ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանական կողմին հրահանգված է ներխուժել, իսկ հայկական կողմին հրահանգված է հանդուրժել. Մ․ Հայրապետյան․ ԳԱԼԱ

Ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունների, ՀՀ իշխանությունների ու ռազմական գերատեսչությունների արձագանքի և մի շարք այլ հարցերի շուրջ  ԳԱԼԱ-ն զրուցել է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի հետ:

— Պարոն Հայրապետյան, ադրբեջանական զինված ուժերը 2 ամիս է Հայաստանի սուվերեն տարածք են ներխուժել և հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում լարման օջախներ ստեղծում: Ինչո՞վ է պայմանավորված է այս իրավիճակը, ինչո՞ւ նրանք համարժեք պատասխան չեն ստանում:

— Ե՛վ ադրբեջանական զինուժի՝ ՀՀ տարածք ներխուժումը, և՛ համարժեք պատասխան չստանալը պայմանավորված է առաջին հերթին ռուսական հրահանգով և թողտվությամբ: Ադրբեջանական կողմին հրահանգված է ներխուժել, իսկ հայկական կողմին հրահանգված է հանդուրժել: Ռուս-թուրքական պայմանավորվածությունները լրումին հասցնելու համար այժմ այդ միջոցով ՌԴ-ն ճնշում է գործադրում Հայաստանի վրա: Սակայն անցյալ տարվա դեկտեմբերից հետո շատ բան է փոխվել. Ռուսաստանն այլևս այն հնարավորությունը չունի, որ հանդգնի դեմ գնալ լրջորեն խաղի մեջ մտած Արևմուտքին ու Թուրքիայի հետ Հարավային Կովկասի վերաբաժանման, քարտեզագրման, սահմանագծման ռուս-թուրքական պրոյեկտ իրականացնի, ինչպես դա արեց 1921թ.-ին:

— Հայաստանի իշխանություններն այս հարցի լուծումը տեսնում են բացառապես դիվանագիտական ճանապարհով, արդյո՞ք դա հնարավոր է, եթե հաշվի առնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հրաժարականից ավելի քան մեկ ամիս անց ՀՀ գլխավոր դիվանագետի պաշտոնը շարունակում է թափուր մնալ:

-ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնի երկար թափուր մնալն ընդամենը պետական սոլիդությանն է մասնակի վնաս հասցնում, այլապես ո՞ւմ համար է գաղտնիք, որ մեր պետական առանցքային կառույցները մեծ մասամբ ռուսական կցորդներ էին: Մի՞թե միջազգային որևէ հարթակում Հայաստանը երբևէ այլ կերպ է քվեարկել, քան Ռուսաստանը: Այնպես որ, մեծ ողբերգություն չկա այդտեղ: Իսկ իշխանությունների որդեգրած բացառապես դիվանագիտական ճանապարհով խնդիրը լուծելն ուղիներից ընդամենը մեկն է, ըստ իս՝ ոչ ամենից արդյունավետը:

-Հայաստանն այսօր ունի բազմաթիվ արտաքին մարտահրավերներ, չլուծված հարցեր: Ստեղծված իրավիճակում ընդդիմությունը խոսում է անհնազանդության ակցիաների մասին: Ի՞նչ վտանգներով է հղի ներքաղաքական այս իրադրությունը:

— Թող խոսի: Հայաստանյան ռուսահաճ ընդդիմությունն ինքնուրույն որևէ քայլի արտոնություն չունի, իսկ Մոսկվան առայժմ նրան չի տվել և առաջիկայում չի տալու «ֆաս» հրամանը: Եթե մի փոքր ազգային ու մի փոքր գրագետ լինի մեր ընդդիմությունը, ապա կհիշի անհամերաշխության հետևանք վտանգներն արհամարհելու 100-ամյա վաղեմության դասը: Երբ այստեղ սկսեցին գզվռտվել, Թուրքիան «մարշ-բրասոկով» գրավեց Կարսը, Սուրմալուի գավառը, Ալեքսանդրապոլը, իսկ ռուսական բանակն օկուպացրեց մնացյալ Հայաստանը՝ բացի Սյունիքից, քանի որ Սյունիքն ուներ Նժդեհ: Եվ Ռուսաստանն ու Թուրքիան միասին վերացրին հայկական պետականությունը: Մի՞թե դա ցանկալի է մեր այսօրվա կարճմիտներին:

— Սյունիքի մարզի մի քանի համայնքապետեր անցնում են քրեական գործերով, և նրանցից 5-ը կալանավորվել են, իսկ Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը` ձերբակալվել: Ի՞նչ գնահատական կտաք Սյունիքի համայնքապետերի ձերբակալություններին ու կալանավորումներին, նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում տեղի ունեցած գործողություններին և այդ ձեռնարկության աշխատանքի ընդհատմանը:

— Ցանկալի չէ Սյունիքի հիմնական համայնքապետերի մեծ մասի զանգվածային ձերբակալությունը, քանի որ հոգեբանական բացասական ազդեցություն է թողնում այդ զգայուն տարածաշրջանի բնակչության վրա: Կարելի էր պարզապես քաղաքական անվստահություն հայտնել ու հեռացնել: Մեկուսացումն ամեն դեպքում վատ է. ոչ մի հայորդու ազատազրկում չեմ կամենա, մանավանդ, երբ նրա ազատության մեջ լինելը չի վնասում հասարակությանը: Հարցի երկրորդ մասն ամենևին չէի կապի սրա հետ: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում տեղի ունեցողը միանգամայն ողջունելի է, քանի որ ժամանակին կասկածելի հանգամանքներում կասկածելի ուժերի վաճառված և հիմա էլ օֆշորային անհայտ սեփականատերեր ունեցող մեր ազգային հարստությունը՝ երկրի ընդերքը, պետք է վերադարձվի Հայաստանի ժողովրդին, Հայաստանի պետությանը: Պահպանողական կուսակցությունը ԱԺ նախընտրական իր ծրագրում ավելի կտրուկ մոտեցումներ էր առաջադրում երկրի ընդերքի հարցում, քան այսօր փորձում է իրականացնել իշխանությունը. սա պետականության հիմնադրույթներին, պետականության որակին, պետականության կարգաբանական աստիճանին վերաբերող հարց է:

Աղբյուրը՝ ԳԱԼԱ, հեղինակ՝ Անահիտ Չալիկյան, 18․07․2021

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.