ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Ռուս-ադրբեջանական հարաբերությունների իբրև թե վատթարացումը բացառապես պատրանքներ ստեղծելու մանիպուլյացիոն դաշտից է․ Միքայել Հայրապետյան․ Lragir.am

Lragir.am-ի զրուցակիցն է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրաապետյանը

Պարոն Հայրապետյան, Հայաստանը նոր ԱԳ նախարար ունի, սակայն, ըստ տարբեր գնահատականների, արտաքին քաղաքական ուղեգծում փոփոխությունը հստակ չէ։ Ի՞նչ ակնկալիքներ կան նոր ԱԳ նախարարից։

Ինչպես ԱԳ, այնպես էլ մեր երկրի բոլոր նախարարություններից կարող ենք ունենալ մեկ սպասելիք, որ սպասարկեն Հայաստանի շահը: ԱԳ նոր նախարարի պաշտոնավարման 100 օրը դեռ չի լրացել, և մեր կողմից կոռեկտ չէր լինի նրա մեկ-երկու գործողությանը գնահատական տալը կամ նրա շուրջ ակնկալիքներ ձևավորելը:

Վերջին օրերին ակտիվացել են խոսակցությունները հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ Հատկապես ակտիվացել է Ռուսաստանը։ Ինչո՞վ է դա պայմանավորված։

Ռուսաստանը դրանով ևս փորձում է տորպեդահարել քաղաքակիրթ աշխարհի՝ տարածաշրջան մուտքը: Իհարկե, Հայաստանի և Թուրքիայի միջև երբևէ պետք է հարաբերություններ ձևավորվեն, սակայն այդ հարաբերություններում ռուսական միջամտությունը մեզ արդեն 200 տարի է, ինչ միայն ողբերգությունների է հասցրել: Պետք է զգույշ մոտենալ ժամանակակից Ռուսաստանի ցանկացած պրոյեկտի:

Ալիևի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է և ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայված են ժամանակավորապես։ Ի՞նչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը նման հայտարարություններով։ Արդյոք փորձում են Ադրբեջան–Ռուսաստան հարաբերությունների վատթարացման պատրանք ստեղծել։

Միանգամայն ճիշտ եք. ռուս-ադրբեջանական հարաբերությունների իբրև թե վատթարացումը բացառապես պատրանքներ ստեղծելու մանիպուլյացիոն դաշտից է՝ Հայաստանի դեմ տարվող հիբրիդային պատերազմի քարոզչական հնարք: Վստահ եմ, որ երբևէ դրանք իսկապես վատթարանալու են, բայց դա կախված է լինելու ռուս-թուրքական հարաբերություններից, Կենտրոնական Ասիայում շահերի շեշտակի բախումներից: Առայժմ նման նախադրյալներ չկան, և չարժե, որ հայկական կողմը նման խայծերը կլլի:

Ինչպե՞ս եք գնահատում Լավրովի հայտարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Արցախի հարցով բանակցությունների մասին։ Լավրովն ասել էր, որ խոսքը գործընթացի վերսկսման մասին չէ, խոսքը նոյեմբերի 9-ի ու այս տարվա հունվարի 11-ի եռակողմ ստորագրված փաստաղթղթերի կետերը կատարելու մասին է։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ  Ռուսաստանը  դուրս է եկել ԱՄՆ–ի և Ֆրանսիայի հետ պայմանավորվածությունից։

Ռուսաստանը շատ կուզենար դուրս գալ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ պայմանավորվածություններից, բայց պետք չէ գերագնահատել թուլացող Ռուսաստանի հնարավորությունները: ՌԴ-ն փորձում է զոռբայությամբ անցկացնել նոյեմբերի 9-ի մերժված պրոյեկտը՝ հարավկովկասյան տարածաշրջանի ճակատագիրը տնօրինել Թուրքիայի հետ՝ խոչընդոտելով Արևմուտքի մուտքին, ինչը նրանց հաջողվել էր ուղիղ 100 տարի առաջ: Բայց ո՛չ Ռուսաստանն է այժմ այն հնարավորությունների տերը, ինչ 100 տարի առաջ էր, ո՛չ էլ քաղաքակիրթ աշխարհն է այնքան ջլատված, որ ինչ-որ Լավրովի օրակարգի շուրջ շարք կանգնի: Ռուսաստանի խորհրդարանական ընտրություններից հետո Լավրովի անունը փոշի կդառնա, իսկ հայոց պատմության մեջ կհիշատակվի բացառապես նզովքով:

Աղբյուրը՝ Lragir.am, 07.09.2021թ, Սիրանույշ Պապյան

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.