ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Այստեղ համընկնում են մեր, ԱՄՆ-ի, Եվրոպայի և Իրանի շահերը. պարզապես խելամիտ գործել է հարկավոր․ Միքայել Հայրապետյան․ Lragir.am

Lragir.am-ի զրուցակիցն է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը

Պարոն Հայրապետյան, ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ Սյունիքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ որպես երկարաժամկետ լուծում տեսնում է ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը և դրան հաջորդող սահմանագծումը։ Ինչպե՞ս եք գնահատում Սյունիքի շուրջ ստեղծված իրավիճակը և Ռուսաստանի արձագանքն իրավիճակին։

Իհարկե պետք է սահմանազատում ու սահմանագծում լինեն: Բայց որ դա Սյունիքում զինվորական ուժեր տեղակայած Ռուսաստանն է ասում, արդեն իսկ մտահոգիչ է: Մենք բոլոր հիմքերն ունենք մտահոգվելու, թե արդյո՞ք չի կրկնվում Թումանյանի՝ 1905-1906թթ. հայ-թաթարական արյունալի ընդհարումների առթիվ ասածը. «Ռուս բյուրոկրատիան մութի մեջից մեկնեց իր ձեռքի ածխակոթը, վառեց թուրքի տունն իբրև հայ, հայի տունն իբրև թուրք»: Սահմանային խնդիրները պետք է լուծվեն բացառապես միջազգային պայմանավորվածությունների միջոցով՝ թույլ չտալով, որ Ռուսաստանը շարունակի Հարավային Կովկասի քարտեզագրումը դիտարկել որպես իր ներքին սահմանազատումներ: Մենք դա տեսել ենք 1920-ականներին, և կուշտ ենք Ռուսաստանի հակահայ «եղբայրությունից»:

Պարոն Հայրապետյան, ինչո՞ւ հայկական կողմը ՄԱԿ-ի ԱԽ չի դիմում, արդյո՞ք Ռուսաստանից կախվածությունն է խանգարում։

Միթե Ռուսաստանը թույլ կտա մեր դրածո իշխանությանը, որ նա ինքնուրույն քայլ անի նույնիսկ այն դեպքում, երբ դա մեզ համար կենաց-մահու խնդիր է: Մեր երկիրը դարձել է Ռուսաստանի պատանդը, միջազգային և տարածաշրջանային առևտրի նրա վճարամիջոցը:

Միացյալ Նահանգներն այս անգամ առավել քան երբևէ ակտիվություն է ցուցաբերում։ Արդյո՞ք այս առումով անվտանգության այլ երաշխավորներ չպետք է գտնի Հայաստանը։

Միանգամայն ճշգրիտ եք Ձեր հարցադրման մեջ: Հայաստանը պարզապես պարտավո՛ր է փոխել իր անվտանգության դոկտրինը. Ռուսաստանը հուսալի դաշնակից և գործընկեր չէ: Եվ երբ տեսնում ենք, որ այդ փոփոխության հրավերը կարդում է մոլորակի միակ գերտերությունը՝ ԱՄՆ-ն, ապա Հայաստանի թշնամին պետք է լինել, որպեսզի ընդառաջ չգնալ այդ հրավերին:

Սյունիքում ի՞նչ խնդիր են լուծում Ռուսաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան։

Սյունիքում, իմ խորին համոզմամբ, այսօր խնդիր են լուծում առաջին հերթին Ռուսաստանը և Ադրբեջանը: Հայաստանի կողմից չվերահսկվող կապուղուն միջանցքի կարգավիճակ տալը բխում է հենց դրանց շահերից: Ադրբեջանը Նախիջևանի անկլավի հետ կապելով, ուր այժմ տեր ու տնօրեն է Թուրքիան, Ռուսաստանը հույս ունի, որ Ադրբեջանի վրա գոնե ժամանակավորապես կնվազեցնի Թուրքիայի հեգեմոն ազդեցությունը՝ իր կողմը գրավելով Բաքվին, որի շնորհիվ էլ առավել ակտիվ աշխարհաքաղաքական և ածխաջրածնային շրջանառության լուրջ դերակատար կդառնա Հարավային Կովկասում՝ հընթացս մի կողմ վանելով նաև Իրանի գործոնը:

Իսկ Ադրբեջանն այդ միջանցքի ձեռքբերմամբ կթոթափի թուրքական կցորդի իր ներկա կարգավիճակն ու կդառնա տարածաշրջանային ծանրակշիռ գործոն: Թուրքիային այդ միջանցքը կարող է ձեռք տալ ընդամենը երկու առումով. նախ՝ կփորձի միջանցքի վերահսկման ռազմական փայատեր դառնալ Ռուսաստանի հետ՝ է՛լ ավելի ամրապնդելով իր վերադարձը Հարավային Կովկաս, երկրորդ՝ մեկ քայլ ևս կմոտենա իր ռազմավարական 100-ամյա պլանին՝ երբևէ մի նոր Նուրի փաշայի տեսքով Բաքվում առանց գլխացավանքի հայտնվելու և թյուրքական աշխարհի միավորողի «առաքելությունը» կատարելիս: Սա Հայաստանի պետականության կարգաբանական խնդիր է մեզ համար, ուստի իրավունք չունենք թույլ տալու: Փառք Աստծո, այստեղ համընկնում են մեր, ԱՄՆ-ի, Եվրոպայի և Իրանի շահերը. պարզապես խելամիտ գործել է հարկավոր:

Աղբյուրը՝ Lragir.am, հարցազրուցավար՝ Սիրանույշ Պապյան, 19․05․2021թ

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.