ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Կազմակերպելու ենք դիմադրական շարժում ռուս-թուրքական այս պրոյեկտը վիժեցնելու նպատակով՝ հասցնելով ասիմետրիկ հարվածներ․ Միքայել Հայրապետյան․ Lragir.am

Lragir.am-ի զրուցակիցն է Պահպանողական կուսակցության նախագահ, «Ազատ Հայրենիք» դաշինքի ցուցակը գլխավորող Միքայել Հայրապետյանը։

Պարոն Հայրապետյան, Լավրովը հայտարարում է, որ ԼՂ կարգավիճակի հարցը պետք  է լուծվի, բայց ոչ հիմա, և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցը պետք է համաձայնեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի հետ, սակայն այս պահին կարևոր է շեշտադրել ոչ թե դա, այլ տարածաշրջան խաղաղ կյանք վերադարձնելու հարցը: Երեկ էլ Փաշինյանը  հայտարարում էր, որ ԼՂ հարցի լուծման համար հիմա շատ ավելի շատ հնարավորություններ կան։ Ինչպե՞ս եք գնահատում այս երկու՝ իրարամերժ հայտարարությունները։

Վստահ չեմ, թե սրանք իրարամերժ հայտարարություններ են. սրանք ռուսական շահեր սպասարկող նույն միտքն են: Երկուսն էլ ստիպված ասում են, թե Արցախի հարցը լուծված չէ: Իհարկե դա առաջընթաց է այնքանով, որքանով ուղիղ հակառակն է Պուտինի բռնապետական այն գարշելի հոխորտանքի, թե «Ղարաբաղյան կոնֆլիկտ հասկացություն այլևս չկա». ռուսական գործիչներ Լավրովն ու Փաշինյանը սրանով նահանջում են իրենց նախնական ծրագրից և ընդունում են, որ Ռուսաստանն ու Թուրքիան միայնակ այլևս չեն լիազորվելու մեզ համար կենսական խնդիրը լուծելու համար: Սակայն սա երկրորդ կողմ էլ ունի: Բոլորն են հասկանում, որ ավելի քան 30 տարի ձգված հակամարտությունը չլուծելը բխում էր բացառապես ռուսական իմպերիական շահերից, որպեսզի կարողանա շարունակել իր 200-ամյա ներկայությունը Հարավային Կովկասում: Հիմա երկվորյակ եղբայրներ Պուտինն ու Էրդողանն անցել են «Պլան Բ-ին»՝ եթե չկարողացան արյունալի պատերազմով մինչև վերջ լուծել և փաստաթղթավորել իրենց կարծիքով ավարտված պատերազմի արդյունքները, ապա պետք է պահպանել քաոսը: Ռուսաստանի թուլացմանը զուգահեռ մեծանում է հակամարտությունը լուծելու հավանականությունը: Եթե Ն.Փաշինյանը նկատի ունի, որ արյունալի պատերազմի հետևանքները նպաստավոր պայմաններ են ստեղծել Արցախի միջազգային ճանաչման համար, ապա այստեղ փոքր-ինչ ճշմարտություն կա: Սակայն հավելեմ, թե հայերենի իմ իմացությունը չի բավարարում հասկանալ պարոն վարչապետի հայերենը. գուցե ա՞յլ բան է անցել նրա մտքով, որը կարող է վաղն իսկ հերքել:

Ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավի երրորդ օրը, այն անցնում է փոխադարձ վիրավորանքներով և մեղադրանքներով։ Ինչի՞ կհանգեցնի այս վիճակը։

Կհանգեցնի քաղաքացիական ընդհարումների, քաոսի, անիշխանության, ինչով Կրեմլին հնարավորություն կտրվի մեկ անգամ ևս փորձել առանց միջազգային կարծիքի և տարածաշրջանի ժողովուրդների շահերը հաշվի առնելու՝ վերահաստատել Հարավային Կովկասի ռուս-թուրքական բաժանման իրենց եղբայրության և համագործակցության գործող Կարսի պայմանագրի մի նոր տարբերակ՝ ներառելով Արցախի հարցը և, մանավանդ, կապուղիների տնօրինման ռազմավարական, քաղաքակրթական հարցը:

Մոսկվա հարցազրույցի մեկնած ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը ոչ մի ջանք չի խնայում Ռուսաստանին իր հավատարմությունը հայտնելու և ասում է, որ 26 ուժերից 20-ը, որոնք մասնակցում են ընտրություններին, հակառուսական են։ Նաև ասում է, որ Ղրիմը ռուսական է։ Ռուսաստանին հաճոյանալու այս հայտարարությունները ինչի՞ դրսևորում են։

Պարոն նախկին կգբշնիկի ասածը քննարկելիք չէ ինձ նման մեկի համար: Ինքս վստահ եմ, որ ընտրություններում հայտ ներկայացրածներից ընդամենը երկու-երեքն են, որ ռուսական օպերատիվ կառավարման ներքո չեն: Քանի որ դեռ շարունակվում է ռուս-թաթարական մոդելը, ըստ որի իշխանավարման յառլիկը ստացվում էր մեծ խանից, մեր ստրկամիտները վազում են հենց նրանց դուռը՝ խոստանալով ռուսական դպրոցներ բացել, ռուսական զորքեր տեղակայել Հայաստանի զանազան մասերում, ինքնամոռաց պայքարել երևակայական «հակառուսների» դեմ: Դրանք խորն արմատավորված ստրկամտության դրսևորում են, «առմյաշկա» ու «տառգաշ» լինելու ցուցիչ:

Այսպիսի տոնայնությամբ ընթացող քարոզարշավը ի՞նչ հետևանք կունենա ընտրությունների արդյունքների վրա։

Ընտրություններն արդյունք չենք ունենալու՝ ստանդարտ իմաստով, քանի որ ընտրությունների ժամանակը հենց այս պահին ընտրելը, այսպիսի փոխբացասման մեթոդ որդեգրելը միայն այն նպատակն են հետապնդում, որ Հայաստանում առաջանա իշխանական, ավելին՝ պետական վակուում, որի ընթացքում կրկին հնարավոր լինի Հայաստանը ենթարկել ռուս-թուրքական հոշոտման: Շեշտեմ՝ այս արտահերթը զտարյուն ռուսական պրոյեկտ է, որի հիմնական դերեր են հանձնված Փաշինյանին և Քոչարյանին, «մասսովկան» կապահովեն արբանյակները: Մյուս կողմից՝ ճիշտ պահին մենք կփորձենք կազմակերպել դիմադրական շարժում ռուս-թուրքական այս պրոյեկտը վիժեցնելու նպատակով՝ հասցնելով ասիմետրիկ հարվածներ: Առաջ Աստված:

Աղբույթը՝ Lragir.am, հարցազրուցավար՝ Սիրանույշ Պապյան, 11․06․2021թ

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.