ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Լավրովի խոսքը պետք է ընկալել որպես Հայաստանի շրջանների աճուրդի հայտարարություն․ Միքայել Հայրապետյան․ Lragir.am

Lragir.am-ի զրուցակիցն է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը

Պարոն Հայրապետյան, ինչպե՞ս եք գնահատում Բաքվում Լավրովի արած հայտարարությունը, թե ԼՂ տարածաշրջանում սահմանների հետ կապված հարցերը լուծելու են: Ի՞նչ ենթատեքստ եք տեսնում:

Ամենայն հավանականությամբ, Լավրովին դարձյալ նեղն են գցել Բաքվում՝ նախնական պայմանավորվածությունները մինչև վերջ կատարելու պահանջով: Նա ավելի նողկալի արտահայտություններ էլ արեց, ինչպես նաև այցելեց Բաքվի Շահիդների դամբարան, գուցե նաև հայկական ռազմավարի հակամարդկային թանգարան էլ գնաց. ո՜վ գիտե: Մերոնք էլ խելքի առկայության պարագայում Լավրովին պետք է ստիպեին ոչ թե Ծիծեռնակաբերդ գնալ, այլ Եռաբլուր: Սակայն դրանցից ավելի կարևոր է երկու բան. նախ՝ հիշենք, որ Հայոց պետականությունը Բյուզանդիան վերացրեց այն ժամանակ, երբ այնտեղի կայսերական տոհմը հայկական էր – այսինքն՝ մեր գիտակցությունների մեջ պարտավոր ենք ջարդել այն կարծրատիպը, որ եթե այսինչը ծագումով հայ է, ապա կարելի է թշնամանք չսպասել: Երկրորդ՝ սա ուղերձ էր Արևմուտքին՝ Մինսկի խմբին, թե իրենք չեն հրաժարվում Հարավային Կովկասի հարցերը միայնակ լուծելու իրենց ծրագրից:

Լավրովը նշել է, որ կան սահմանազատման հարցեր, բայց ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ, սակայն լուծելի է: «Ռազմական փորձագետները դիվանագետների մասնակցությամբ կարող են պայմանավորվել երկուստեք ընդունելի լուծումների վերաբերյալ»,- ասել է նա: Սա ինչպե՞ս եք գնահատում:

Քանի դեռ հայկական շահերը տրամագծորեն հակառակ են ռուսական շահերին, ռուսական քաղաքականության որևէ դրսևորում հնարավոր չէ դրական գնահատել: Այդպես «երկուստեք ընդունելի» ներկայացվեցին նաև Կարսի մարզի, Սուրմալուի գավառի, Նախիջևանի և Արցախի օտարումը Հայաստանից և թյուրքական կողմին ընծայաբերելը: Խնդիրը դարձյալ մեր ընկալման մեջ է. արդյո՞ք կկլլենք ռուսական հերթական խաբսը:

Ի՞նչ նկատի ունի Լավրովը ԼՂ տարածաշրջանում սահմաններ ասելով՝ Արցախի ներկայիս շփման գի՞ծը, թե՞ Լավրովի պլանի ընդլայնված կիրառումը Հայաստանի շրջանների վրա:

Կարող եմ ենթադրել, որ Արցախի հարցը նրանք մեր մասով լուծված են համարում. այժմ իրենց խնդիրն այն է, թե ո՛ր մասն է Ադրբեջանինը, ո՛րը՝ Ռուսաստանինը: Վերջին հարյուրամյակի և մանավանդ վերջին տարվա փորձառությունը հուշում է, որ Լավրովի խոսքը պետք է ընկալել որպես Հայաստանի շրջանների աճուրդի հայտարարություն:

Վարչապետի խոսնակն արդեն իսկ արձագանքել է Լավրովի հայտարարություններին՝ նշելով, որ ՀՀ–ն միշտ առաջնայնություն է տվել մարդասիրական բնույթի խնդիրների լուծմանը, միաժամանակ անթույլատրելի է համարել նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետով ստանձնած պարտավորությունների չկատարումը, որն Ադրբեջանը փորձում է արդարացնել անհիմն մեկնաբանություններով: «Ռազմագերիների եւ պահվող այլ անձանց անհապաղ ու անվերապահ հայրենադարձության առնչությամբ միջազգային հանրության դիրքորոշումը առավել քան հստակ է»,-ասել է նա: Ի՞նչ կարող է սա նշանակել, և արդյո՞ք կարող ենք ակնկալել գերիների անհապաղ վերադարձ։

Նախ՝ վարչապետի խոսնակը պարտավոր էր այնքան պարզ խոսել, որ մեկնաբանման կարիք չլիներ. և խնդրին անդրադարձս ամենևին չընդունեք իբրև մեկնաբանում վարչապետի ինչ-որ խոսնակի ասածի: Երկրորդ՝ ախր, ամեն բան այնքան պարզ էր: Լավրովի գալուն անմիջապես նախորդեց մեր երեք գերու վերադարձը: Այդպես է եղել մարդկության պատմության բոլոր պատանդառությունների ընթացքում: Դրանով ցույց տվեցին, որ գերիների հարցը Ռուսաստանի ձեռքում է, որ մեր գերիները հենց Ռուսաստանի պատանդն են – երբ ու որքան ուզի, այնքան էլ ազատ կարձակի, եթե «խելոք մնանք» ու ստրուկի հեզությամբ կատարենք իր կամքը: Իսկ որ մեր վարչապետի խոսնակը նեղն ընկած՝ վկայակոչում է «միջազգային հանրությունը», ապա շատ խելք պետք չէր ունենալ, որպեսզի ճիշտ ժամանակին հասկացվեր, որ Ռուսաստանի ջրին փլավ գցել հնարավոր չէ: Մի՞թե պետք է թողնել, որ մեր վիճակն անհույս ու օրհասական դառնա, նոր միայն հայացքներս հառենք քաղաքակիրթ աշխարհին: Եվ այսպես է մեր կենսական բոլոր հարցերում. թողնում ենք, որ բանը բանից անցնի, նոր սկսենք ողջամիտ գործել, երբ արդեն ուշ է, երբ հայի երկրորդ խելքն արդեն ոչնչով օգնել չի կարող:

Աղբյուրը՝ Lragir.am, հարցազրուցավար՝ Սիրանույշ Պապյան, 12․05․2021թ

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.