՛ Տիգրանաշենը, թե՛ Տավուշի որոշ մայրուղիներ, որոնք կարող են հայտնվել ադրբեջանական ուղիղ նշանառության տակ (հիշենք, թե 100 տարի առաջ մտածելով՝ թուրքերը Կարսում ինչպես պնդեցին Նախիջևանի ինքնավարության համար, իսկ մի քանի տարի անց՝ Իրանից ուղղակի գնեցին տարածք, որը նեղ շերտով Թուրքիան կապեց Նախիջևանին. մի՞թե թուրքերի չափ մտածել չենք կարող):

Սա՛ է պատճառը, որ մենք պնդում ենք, թե վարչապետի՝ խորհրդային կասկածելի քարտեզներով կամ փաստաթղթերով առաջնորդվելը կարող է դառնալ ճակատագրական սայթաքում՝ Հայաստանի պետականության ապագան գալիք մարտահրավերների առջև մազից կախելով: Պետք են անաչառ միջազգային արբիտրներ, իսկ այդպիսին այսօր ԵԱՀԿ Մինսկի խումբն է:

Աղբյուրը՝ ԳԱԼԱ, հեղինակ՝ Անահիտ Չալիկյան, 27․11․2021թ

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.