ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Պետք է ոչ թե սպասել, այլ պատրաստվել ռուս-թուրքական առաջիկա փոթորիկներին՝ շահեկան վիճակ ապահովելու համար․ Lragir.am

Lragir.am-ի զրուցակիցն է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը

Պարոն Հայրապետյան, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ Հայաստան կատարած այցն ինչպե՞ս եք գնահատում։ Միշելը նշեց, թե կոնկրետ ինչ ծրագրեր է ԵՄ-ն իրականացնելու Հայաստանում 2,6 միլիարդով։

Պարոն նախագահի այցը շատ խորհրդանշական էր, որի առիթով միայն երախտագիտություն կարող ենք հայտնել: Գնդակը Հայաստանի դաշտում է. մե՛նք են պարտավոր ընդառաջ քայլեր կատարել:

Մակրոնի՝ առաջիկայում Հայաստան կատարելիք այցը կդառնա՞ նշանակալի և բեկումնային։ Ի՞նչ սպասելիքներ կան։ Որքանո՞վ են այս զարգացումները խառնում Կրեմլի պլանները։

Միջուկային երկիր Ֆրանսիայի նախագահի ամեն այց ու արտահայտություն էլ նշանակալի է: Իսկ բեկումնային այն դժվար թե դառնա, քանի որ միայնակ Ֆրանսիան, Եվրոպան էլ հետը, ցավոք այն ուժը չեն, որ կարողանան լրջորեն խառնել Կրեմլի պլանները: Մենք երախտապարտ ենք և երբեք չենք մոռանա, որ մեր սիրելի Ֆրանսիան իրենից կախված ամեն բան արեց նաև Հայաստանի դեմ ռուս-թուրքական տանդեմի սանձազերծած 44-օրյա պատերազմի օրերին, սակայն որևէ շոշափելի արդյունքի չկարողացավ հասնել, քանի որ Թրամփի վարչակազմը չխառնվեց: Առանց ԱՄՆ աջակցության Ֆրանսիան այժմ էլ միայնակ առանցքային հարցերում լուրջ հաջողություն չի կարող արձանագրել. ռեալիստ է պետք լինել: Ի՞նչ է կարողանալու անել Ֆրանսիան, եթե, ասենք, թուրքական բայրաքթարները ռմբահարեն Նախիջևանի կողմից՝ պատերա՞զմ է հայտարարելու իր ՆԱՏՕ-ական գործընկերոջը, որի դեմն առնելու համար Միջերկրական ծով ուղարկեց ընդամենը նավեր: Իսկ թե ինչ է անելու Ռուսաստանը, լավ գիտենք՝ նա, որպես մարմնավաճառ, «քեշով» փոխհատուցում է ստանալու Թուրքիայից ու լռի, ինչպես վարվել է Գրիբոյեդովի արյունը վաճառելուց մինչև վերջին այս պատերազմի օրերին Նախիջևանի սահմանին սեփական ինքնաթիռի խոցումից հետո կիսաբերան ներողություն ու դրամական վարձատրություն գջլելը: Ֆրանսիան մեր ամենասրտամոտ երկիրն է, սակայն անամոթ կլինենք, եթե ավելին ակնկալենք, քան նրա ուժերն են ներում:

ԵՄ-ն պատրաստ է դրական դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համար, Բաքվում հայտարարել է Միշելը: Կարո՞ղ է արդյոք այս առումով ԵՄ-ն լուրջ դերակատար լինել։ 

Նույն Բաքվում Ալիևը պարոն Միշելի առջև կանգնած հայտարարել է, որ Ադրբեջանն իրականացրել է ՄԱԿ-ի բանաձևերը, որին որպես պատասխան հնչել է խաղաղության միջնորդի դեր ստանձնելու պատրաստակամությունը: Կրկնեմ՝ ռեալիստ է պետք լինել: Խաղաղության համար դերակատար կարող է լինե բացառապես Հայաստանի ու Թուրքիայի երկխոսությունը՝ զանց առնելով ռուսական անկոչ շահը, ինչին, կարծում եմ, Թուրքիան հիմա ստիպված է պատրաստ լինել: ԵՄ-ն կարող է ընդամենը ֆինանսական օժանդակությամբ զորացնել մեր երկրի խոցելի տարածքների ենթակառուցվածքները, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի կամ նման մշակութային և մարդասիրական կառույցների միջոցով ապահովել, ասենք, Դադիվանքի կամ Ղազանչեցոցի նվազ պղծումը, գաղթականների զբաղվածությունն ու նման բաներ: ԵՄ-ն արդեն տասնամյակներ շարունակ հենց Եվրոպայում աշխատում է Կիպրոսի օկուպացված հատվածի խաղաղ կարգավորման ուղղությամբ, սակայն, ինչպես տեսնում ենք, առայժմ ապարդյուն: ԵՄ-ն կարող է շոշափելի ազդեցություն ունենալ միայն այն դեպքում, երբ մեր հիմնական դաշնակիցը՝ ԱՄՆ-ն, նրան լիազորի դրանում: Իսկ մենք դեռ չենք գիտակցել, որ սահուն մարող Ռուսաստանը մեր դաշնակիցը չէ, և մեր դաշնակիցն առաջին հերթին ԱՄՆ-ն է: Երբ սա գիտակցենք, ջարդենք երկհարյուրամյա մեր զազրելի մտակաղապարները, այլևս դուրս կգանք աշխարհն ու մեր բախտն անիծող անուժ պառավի խայտառակ կերպարից:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի հրահրած միջադեպերը թույլ չեն տալիս սկսել հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքները: Նաև նշեց, որ Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին: Ձեր կարծիքով, կա՞ նման վտանգ։

Այո, կա նման վտանգ, և այդ վտանգի անունն է ռուս-թուրքական դաշինք, ռուս-թուրքական եղբայրություն: Դրանով պետք է բացատրել եվրոպական, մասնավորապես ֆրանսիական ներկա անհանգստությունն ու Հայաստանին մեկնված քաղաքակրթական մեր եղբայրների ձեռքը:

Ալիևը մեկնում է Մոսկվա, ԵՄ–ն ակտիվանում է տարածաշրջանում։ Ի՞նչ սպասել։

Ալիևը գնում է Մոսկվա՝ ընդունելու Պուտինի զեկույցը, թե ինչքանով է համոզել Փաշինյանին «ցավալի լուծումների գնալու» հարցում: Պետք է ոչ թե սպասել, այլ նախապատրաստվել ռուս-թուրքական առաջիկա փոթորիկներին՝ ոչ միայն ինչ-որ կերպ տակից դուրս գալու, այլև շահեկան վիճակ ապահովելու համար: Դա միանգամայն հնարավոր է. քաղաքական միտք և պետական մտածողություն է պետք դրա համար, ինչը մեզանում խայտառակ տկար է:

Աղբյուրը՝ Lragir.am, հարցազրուցավար՝ Սիրանույշ Պապյան, 20․07․2021

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.