ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Մեր երկիրն այսօր արյունաքամ է լինում. սթափվել է պետք, բայց ոչ գավառական հաստակողությամբ զոռբայություն անել. Միքայել Հայրապետյան․ 1in.am

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը

 -Պարոն Հայրապետյան, Հայաստանում տեղի ունեցող գործընթացներն ինչպե՞ս եք գնահատում։ Որքանո՞վ է այս ամենում արտաքին հետքը ներկա։ Առհասարակ այս պրոցեսները հայաստանածի՞ն են, թե՞ ոչ։

 –Ավելի քան 10 տարի կրկնում էի, թե մեր երկրում ստեղծվում է նախաալեքսանդրապոլյան վիճակ. հիմա հասանք դրան՝ այս ողբերգությանը, աղետին: Հիմա էլ բացառապես դրսի իրենց տերերի հրահանգով իշխանությունն ու հրապարակային ընդդիմությունը պահում են ներքին հյուծիչ լարվածությունը, որպեսզի երկիրն ունակ չլինի դիմակայել ռուս-թուրքական պրոյեկտին, և տերերն առանց լրացուցիչ բարդությունների կարողանան հոշոտել Հայաստանն, ինչպես դա արեցին 1920-21թթ.: Այս ամենի ոչ թե հետքը, այլ ծնունդն է արտաքին: Հայաստանածին են միայն մերոնց խեղված էթնոհոգեբանությունը և տխեղծ աշխարհընկալումը, միով բանիվ՝ որովայնամիտ ու օտարահաճ առմյաշկայությունը:

–Այսօր փողոցները փակած ընդդիմությունը որքանո՞վ է վայելում Ռուսաստանի աջակցությունը, որքանո՞վ իշխանությունն ունի Ռուսաստանի աջակցությունը։ Արդյո՞ք Հայաստանում ստեղծված իրավիճակը ձեռնտու է կողմերին։

-Ոչ թե վայելում են Ռուսաստանի աջակցությունը, այլ հենց գործում են ռուսական հանձնարարությամբ՝ թե՛ փողոցները փակած ընդդիմությունը, թե՛ օրապակաս իշխանությունը: Եվ նրանք չեն առաջնորդվում ոչ միայն երկրի շահով, այլև, Ձեր ասած, սեփական ձեռնտու լինելու կանխավարկածով. պարզապես հրահանգ են կատարում՝ ջանալով, որ այդ հրահանգը հնարավորինս անթերի կատարեն ու գերակատարեն՝ հուսալով առաջիկայում ռուսաց ցարից ստանալ Հայաստանի գուբերնատորի յառլիկը:

-Հայաստանը հիմա որքանո՞վ է փնտրում այլընտրանք դրսում։ Հիմա, երբ ամբողջությամբ ուժի մեջ է մտել Հայաստան-ԵՄ Ընդլայնված ու համապարփակ գործընկերության համաձայնագիրը, այդպիսի հնարավորություն տեսնո՞ւմ եք։

Շնորհակալություն, որ հիշեցիք մեր երկրի համար այդ կարևորագույն համաձայանագրի մասին. հիմա համատարած աղմուկի մեջ միտումնավոր շրջանցվում է այդ դարակազմիկ իրողությունը: Եվրոպան և մասնավորապես Ֆրանսիան է՞լ ինչ անեն, որ մերոնք խիզախեն աշխարհին չնայել Ռուսաստանի աճուկների արանքից: Հետթրամփյան ԱՄՆ-ի մասին էլ չասենք. դրանք քաղաքակրթական՝ անվտանգային համագործակցության մեկնված ձեռքեր են, որոնք մենք փոխարինում ենք մեր թշնամուն միլիարդների զենք մատակարարածի ու լավրովյան պլան գրածի արյունոտ թաթով: Մինչդեռ հնարավորություն կա՛, պարզապես մեր քաղաքական դասակարգի մեջ բացակայում է խիզախումը՝ մտքի և ոգու խիզախումը:

-Հիմա, երբ Օնիկ Գասպարյանը օրենքի ուժով ազատված է պաշտոնից, Դուք հեղաշրջման վտանգ տեսնո՞ւմ եք։

Այդպես միանշանակ չէի պնդի, թե ԳՇ պետն ազատված է աշխատանքից: Բացի իշխանությունից, հրապարակի ընդդիմությունից կան նաև նախագահ և Սահմանադրական դատարան, որոնք իրենց հերթին կփորձեն ձգձգել, քաոսը խորացնել, հասցնել ամենաուղղակի բախումների: Այսինքն՝ դիմակայությունը դեռ որոշ ժամանակ կշարունակվի, իսկ հեղաշրջում կարվի բացառապես այն ժամանակ, երբ հրահանգ գա Մոսկվայից: Եթե չեկավ այդ հրահանգը, այլ հրահանգվեց շարունակել անորոշությունը՝ է՛լ ավելի ջլատելով ու անիշխանության մատնելով Հայաստանը, ուրեմն այդ բոլոր բեկորներն էլ կխաղան ձգձգման խաղը, և Հայաստանն ուժասպառված կախված կմնա երկնքի ու երկրի արանքում: Մեր երկիրն այսօր արյունաքամ է լինում. սթափվել ու խիզախել է պետք, բայց ոչ գավառական հաստակողությամբ զոռբայություն անել:

Աղբյուրը՝ 1in.am, Հեղինակ՝ Սիրանույշ Պապյան, 14 Մարտ, 2021

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.