ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

«Փաշինյանի ու Քոչարյանի «գզվռտոցից» թուլանալու է Հայաստանը. հիմա նրանց կռիվը կրեմլյան «բոնուսի» համար է, որը Հայաստանի համար շատ թանկ է արժենալու»․ Միքայել Հայրապետյան․ ԳԱԼԱ

Հայաստանյան ներքաղաքական անկայուն իրավիճակի, ինչպես նաև նոր իրողությունների առջեւ հայտնված մեր երկրի արտաքին հարաբերություններին առնչվող հարցերի շուրջ ԳԱԼԱ-ն զրուցել է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի հետ։

— Պարոն Հայրապետյան, ինչպե՞ս եք գնահատում վարչապետի՝ ԱԺ-ում ունեցած ելույթը։ Մասնավորապես այն, երբ Նիկոլ Փաշինյանը միայն ամիսներ հետո է հերքում ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի նոյեմբերի 17-ին արած հայտարարությունը։

— Ափսոս, Հայաստանում հիմա ամեն բան նախընտրական տրամաբանության մեջ է, այդ թվում՝ վարչապետի ելույթը: Գեներալի ասածը հերքելը նույնպես այդ խայտառակ տրամաբանության մեջ է: Ո՛չ ժամանակը, ո՛չ տեղը, ո՛չ հերքման ձևն ու մակարդակը հարիր չէին իր անելիքն իմացող պետության ղեկավարին:

— Նիկոլ Փաշինյանն իր ելույթում խոսեց նաև Լելե Թեփե օպերացիայի մասին։ Դուք վարչապետի այդ ելույթում որևէ նորություն արձանագրեցի՞ք։

— Ո՛չ: Ոչ միայն որևէ նորություն չկար, այլև ավելի խճողեց ամեն բան, թեև այսօրվա իր առաքելությունը պետք է լիներ հարթեցման, հանդարտեցման քաղաքականությունը:

—Օրերս Ադրբեջանում բացվեց արցախյան պատերազմին նվիրված «պուրակը», որը միջազգային մակարդակով քննադատության է արժանացել։ Ինչո՞ւ պատերազմից հետո Ադրբեջանը դեռևս չի հանդարտվում, եւ ինչո՞ւ է իշխանությունն անհաղորդ մնում Ադրբեջանից հնչող հայտարարություններին։

-Ադրբեջանի իշխանությունը լավ գիտե, որ լավագույն պաշտպանությունը հարձակումն է, և որքան շատ «գրավես» հարձակման ժամանակ, այնքան շատ զիջելիք կունենաս պայմանավորվելիս: Այս ծիրում է նաև հայազգի գերիների հարցի ձգձգումը: Առաջիկայում ժամանակն աշխատելու է Ադրբեջանի դեմ, ուստի արևելյան այդ բարբարոսը շտապում է: Այդ շտապողականությունը տեսանք հրադադարից հետո Արցախի այս ու այն հատվածում նրա առաջխաղացումների ու Սյունիքում զոռբայական սահմանագծումների տեսքով, որոնց հայկական կողմն անզոր եղավ միջամտել: Մյուս կողմից՝ դա ուղերձ է Ռուսաստանին, որ վերջինս արագ կատարի Հայաստանի և հայ ժողովրդի հաշվին ստանձնած իր պարտավորությունները:

Եվ Հայաստանի իշխանություններն անհաղորդ են մնում ոչ միայն անվիճարկելի դիրքեր զիջելով, այլև Ադրբեջանից լսվող ցինիկ հայտարարություններին, քանի որ պարտված անձանց ճակատագիրն է դա: Պատմության մեջ գեթ մեկ դեպք հնարավոր չէ ցույց տալ, որ որևէ պարտված իշխանավոր կարողանա ծպտուն իսկ հանել իրեն հաղթածի դեմ. պարտված կողմերն արագ փոխել են իշխանությունը, որպեսզի անձամբ չպարտվածները կարողանան հնարավորինս դիմակայել ու նվազեցնել  պարտադրվող պահանջները: Մեր պարագայում գործում է ոչ շահեկան մի հանգամանք ևս. մերոնք կարող են ասել և անել բացառապես այն, ինչ կհրահանգի Կրեմլը, իսկ Կրեմլը, բնականաբար, հրահանգում է ոչ թե մեր, այլ իր շահերին համապատասխան:

—Իշխանական և մերձիշխանական շրջանակները խոսում են Ադրբեջանի հետ բարեկամություն անելու, կոմունիկացիաներ բացելու մասին։ Դա այս փուլում մեզ պե՞տք է:

— Դիպուկ արձանագրեցիք՝ «այս փուլ» ասելով: Այս փուլում մեզ ոչինչ դրական տալ չի կարող կոմունիկացիաների բացումը, այլ միայն բացասական, քանի որ մենք ստիպված կլինենք շարժվել բացառապես իրենց կանոններով, ոչ թե փոխշահավետ ու քաղաքակիրթ պայմանավորվածություններով: Եթե Հայաստանի տարածքով անցնող երկաթուղին հսկելու ենք ոչ թե մենք, այլ ռուսները, ապա մի՞թե Ադրբեջանի տարածքով անցնողն էլ հսկելու են ոչ թե ադրբեջանցիները, այլ դարձյալ ռուսները: Իհարկե ոչ: Այսինքն՝ մենք կորցնում ենք մեր սուվերեն տարածքի վրա իրավազորության լրջագույն մաս, նվազում է մեր պետական ինքնիշխանությունը, թեև ամեն դեպքում մեր երկաթուղիները մենք ստորաբար վաղուց էինք հանձնել ռուսական «Հարավկովկասյան երկաթուղիներին»: Միով բանիվ՝ այս պահին կապուղիների բացումը տեղի կունենա ռուսական պրոյեկտի համաձայն, որը մեր կենսական շահերին դեմ է: Այլ բան է, եթե դա տեղի ունենա որոշ ժամանակ անց, երբ մենք կունենանք պարտությամբ չկաշկանդված իշխանություն, և դա լինի ոչ թե միայն ռուսական շահեր սպասարկող պրոյեկտ, այլ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների փոխշահավետ համաձայնություն:

— Փաշինյանը հայտարարել է ԼՂԻՄ տարածքի դեօկուպացիայի խնդիրը բանակցային հարց դարձնելու նպատակի մասին։ Դուք դրան միտված նախադրյալներ տեսնո՞ւմ եք։

— Քաղաքական նրբություններից փոքր-ինչ հասկացող ցանկացած մեկը կասի, որ դա սովորական մանիպուլյացիա է: Ամենևին տարօրինակ չէ, որ այդ մասին միաժամանակ, կրկնում եմ՝ միաժամանակ, խոսեցին երկու հոգի՝ պարոն Փաշինյանը և պարոն Քոչարյանը: Այսինքն՝ նրանք, ովքեր ժամսլաքներ ճշտեցին ՌԴ նախագահի հետ: Դա կայսրությունների համար փորձված մեթոդ է, երբ տկար երկրի հակամարտող առաջնորդներին խոստանում են նույն բանը: Նրանցից յուրաքանչյուրը կարծում է, թե հենց իրե՛ն տրված հույսն է իրականը: Մինչդեռ կայսեր համար իրականն այն է, որ սրանց միջև է՛լ ավելի թեժացնի բախումն ու տկարացնի տվյալ երկիրը: Հուսամ՝ պարոնայք Փաշինյանն ու Քոչարյանը չեն կլլել Պուտինի տված կուտը: Նրանց «գզվռտոցից» թուլանալու է Հայաստանը: Հիմա նրանց կռիվը կրեմլյան այդ «բոնուսի» համար է, որը Հայաստանի համար շատ թանկ է արժենալու: Լավ կանեին՝ երկուսն էլ մի կողմ քաշվեին և իրենց հերթին չխաբեին Հայաստանի քաղաքացիներին: Իսկ որ երբևէ Արցախի հարցը լուծվելու է հօգուտ մեզ, կասկած իսկ չունեմ: Դրա համար մենք պետք է շտկենք մեր քաղաքակրթական ուղենիշերը ու սպասենք մեր աստեղային ժամին: Եվ դա յոթ սարի հետևում չէ:

Աղբյուրը՝ ԳԱԼԱ, հեղինակ՝ Անահիտ Չալիկյան, 18․04․2021թ

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.