ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Կատարվողը վտանգավոր միտում է. Մենք ջուր չենք լցնի Հայաստանի ինքնիշխանության դեմ գործող ջրաղացին․ Միքայել Հայրապետյան․1in.am

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը

-Պարոն Հայրապետյան, ինչպե՞ս եք գնահատում ՏԻՄ վերջին ընտրությունները, որտեղ երեք խոշոր քաղաքներում իշխանությունը պարտվեց։ Տեսակետ կա, որ ՏԻՄ վերջին ընտրությունները Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականության բումերանգն էին։ Համաձա՞յն եք արդյոք։

-Իշխող վերնախավը Գյումրիում՝ ռուսական ռազմաբազայի քաղաքում, Մեղրիում և Գորիսում՝ սպասվելիք իրադարձությունների կիզակետ Սյունիքում գալիք պատասխանատվությունը փորձեց իրենից հեռացնել: Դա իշխանության միանշանակ պարտություն, այն էլ՝ կադրային քաղաքականության պարտություն համարել երևի չարժե, քանի որ երևույթը փոքր-ինչ ավելի խորն է: Բայց որ բարձրագույն իշխանավորների կադրային քաղաքականության փիլիսոփայությունը, մեղմ ասած, գավառական է, չեմ կարող վիճարկել:

-Արդյոք պարտության պատճառներից մեկն էլ այն էր, որ Փաշինյանն անձմամբ չմասնակցեց քարոզարշավին, որևէ կոչով հանդես չեկավ։

-Գուցե հակառակը: Փաստ չէ, որ մանավանդ Գորիսում ու Գյումրիում այդպիսի միջամտությունը խայտառակ վիճակի չէր հանգեցնի:

-Առաջիկա ամիսներին՝ նոյեմբերին և դեկտեմբերին նույնպես ՏԻՄ ընտրություններ են։ Եթե իշխող ուժը համայնք առ համայնք պարտվի, ի՞նչ է սպասվում։ Կա՞ արդյոք վտանգ, թե իշխանության ապակենտրոնացման հետ գործ կունենանք։

-Իշխող վերնախավի քիչ թե շատ դրական հաղթաթուղթը հենց ընտրությունների անցկացման որակական տարբերությունն է նախորդ տասնամյակներից մեզ հայտնի հայաստանյան ընտրական ավանդույթից: Բայց որ դա անվանենք իշխանության ապակենտրոնացում, միանգամայն անընդունելի է: Իշխանության ապակենտրոնացումն ինքնին դրական երևույթ է, և պետք չէ այն շփոթել պետականավարման  ներկա փնթիության ու անձեռնահասության հետ: Կատարվողը, այո՛, վտանգավոր միտում է:

–Պարոն Հայրապետյան, արդյոք արտախորհրդարանական ուժերի հետ շարունակո՞ւմ եք մասնակցել Փաշինյանի հետ հանդիպումներին։ Կա՞ն արդյոք այդ ձևաչափով հանդիպումները, թե ոչ։

-Սեպտեմբերի կեսի հանդիպումից հետո հաջորդը պետք է լինի հոկտեմբերի վերջին, որի հրավերն արդեն իսկ ստացել ենք: Մեզ համար դեռևս այնքան էլ միանշանակ չէ հետայսու ևս մեր մասնակցության նպատակահարմարությունը: Ինչպես հրապարակավ հայտարարել էինք, Պահպանողական կուսակցությունը հանդիպումներին մասնակցել էր՝ ելնելով պետականության համար շանթարգելի առաքելության գիտակցումից: Բայց դեռևս օգոստոսին բառացի նշել էի, որ սեպտեմբերյան հանդիպումը կարող է լինել վերջինը կամ վերջիններից մեկը: Մեր երկիրը հիմա շատ փխրուն իրավիճակում է՝ կապված միջազգային ու տարածաշրջանային բարդագույն զարգացումների հետ, և որևէ կտրուկ քայլ այսօր կարող է վտանգավոր լինել: Մենք ջուր չենք լցնի Հայաստանի ինքնիշխանության դեմ գործող ռուս-թուրքական ջրաղացին: Խորենացին դեռևս 1600 տարի առաջ էր ասել, որ սեփական հիվանդ ոչխարը չի կարելի փոխել օտարի առողջ գազանի հետ:

Աղբյուրը՝ 1in.am, 24.10.2021թ․, հեղինակ՝ Սիրանույշ Պապյան

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.