ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Աստված խոհեմություն տա մեր անխոհեմ իշխանությանը և թարախի դոզայի նվազում՝ ընդդիմությանը. Միքայել Հայրապետյան․ 1in.am

«Առաջին լրատվական»-ը զրուցել է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի հետ:

Պարոն Հայրապետյան, վերջին օրերին մամուլում և համացանցում շատ է քննարկվում ՀՀ պատվիրակության այցը Արցախ և տեղի արձագանքները։ Դուք ի՞նչ դիտարկումներ ունեք այս իրավիճակի հետ կապված։ Ձեր կարծիքով նման մթնոլորտն ի՞նչ վտանգներ է պարունակում։

Բնական է, որ գերպրկված նյարդերով հասարակությունը պետք է դյուրագրգիռ վիճակում քննարկի ցանկացած նուրբ հարց, ինչպիսին ՀՀ պատվիրակության այցն էր Արցախ: Խնդիրն այն է, որ ժողովրդի ուսյալ հատվածը, մանավանդ քաղաքական ու քաղվերլուծական դասն արհեստական բաղադրիչ չավելացնի օրինաչափ լարումներին: Դա իրոք հղի է մի կողմից՝ հասարակության է՛լ ավելի ատոմացման ու հայրենիքի գաղափարից իսկ օտարման, մյուս կողմից՝ ներազգային քաոսային բախման կարող է բերել. հիմա մենք այդ բացասական լիցքերի կուտակման շրջանում ենք:

Ի՞նչ հետևություն պետք է անի իշխանությունը։

Քանի՞ գրոշ արժե ինձպեսների կարծիքն իշխանությունների հետևությունների մասին. նրանք ամենագետ են ու զոռբա՝ ոչ պակաս, քան իշխանությունների սնուցած ու ծնած չեկիստական «ընդդիմությունը»:

Ունենալով ԱԺ այսպիսի ընդդիմություն՝ որքանով է հնարավոր իշխանություններին աշխատել կառուցողական դաշտում։ Արդյո՞ք արտախորհրդարանական ուժերն այս պայմաններում անելիքներ չունեն։

Նախ կրկնեմ, որ ԱԺ «ընդդիմությունը» իշխանության մտքի թռիչքի հետևանքն է, ապա՝ ես վստահություն չունեմ, թե իշխանություններն աշխատելու են կառուցողական դաշտում: Իշխանությունն ու ընդդիմությունը հաղորդակից անոթներ են, և երկուսի նախահիմքն էլ ոչ թե կառուցողականությունն է, այլ ավերման հեղափոխական սկզբունքը, փոխբացասման մոլուցքը: Այս պարագայում արտախորհրդարանական ուժերը, եթե այդ երկու իրարամերժ ճամբարների ծպտյալ սպասարկուներ չեն, ապա ընդամենը կարող են Ճշմարտությունները բարձրաձայնել հանրության առջև: Սակայն դրա օգտակար գործողության գործակիցն էլ միտում է զրոյի, քանի որ լրատվական դաշտը գրեթե առանց բացառության պատկանում է հենց այդ հաղորդակից անոթներին. և ամենակարևորը՝ Հայաստանում քաղաքական դաշտ ասվածն իսպառ բացակայել և բացակայում է երկրի սոցիալական դրվածքի առաջնային պատճառով: Սա, իհարկե, չի նշանակում, թե հուսահատվելու ենք և մեզ հասու միջոցներով չենք փորձելու հաշտության խողովակի ամենակարևոր առաքելությունը ստանձնել:

Որպես արտախորհրդարանական ուժ՝ Դուք հանդիպում էիք ունեցել վարչապետի հետ։ Ի՞նչ փուլում է վարչապետի նախաձեռնած արտախորհրդարանական ուժերի պլատֆորմի աշխատանքները։ Առաջիկայում ի՞նչ կարելի է սպասել դրանից։

Մի քանի օրից կկայանա հերթական հանդիպումը, որը, ըստ իս, եթե չլինի վերջինը, ապա վերջիններից մեկը կլինի երևի: Արտախորհրդարանական ուժերի ներկայացրած հարցադրումներից է նախապես ձևավորվում քննարկման օրակարգը: Պահպանողական կուսակցությունն առաջին հանդիպման համար օրակարգ չէր ներկայացրել, այս հանդիպման համար էլ չի ներկայացրել: Մենք կսպասենք տեսնելու, թե արդյո՞ք խոստացված ամենափոքրիկ բանը՝ մեքենաների վրա «PATROL» գրվածը դառնալու է հայալեզու և հայատառ «ՊԱՐԵԿ». եթե ոչ, ապա անիմաստ է հուսալ այլ բաներ: Փոքիկ բաներում անհուսալին, անհուսալի կլինի նաև մեծ բաներում, ինչպես Րաֆֆին էր ասում: Դա ամենևին չի նշանակում, թե աղաղակող խոտորումների ու բեկումնային զարգացման հետ կապված լրջագույն առաջարկներ չունենք և բանավոր չենք անում այդ հանդիպումների ընթացքում. անում ենք: Հայաստանի քաղաքական ընտրանու՝ իշխանության և պաշտոնական ընդդիմության, ինչպես նաև հենց մեր՝ արտախորհրդարանական միավորների հանդեպ վստահության արդարացի լուրջ դեֆիցիտ կա հանրության մեջ: Ա՛յդ ուղղությամբ պետք է արվեն առաջին քայլերը, բայց ոչ երբեք արդեն զզվացրած երկուստեք պոպուլիզմով: Այնպես որ, ինչպես լիահույս չենք եղել այդ հարթակի ստեղծման հանդեպ առաջին իսկ օրվանից, ինչի մասին ասել եմ Ն.Փաշինյանին, այնպես էլ հիմա:

Հաջորդ ամիս ՏԻՄ ընտրություններ են, այդ թվում մի քանի խոշոր քաղաքներում, Սյունիքի մարզում։ Ձեր կարծիքով այս ընտրությունները ևս կարող են դառնալ իշխանության և ընդդիմության համար կենաց-մահու պայքար, ինչպես արտախորհրդարանականի դեպքում։

Դուք կարևորագույն ու խորքային հարցի անդրադարձաք: Ինչպես դասականը՝ գեներալ Սեյրանն էր ասում, իշխանությունը «ջրի ավտո ունի, դուբինկա ունի, հլը ի՜նչ օյիններ ունի», ուստի հենց իշխանությունն է պարտավոր առավել զիջող ու համբերատար, ներող ու մեծահոգի լինելու նրանց հանդեպ, ովքեր այդ ամենի թիկունքում թաքնվել ու այդ ամենն օգտագործել չեն կարող: Այսինքն՝ ես միանգամայն ուրախ կլինեմ, որ ոչ միայն փոխվի Մեղրիի, Քաջարանի, Գորիսի քաղաքապետերի խափանման միջոցը, այլև Սյունիքի ՏԻՄ ընտրություններում իշխանությունը չբանեցնի իր զոռբայությունը, գավառական տղայամտությունը, այլ թույլ տա այնտեղ հիրավի ազատ ընտրություններ, ինչպես ի պատիվ իշխանության՝ դա կարողացավ 2018-ին անել Կապանում, և հիմա Կապանում ունենք եզակի հաջողված քաղաքապետ, որը ո՛չ նիկոլական է, ո՛չ ռոբական: Հատկապես Սյունիքում երկրին հարկավոր են բնակչության վստահությունն անվերապահորեն վայելող անհատներ, քանի որ հենց Սյունիքում են ծավալվելու առաջիկա մարտահրավերները, իսկ հարվածն առաջին հերթին իր վրա կրելու է սյունեցին, որը հաղթական կարող է լինել, եթե իրեն առաջնորդեն ոչ թե «ռսացած սպաներն ու օսլայած տղերքը՝ ձեռքներին ձեռնոցներ, դեմքներին պուդրա», այլ սյունեցու վստահությունը վայելող, թող որ՝ իշխանավորների թրի տակով կռացած չանցած ու անարատ մնացած անձինք: Սյունիքի, մանավանդ Կապանի ընտրությունները, ըստ իս, լինելու են Նիկոլ Փաշինյանի պետական այր լինել-չլինելու, նրա բարոյական կերտվածքի լրջագույն քննությունը: Կես քվեի եղծումն անգամ ազդելու է Հայաստանի ճակատագրի վրա: Հայաստան պետության հետագա որակի հարցն առաջիկայում հենց Սյունիքում է վճռվելու. պատահական չէր, որ 2021-ի ազդարարումից րոպեներ անց Նժդեհի արձանի մոտ հայտարարեցինք, թե 2021-ը նժդեհության տարի է: Աստված խոհեմություն տա մեր անխոհեմ իշխանությանը և թարախի դոզայի նվազում՝ ընդդիմությանը:

Աղբյուրը՝ 1in.am, 05․09․2021թ, Սոնա Հարությունյան

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.