ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Ո՞ւմ հետ բանակցել: Ադրբեջանցիների՞: Չէ՞ որ Ադրբեջանն այդ պրովոկացիային գնացել է Լավրովի այցից անմիջապես հետո․ Միքայել Հայրապետյան․ ԳԱԼԱ

Ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունների, սահմանահատման դեպքերի եւ ՀՀ իշխանությունների ու ռազմական գերատեսչությունների արձագանքի թեմաների շուրջ ԳԱԼԱ-ն զրուցել է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի հետ:

—Պարոն Հայրապետյան, թշնամին արդեն ավելի քան 2 օր դիրքավորված է ՀՀ տարածքի որոշ հատվածներում: Սյունիքում եւ Գեղարքունիքում կատարվող իրադարձությունների վերաբերյալ ի՞նչ դիտարկումներ և մտահոգություններ ունեք:

-Սյունիք ներխուժումն Արևմուտքի դեմ ռուս-թուրքական տանդեմի պատերազմի հարավկովկասյան ճակատի բաղկացուցիչն է, ինչպես Ղրիմի օկուպացիան և Դոնբասի ռազմակալումը եվրոպական ճակատում: Ռուսաստանն ու Թուրքիան դաշնակիցներ են քաղաքակիրթ Արևմուտքի դեմ մղվող պատերազմում: Ռուսաստանը և Թուրքիան փորձում են ամեն բան անել, որպեսզի առանց համաշխարհային հանրության՝ միայնակ կիսեն տարածաշրջանը, ինչպես դա կարողացան անել 1920-1921թթ.-ին: Այսօր ևս Թուրքիայի հետ պայմանավորվածությունների մեջ Ռուսաստանի համար վճարամիջոցը կրկին Հայաստանն է: Եթե արևմտյան լուրջ միջամտություն չլինի, ապա ռուս-թուրքական եղբայրությանը հաջողվելու է անել իրենց հայակործան սև գործը:

Եթե չեմ սխալվում, դեռ տավուշյան դեպքերի ժամանակ Ձեզ հետ զրույցում միասին արձանագրեցինք, որ ռուս-թուրքական 1920-1921թթ. պայմանավորվածությունների օրինակը փորձելու են կրկնել. մեկ դար առաջվա Կարսի մարզը, Սուրմալուն և Նախիջևանը կլինի Արցախը, իսկ Գյումրին՝ Սյունիքը: Ինչպես այն ժամանակ Հայաստանի պետականությունը ոչնչացնելու և մեր երկիրը սովետականացնելու համար ռուսները թուրքերին նվիրվեցին Կարսի մարզը, Սուրմալուն և Նախիջևանը, իսկ հետո հայ ժողովրդի գիտակցությունը մոլորեցնելու և ռուսների հանդեպ երախտագիտություն ապահովելու համար ռուսների «շնորհիվ» ետ վերադարձվեց Գյումրին, այնպես էլ այսօր նրանց նվիրվեց ամբողջ Արցախը, իսկ որպեսզի գիտակցության եկող հայ ժողովրդի երախտագիտությունն ապահովվի, նրանք թուրքերի ձեռքով փորձում են վերցնել Սյունիքը, որը հետո «բարեկամ» Ռուսաստանի «շնորհիվ» ետ վերադարձնեն (առանց Մեղրիի) ու ապահովեն հայ ժողովրդի «երախտագիտությունը», ինչպես նաև համակերպումը, որ հերթական անգամ մեր պետականությունն ընծայաբերենք աշխարհից մերժվող ռուսական հակաքաղաքակրթությանը: Անամոթ,  մարդասպան պարտիա են վերախաղարկում Ռուսաստանն ու Թուրքիան:

—Կան տեղեկություններ, որ ադրբեջանական զինուժը զինտեխնիկա է կենտրոնացրել Սև լճի երկայնքով, նաև մեծ թվով զինվորականներ կան կուտակված: Սյունիքում արդեն կամավորական ջոկատներ են կազմավորվում. ըստ Ձեզ՝ կա՞ արդյոք լայնածավալ բախումների վտանգ:

-Ռուս-թուրքական նպատակը հենց լայնածավալ բախումն է, որպեսզի կոծկվի իրենց նորօրյա «մոլոտով-ռիբենտրոպը»: Վճռորոշ կարող է լինել միայն Արևմուտքի հաստատակամությունը: Մենք հայրենական պատերազմի շեմին ենք, իսկ կամավորական ջոկատներ ոչ միայն Սյունիքում, այլև ողջ Հայաստանում է պետք կազմել, քանի որ իշխանությունն անձեռնահաս է, կաթվածահար և ռուսական դրածո:

—Հայաստանը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ—ին. հնարավոր կլինի՞ այդ կազմակերպության անդամների միջնորդությամբ հարթել իրավիճակը։

-Բոլորն են հասկանում, որ ոչ մի ՀԱՊԿ էլ չկա, այլ կա Ռուսաստանի ճնշմամբ այնտեղ հայտնված վասալային երկրների խումբ: Եթե Ռուսաստանի վրա արևմտյան ճնշումներն ուժգին լինեն, ապա Ռուսաստանն իր տեսքով կամ ՀԱՊԿ-ի անվան տակ՝ ստիպված կլինի դադարեցնել իր իսկ սկսած ավանտյուրան: Մեր վճռականությունից և պահի լրջությունը հասկանալուց էլ մեծ բան է կախված:

—Առհասարակ Սյունիքում ստեղծված իրավիճակի ի՞նչ հանգուցալուծում եք տեսնում, բանակցություններով խնդիրը կարգավորել հնարավո՞ր է:

-Ո՞ւմ հետ բանակցել: Ադրբեջանցիների՞: Չէ՞ որ Ադրբեջանն այդ պրովոկացիային գնացել է Լավրովի այցից անմիջապես հետո, այսինքն՝ նրա թույլտվությամբ, գուցեև՝ խնդրանքով: Սա լավրովյան պլանի երկրորդ արարն է: Ստացվում է, որ պետք է բանակցել Ռուսաստանի հետ. Ադրբեջանն ընդամենը խամաճիկ է, որն օգտվում է մեծապես: Իսկ Ռուսաստանի հետ բանակցելու ավելի բարձր ի՞նչ մակարդակի մասին է խոսքը, երբ Լավրովը եկավ Հայաստան ու «բանակցեց» վարչապետի հետ. մի քանի օր անց հաջորդեց ներխուժումը:

Մենք պարզապես պետք է կտրուկ քայլերի դիմենք՝ սկսենք մեզ համար անպիտան ՀԱՊԿ-ից դուրս ելնելու գործընթաց, Հայաստան հրավիրենք ամերիկյան և ֆրանսիական ՆԱՏՕ-ական զորքեր, պետք է կամք ունենանք ու վճռականություն ցուցաբերենք՝ կառավարությունն իր ողջ կազմով Սիսիան տեղափոխելով, երկրում ռազմական դրություն հայտարարելով ու համատարած զորակոչ իրականացնելով: Սրա հետ թերևս ռուսներն ու թուրքերը հաշվի նստեն, այլապես նույն միամտությամբ կասվի, թե Սյունիքը դժույն ու դժբախտ մարզ էր կամ ճողվածքով ողնաշար:

Աղբյուրը՝ ԳԱԼԱ, հեղինակ՝ Անահիտ Չալիկյան, 14․05․2021թ

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.