ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Քոչարյանն ու ԲՀԿ-ն ո՞վ են, որ ինքնուրույն բան ասեն, ՌԴ-ի խրտվիլակներ են․ մրցում են՝ ով լավ կկատարի Կրեմլի հրամանը․ Միքայել Հայրապետյան․ Factor TV․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor TV-ի հարցազրույցը Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանի հետ

-Պարո՛ն Հայրապետյան, արտահերթ ընտրությունների ընտրարշավը դեռ չի մեկնարկել, սակայն, օրինակ, ԲՀԿ-ն հայտարարում է, որ նոր ռազմաքաղաքական դաշինք է պետք կնքել ՌԴ-ի հետ, իսկ Ռոբերտ Քոչարյանը Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելու մասին է խոսում։ Ինչ եք կարծում՝ այդ գաղափարները Մոսկվայի աջակցությունը կստանա՞ն, միգուցե նրա՞նց վրա խաղադրույք կատարեն։

-Ոչ թե Ռոբերտ Քոչարյանը կամ «Բարգավաճ Հայաստանն» են ասում այդպիսի բան, այլ Մոսկվայից են ասել՝ «ասեք այդպիսի բան»։ Նրանք ո՞վ են, որ ինքնուրույն բան կարողանան ասել, խրտվիլակներ են պարզապես՝ Ռուսաստանի ստեղծած խրտվիլակներ։ Քաղաքական դաշտում որոշակի ազդեցություն ունեցող բոլոր ուժերը ռուսական ագենտուրա են։ Այստեղ կասկած լինել անգամ չի կարող։ Իրենք են ինքնառաջարկվում ՌԴ-ին, հրամանը ստանալիս կատարում են, հիմա մրցակցում են՝ որն ավելի լավ կկատարի հրամանները։ Մեկն ասում է՝ ՌԴ-ի հետ ավելի սերտ ինտեգրում, մյուսն ասում է՝ ինձ տվեք իշխանությունը, ես կպայքարեմ հակառուսության դեմ, այն դեպքում, որ լավ գիտի՝ Հայաստանում հակառուսականություն չկա և չի կարող լինել, որովհետև մենք «հակա» ժողովուրդ չենք։ Ակունքում արժեքներն են դրված, դրանից պիտի խոսենք, թե չէ՝ մի Քոչարյան էս կողմ, մի Քոչարյան՝ էն կողմ․․․ 11-րդ բանակն արդեն բերեցին Հայաստան՝ Ղազախի և Իջևանի կողմից, պարզապես փորձում է Կարմիր բանակն այստեղ ուժեղանալ, որովհետև տարածաշրջանում փորձություններ են սպասվում և ինքը Թուրքիայի հետ եղբայրություն է անում, պարտավորություն ունի և պետք է կատարի։

-Ալիևի ռեժիմի խոսնակի դերում գտնվող նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուղարովն է նշում․ «Ռուս-թուրքական տանդեմը, որը մենք ներգրավել ենք վերաինտեգրման հարցում աջակցության համար, մեզ համար լիովին ընդունելի է: Այդ ձևաչափը չի ենթադրում Ղարաբաղի որևէ կարգավիճակ: ԵԱՀԿ ՄԽ-ին վերակենդանացնելը, ԵՄ մի շարք երկրների՝ կարգավիճակի մասին թեմատիկայի վերակենդանացումը, ոչնչի չի հանգեցնի»։ Հայաստանը, ստացվում է, համաձա՞յն է այս ձևաչափին։

-Եկեք արդարամիտ լինենք և հիշենք՝ Նիկոլ Փաշինյանը Ալիևի և Պուտինի հետ կանգնած Մոսկվայում կարճատև հաղորդմանը համարձակություն ունեցավ ասելու՝ «Մեզ համար ընդունելի է Մինսկի խումբը»։ Այսինքն, ուզում եք ասել՝ ԵՄ-ն, ԱՄՆ-ն հանկարծ պիտի հանդուրժեն այս թեժ, նավթային ռեսուրսներով հարուստ տարածաշրջանում ինչ-որ կործանվող կայսրություն՝ ՌԴ-ն և Թուրքիան, առանց ուրիշների շահերը հաշվի առնելու, ինչ-որ բա՞ն անեն։

-Բայց չէ՞ որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստեղծված իրավիճակը համաձայնեցված էր նաև Ռուսաստանի և Թուրքիայի միջև, այսինքն՝ այն, ինչ պիտի կատարվեր, արդեն տեղի ունեցավ։

-Ի սեր Աստծո, սպասեք՝ թող նախ պատերազմն ավարտվի։ Լևոն Տեր-Պետրոսյանն իր «Խաղաղություն, թե պատերազմ» փառահեղ գործում այսպիսի մի հրաշալի արտահայտություն էր արել՝ «Շատերն են ճակամարտը պատերազմի հետ շփոթել և դրա համար վճարել են»։ Այնպես որ՝ եկեք չշփոթենք՝ պատերազմը դեռ չի ավարտվել։ Հիմա ընթանում է պատերազմի՝ չկրակելու փուլը, ո՛չ ավելին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Աղբյուրը՝ Factor.am, հեղինակ՝ Ռոբերտ Անանյան, 03․03․2021թ

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.