ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Գրեթե վստահ եմ, որ առաջիկայում մենք ունենալու ենք քաղաքացիական պատերազմին մերձ մի վիճակ. Միքայել Հայրապետյան․ ԳԱԼԱ

Նախընտրական զարգացումների, ընթացող քարոզարշավի եւ այլ թեմաների վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի հետ:

—Պարոն Հայրապետյան, խորհրդարանական ընտրությունների քարոզարշավն ընթացքի մեջ է։ Կողմերն իրար դավաճան, հանցագործ, անմեղսունակ, թալանչի և տարբեր այլ պիտակավորումներ են տալիս։ Այսպիսի իրավիճակում երկրում համերաշխության մթնոլորտ ձեւավորելը հնարավո՞ր է։

-Այսպիսի մթնոլորտում ոչ միայն համերաշխության հասնելն է անհնար, այլև մարդկային պարզ դեմքը պահպանելն է անհնարին դառնում: Մեր երկիրը թավալգլոր ընթանում է դեպի քաոս:

—Նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ձայնագրություն հրապարակեց։ Ի՞նչ նպատակ էր հետապնդում, և, ըստ Ձեզ, այդ ձայնագրության հրապարակայնացումն ի՞նչ տվեց Սերժ Սարգսյանին, և արդյո՞ք կարող ենք ասել, որ նախկին—ներկա ուժերը սկսել են կոմպրոմատներ կիրառել միմյանց դեմ։

-Ցավում եմ, որ կոմպրոմատներ են հրապարակվում. դրա փոխարեն բարի լինեին ժամանակին քաղաքակիրթ լյուստրացիա իրականացնել: Կրկնակի ցավալի է, որ դա Սերժ Սարգսյանի թևն արեց. չէ՞ որ նա, սոլիդություն պահելով, միակ նախագահն է, որ անձամբ չի մասնակցում ընտրություններին: Մեր պետությունն է կազմաքանդվում. իսկ պետություններն առաջին հերթին ոչ թե ինստիտուտներն են, այլ արժեքները: Մենք արժեքային այլասերման մեջ ենք, տվյալ պարագայում՝ չեկիստական ստոր մեթոդաբանական պատերազմի մեջ:

-Հայաստանի պատմության մեջ աննախադեպ ընտրություն է լինելու՝ այն իմաստով, որ մասնակցության հայտ են ներկայացրել նախկին 3 նախագահները և ներկայիս վարչապետը։ Անկանխատեսելի՞ է Ձեզ համար՝ ինչ զարգացումներ կլինեն եւ ինչ արդյունք կունենանք։

-Թեև հայաստանյան բոլոր «ընտրություններն» են եղել կրեմլյան նախագծմամբ, սակայն այս մեկն ուղղակի նողկալի է իր օպերատիվ կառավարմամբ: «Ընտրություններին» մասնակցում են հիմնականում ռուսական դրածոները՝ տարբեր դեմքերով, որպեսզի կատարյալ շփոթ սարքեն քաղաքացիների գիտակցություններում: Այն երկու-երեք միավորները, որոնք ռուսական իմպերիական ծրագրի մաս չեն, ստիպված են մրցակցել ոչ թե այդ գործակալական հզոր խաժամուժի հետ, այլ կռվել հենց գերհզոր իմպերիայի ետին մտքի՝ ռուս-թուրքական պրոյեկտի դեմ: Հիմա էլ, օրինակ, մեզ համար մրցակիցը ոչ թե Ձեր նշած երկու տասնյակից ավելի միավորներն են, այլ իրական հակառակորդը Ռուսաստանի հարավկովկասյան քաղաքականությունն է: Սա ճշտիվ նույնն է, ինչ 44-օրյա պատերազմը, երբ ժողովրդի գիտակցությունը մանիպուլացրին, թե կռվում ենք Ադրբեջանի դեմ, մինչդեռ մեր պատերազմը Ռուսաստանի և Թուրքիայի դեմ էր, քանի որ հենց նրա՛նք էին պայմանավորվող կողմերը, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը՝ դերակատարները: Ուժերն անհուսալիորեն անհավասար են, սակայն հանձնվել պետք չէ: Ցավոք, ամենից խոշոր միավորը, 5 կուսակցությամբ, մերը եղավ՝ «Ազատ Հայրենիք» դաշինքը, իսկ մեր իդեական եղբայրները որոշեցին միայնակ՝ իրենց կուսակցություններով գնալ՝ ըստ էության հեշտացնելով կրեմլյան մտահղացման իրականացումը: Մենք պարտավո՛ր էինք միասնաբար վիժեցնել այդ մտահղացումը, մինչդեռ այդ երկու-երեք հարազատ միավորները կոտորակվեցին: Իրերի այսպիսի դրվածքի պարագայում, ամենայն հավանականությամբ, կձևավորվի բացառապես ռուսական մի խորհրդարան, և մեր նպատակն է դա թույլ չտալը: Կփորձենք հաջողել:

-Գուցե արհեստական, բայց տպավորություն է ստեղծվել, որ հիմնական պայքարը Ռոբերտ Քոչարյանի և Նիկոլ Փաշինյանի միջև է ընթանալու. Դուք ի՞նչ կարծիքի եք։

-Ամենևին էլ արհեստական չէ այդ տպավորությունը. արհեստական է նրանց միջև պայքարը, որքան էլ որ այն կենաց-մահու լինի: Երկու կողմն էլ ստացել են միմյանց հոշոտելու կրեմլյան բարեհաճությունն ու հրահանգը, որը և ինքնամոռաց կատարում են: Ռուսաստանի նպատակն այստեղ իր համար կառավարելի քաոս ստեղծելն է, և դա կարող են անել առաջին հերթին պարոնայք Փաշինյանն ու Քոչարյանը՝ «սատանայի փաստաբանները»՝ իրենց արբանյակ «մասնակիցների» հետ:

— Ի՞նչ կլինի հունիսի 20-ից հետո եւ ինչ մտավախություններ ունեք։

-Ապաարժեքային, ապաբարոյական այսպիսի մթնոլորտում, որ ջանասիրաբար ստեղծեցին մեր ժողովրդի համար, միանգամայն հնարավոր են Ձեր նշած երկու ամենակործանարար տարբերակներն էլ: Գրեթե վստահ եմ, որ առաջիկայում մենք ունենալու ենք քաղաքացիական պատերազմին մերձ մի վիճակ, երբ մեր երկրի անիշխանականությունն ու կազմաքանդված լինելը ձեռնտու են լինելու բացառապես Ռուսաստանին և Թուրքիային, որպեսզի նրանք առանց միջազգային հանրության կարծիքի և տարածաշրջանի ժողովուրդների շահերի հաշվառման՝ անվրդով իրականացնեն Հարավային Կովկասը երկուսով կիսելու, քաղաքակրթությունից հեռու փակ գետտո սարքելու, իրենց հումքային կցորդն ու Արևմուտքի քաղաքակիրթ աշխարհի դեմ ռազմական պոլիգոն դարձնելու ճիվաղային ծրագիրը: Մի փոքր հույս են ներշնչում ԱՄՆ նախագահի հունիսի կեսերին երկվորյակ բռնապետ եղբայրների՝ Էրդողանի և Պուտինի հետ հանդիպումները: Մենք պարտավոր ենք պատրաստ լինել ցանկացած զարգացման:

Աղբյուրը՝ ԳԱԼԱ, հեղինակ՝ Անահիտ Չալիկյան, 11․06․2021թ


Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.