ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Բացառությամբ 1-2 իդիոտների

Մայիսի 12-ին ՀՀ ինքնիշխանության դեմ հայտնի ոտնձգությունից հետո գրեթե բոլորի համար պարզվեց, որ Ֆրանսիայի հետ ընդհանուր ճանապարհ ունենք, ԱՄՆ-ի հետ ունենք, բայց ՌԴ-ի հետ չունենք։ Պայթած են նաև «և-և»-ի, «փոխլրացման», «կոմպլեմենտարության» զուր ջանքերը։

Արտահերթ ընտրությունների շեմին ակտիվություն ցուցաբերող ողջամիտ քաղաքական միավորները ճշմարտապես նշում են, որ քաղաքական օրակարգի առաջնահերթությունների՝ ինքնիշխանության ամրացման, ժողովրդավարության խորացման, երկիրը ճգնաժամից դուրս բերելու, պատերազմի վերքերն ապաքինելու հարցերում Հայաստանի դաշնակիցները կարող են լինել ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Եվրամիությունը։ Բոլորն են տեսնում, որ նրանք իրենց դաշնակիցներին գործուն աջակցություն են ցուցաբերում պատերազմի, անվտանգության սպառնալիքի, աղետի, ճգնաժամի դեպքում։ Եվ բոլորը գիտեն, որ նույնը չի կարելի ասել ՌԴ-ի մասին։ Վերջինիս այդ հարցում հանդիմանելն էլ ազնիվ չէ, քանի որ նրա իրավանախորդը պարտվել է Սառը պատերազմում, և ՌԴ-ն պարտավորվել է դուրս գալ երբեմնի ազդեցության գոտիներից՝ խորհրդային բռնազավթումից ազատագրված երկրներից, այդ թվում՝ Հայաստանից։ Այսինքն՝ պատժամիջոցների տակ ճողված ՌԴ-ն իրավունք էլ չունի որոշիչ-դրական դերակատարում ստանձնել ոչ միայն աշխարհակարգին, այլև տարածաշրջանին առնչվող հարցերում։ Եվ բնական է, որ այս ակնհայտ իրողությունը հաշվի առնելով է մեր քաղաքական համայքն այսօր ճշմարիտ դիրքավորվում բարձրագույն արժեքներին և արտաքին հարաբերություններին առնչվող հարցերում։ Այստեղ ուսանելի է Սերբիայի օրինակը։ Անցյալ դարավերջին սերբերը կախվել էին ռուսների փեշից, բառացիորեն ասում էին. «Վերևում՝ Աստված, ներքևում՝ Ռուսաստանը»։ Մի՞թե հենց նույն սխալ ընտրության արյունոտ դառահամը մեր ժողովուրդը վերջին ամիսներին չտեսավ։

Մայիսի 12-ից հետո, երբ արդեն բոլորի համար բացարձակ ակնհայտ դարձավ, թե ով ով է աշխարհում, մեր ժողովուրդը ևս ողջամիտ հայացքով թեքվեց Արևմուտք։ Այդ քաղաքակարթական ընտրությունն ունի անվտանգային, պաշտպանական, տետեսական, մշակութային, գիտական իրական հետաքրքրություններ։ Այս հարցում իդիոտի (իդիոտ բառի հին հունական իմաստով) կարգավիճակում է ներկայիս խորհրդարանական մեծամասնությունը, որի պարագլուխը պարտավորվել է սպասարկել ռուսական հետաքրքրությունները՝ Հայաստանը պահել ՀԱՊԿ, ԵԱՏՄ ճահիճներում (այս մասին ասաց ՀՀ երրորդ նախագահը Ֆրունզիկի եղբորորդու հետ հարցազրույցում)։ Կաշկանդված են նախկին նախագահները, որոնց, հավանաբար, վախեցնում են Իմրե Նաձի ողբերգական-հերոսական ճակատագրով։

Եթե հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրություններն ընդհանրապես տեղի ունենան և ընթանան ազատ-արդար, ապա օտար-ռուսական-հակահայկական հետաքրքրություններ սպասարկողին կընտրեն միայն ռուսական գործակալներն ու ազդեցության գործակալները. վերջինների շարքերը շատ են նոսրացել այս ամիսներին, մանավանդ՝ մայիսի 12-ից հետո։ Հավանաբար, սա հաշվի առնելով են վերջին օրերին Հայաստան գործուղել «ռուբլու տոպրակներին», որոնք մեծ ու փոքր կուսակցություններին և հ/կ-ներին «խնդրում» են պաշտպանել «ռուսամետ» համարվողին։ Արդյո՞ք սա արտաքին-օտարերկրյա միջամտություն չէ ՀՀ ԱԺ ընտրություններին։ Եվ արդյո՞ք սա չեն տեսնում դեռևս հայկական չդարձած ԱԱԾ-ն ու դատախազությունը։

Եթե բոլորն են հասկանում, որ հակապետական-հակաժողովրդավարական հետաքրքրություններ սպասարկելը դավաճանություն է բառի բուն իմաստով, ապա ո՞ր փոքրոգի անբարոյականն է ձայն տալու նոյեմբերի 9-ի անօրինական փաստաթուղթը ստորագրողին, այն անքննելի համարողին, այն ավելի լավ իրականանցնել խոստացողին, հայկական բանակը ռուսական պահեստից դուրս չեկող զենքով սպառազինողին, անբացատրելի քիմիայով կապվածին, մոսկվաներից «դաբրո» ակնկալողին, Սև լճի սադրանքից հետո խուլ ձևացող ՀԱՊԿ-ին ու խորհրդային իներցիայով քարշ եկող ՌԴ-ին հուսացողին, պարզ ասած՝ օտար-ռուսական-հակահայկական հետաքրքրություններ սպասարկողին։

Պահպանողական կուսակցությունը լյուստրացիայի, Հայաստանից ռուսական զորքերի դուրս հրավիրման, հայոց բանակը Արևմտյան-եվրոպական ժամանակակից չափանիշներով վերակազմակերպելու, ԱՄՆ-ի և Եվրամիության հետ դաշնակցային հարաբերությունների հաստատման անհրաժեշտության մասին խոսել է հիմնադրման օրվանից՝ 1991թ.-ից։ Որոշ կուսակցություններ այս հարցերը առաջնահերթ են համարել ավելի վաղ, ոմանք՝ «Կոլցո» գործողությունից հետո, 1995-ի մարտի 16-ից հետո, 1999-ի հոկտեմբերի 27-ից հետո, 2008-ի մարտի 1-ից հետո, 2013-ի սեպտեմբերի 3-ից հետո, 2013-ի նոյեմբերի 5-ից հետո, Լավրովի պլանից հետո, 2016-ի հուլիսի 31-ից հետո, 2017-ի նոյեմբերի 24-ից հետո, 2020-ի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությունից հետո, հայ գերիներին պատանդ դարձնելուց ու նրանց ազատումը ձգձգելուց հետո, Սև լճից հետո, ոմանք չեն կարողանում քաղաքականապես ճշգրիտ ձևակերպել կարևոր ասելիքը, դժվարանում են դուրս գալ խորհրդային բռնազավթման տարիների քարոզչական կաղապարներից, բայց բոլորն են համամիտ, որ արտաքին քաղաքականության մեջ արմատական փոփոխություն է անհրաժեշտ։ Արդյունքում՝ ասպարեզում այսօր երևացող գերթե բոլոր քաղաքական միավորները (բացառությամբ 1-2 իդիոտների) Պահպանողական կուսակցության համախոհներն են արտաքին քաղաքական առաջնահերթությունների առումով, ուստի՝ նրանցից յուրաքանչյուրի անհատական կամ խմբային հաջողությունն ընտրություններում Հայաստանի այս պահի հաջողությունն է։

Շատ կարևոր է արձանագրել, որ եթե մի քանի տարի առաջ քչերն էին տարբերում կեղծ օրակարգն իրականից, ապա այսօր անկախության և ժողովրդավարության իրական կողմնակիցների թիվը հարյուրապատկվել է, այլապես Մոսկվան այստեղ չէր զորակոչի իր ամենաետին գործակալից մինչև ռուսական կասկածելի կապիտալի ուռկանում հայտնված հայազգի հաճկատարները։ Այսինքն՝ քաղաքական համայնքի մեծ մասն ազգային հետաքրքրություններով է առաջնորդվում, ինչը հույս է ներշնչում, որ հնարավոր արտահերթ ընտրություններից հետո հայ ժողովրդի գիտակցությունը վերջնականապես կարող է ազատվել ռուսական հակահայկական շանտաժից, եթե անգամ Մոսկվային հաջողվի մի կողմ հրելով հայ ժողովրդի կամքը՝ ձևավորել հերթական ու վերջին դրածո խորհրդարանը: Շատ մոտ է այն օրը, երբ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի հետ գործակցելով՝ լուծվելու են բարդ թվացող անվտանգային հարցերը, որով զարգացման ու առաջընթացի իրական դուռ է բացվելու հայ ժողովրդի համար՝ տեսանելի ապագայում համընդհանուր բարեկեցություն ապահովելով։

ԹԱԹՈՒԼ  ՄԿՐՏՉՅԱՆ

Պահպանողական կուսակցության քարտուղար

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.