ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Ազատության հրապարակում Քոչարյանն իր խոսքը պետք է սկսի ներողությամբ․ Միքայել Հայրապետյան․ 1in.am

«Առաջին լրատվական»-ը զրուցել է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի հետ:

– Պարոն Հայրապետյան, առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին առաջարկում է համատեղ դաշինքով մասնակցել առաջիկա ընտրություններին։ Ձեր կարծիքով ո՞րն է Տեր–Պետրոսյանի առաջարկի հիմնական նպատակը։

– Հիմնադիր-նախագահն ինքը սպառիչ հայտարարել էր այդ մասին. հիմնական նպատակը գործող իշխանության վերարտադրությունը թույլ չտալն է, Հայաստանի պետականանությանը սպառնացող այս գահավեժ ընթացքի կասեցումը:

– Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն արդեն հրապարակավ մերժել են Տեր–Պետրոսյանի առաջարկը։ Կարծում եք ներքաղաքական զարգացումներն ամեն դեպքում կարո՞ղ են հանգեցնել «Ազգային համաձայնության դաշինքի» ստեղծմանը։

– Կարծում եմ հնարավոր է, եթե Հիմնադիր-նախագահը այդ ազգային համաձայնությունը նպատակահարմար գտնի իրականացանել նաև առանց մերժողների՝ երկրորդ և երրորդ նախագահների:

Մայիսի 9-ին Ազատության հրապարակում ելույթով հանդես է գալու Ռոբերտ Քոչարյանը։  Սկսած 2008 թվականից Ազատության հրապարակում հավաքված զանգվածները պայքարել են Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանության դեմ։ Ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ Քոչարյանը ոչ միայն արդարացվեց 2008 թվականին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքից, մի բան էլ ավելին՝  հիմա արդեն ելույթ է ունենում նույն Ազատության հրապարակում։

-Ազատության հրապարակում հավաքներ անելը, ելույթներ ունենալը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունք է, այդ թվում՝ Ռ. Քոչարյանի: Սակայն, իրավունքներից բարձրագույնը բարոյական իրավունքն է. եթե պարոն Քոչարյանն իր խոսքը սկսի ներողությամբ, որ 1965թ. Ապրիլի 24-ից ի վեր հայերիս համար սրբազան Ազատության հրապարակն անվանել է թատերական հրապարակ, ապա գուցեև մասամբ ունենա այդ բարձրագույն իրավունքը՝ բարոյականը: Իհարկե, շատ շահեկան կլիներ, որ պարոն Քոչարյանն իր այդ խոսքն այս տարվա մայիսի 9-ին արտասաներ Ստեփանակերտի հրապարակում, ռուսական շքերթին. չէ՞ որ հաճախ են հպարտանում նրա ռուսական կապերով, թեև այսօր հայկական շահերին ամենից հակասողը հենց ռուսական ծրագրերն են: Իսկ թե պարոն Քոչարյանն ազատվեց սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքից, ապա դա միայն նրա և Ն. Փաշինյանի հաղթանակի-պարտության խնդիրն է: Մենք՝ քաղաքացիներս, պարտավոր ենք ընդամենն ի գիտություն ընդունել դատարանի որոշումը:

-Ներկա ներքաղաքական զարգացումները, քաղաքական ուժերի դասավորվածությունն ինչպիսի՞ մրցապայքար է հուշում։ Կարո՞ղ ենք խիստ նախնական ասել, թե որ ուժերը կարող են Ազգային ժողովում հայտնվել:

-Մրցապայքարը կլինի խիստ ապաքաղաքական ու ապապետական, հայհոյալից ու գավառական, դեպի պետական կազմաքանդում գնացող ազգի ցածրակարգ ու անզիջում լաչառակռիվ: Կլինի հերթական տրագիկոմեդիան: Վստահաբար կարող եմ ասել, որ ընտրություններ լինելու պարագայում խորրհրդարանում կհայտնվեն բացառապես ռուսական կոլաբորացիոնիստական միավորներ, իսկ թե ինչպիսին են նրանց անվանումները, միանգամայն անհետաքրքիր են ու ավելորդ:

Աղբյուրը՝ 1in.am, հեղինակ՝ Սոնա Հարությունյան, 08․05․2021թ․

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.