ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Մոսկվան ու Անկարան մեծ թափով իրականացնում են «3+3 պլատֆորմը», որ մեզ համար կունենա մի նոր Մոսկվա-Կարս պայմանագրի աղետալի հետևանք․ Միքայել Հայրապետյան

Lragir.am-ի զրուցակիցն է Պահպանողական կուսակցության  նախագահ Միքայել Հայրապետյանը

Պարոն Հայրապետյան, օրերս Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանը խոչընդոտում է Զանգեզուրի միջանցքի բացմանը, բայց մենք կստիպենք նրանց դա անել: Ինչպե՞ս եք գնահատում Սյունիքի շուրջ ստեղծված իրավիճակը:

Մեր երկիրը հիմա այնպիսի մերձանիշխանական վիճակում է, որ Ալիևը հիմքեր ունի նման պնդման համար, մանավանդ երբ զգում է Թուրքիայի և Ռուսաստանի անվերապահ աջակցությունը: Ռուսաստանը հենց այս օրերին Դաղստանում լայնամասշտաբ շինարարություն է սկսել երկաթուղու, օդանավակայանի, նավահանգստի և ավտոճանապարհների նորոգումների ու արդիականացման ուղղությամբ, կառուցում է նոր տերմինալներ, ինչի մասին ռուսական կենտրոնական հեռուստատեսությամբ պաշտոնապես հայտարարեց դաղստանցի պաշտոնյան: Նրանք հիմնավորապես նախապատրաստվում են ռուս-թուրքական «3+3 պլատֆորմի» իրականացմանը, որ մեզ համար կունենա մի նոր Մոսկվա-Կարս պայմանագրի աղետալի հետևանք: Նրանց հիմնական թիրախը հենց Մեղրին է, ուր տրոփում է Հայաստանի պետականության սիրտը: Սյունիքի շուրջ ստեղծված ներկա վիճակը տագնապահարույց է: Թեկուզ միայն հոգեբանորեն՝ ներկա պարտված իշխանությունը օբյեկտիվորեն չի կարող ըստ արժանվույն պաշտպանել երկրի ռազմավարական շահը՝ այն կրկին անգամ մանրադրամի վերածած բորենիների առջև: Մենք հատել ենք մեկ տասնամյակ շարունակ զգուշացրածս ալեքսանդրապոլյան սահմանը, մոտենում ենք այն փաստաթղթավորելու Մոսկվա-Կարսի ողբերգությանը՝ ռազմավարական աղետին:

Կապանի քաղաքապետը հայտարարել է, որ Ադրբեջանը ոչ թե նոր դիտակետ է տեղադրել Նոր Առաջաձորի հատվածում, այլ 2 նոր վերակարգ է տեղադրել: Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը, և իշխանությունները որքանո՞վ են համարժեք արձագանքում կամ, առհասարակ, արձագանքում են, թե ոչ:

Վստահում եմ Կապանի քաղաքապետի ասածին. նա գոնե առ այսօր չի ստել իշխանության և «17»-ի պես: Իսկ մեր իշխանությունները, կրկնեմ, օբյեկտիվորեն չեն էլ կարող համարժեք արձագանքել երակարաժամկետ ու հեռահար աղետի այս վիճակին: Ախր, իրե՛նք են առաջին հերթին նոկաուտի հասցվել հենց նրանց կողմից, ում գործողություններին պետք է արձագանքեն. դա անհնար է, ուշքի գալու համար ժամանակ է պետք: Նրանք այնքան ծեծված, կռացված ու շփոթեցված են ռուս-թուրք-ազերիների կողմից, որ նույնիսկ չեն զորում խիզախել ու հայացքն ուղղել դեպի մեր քաղաքակրթական դաշնակիցները՝ ԱՄՆ և Եվրոպա: 17-ականներն էլ իրենց հերթին են հարվածում առանց այդ էլ ծնկած իշխանության թույլ ու թուլացած գլխին, որի՝ իշխանության կառչած լինելու համառությունը կարող է կործանարար լինել: Պարտություն չկրած, պարտությունը չհանդուրժող դեմքեր են պետք՝ գեներալ դը Գոլի, Մոշե Դայանի, Կոնրադ Ադենաուերի նման:

Ընդհանրապես, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ներքաղաքական իրավիճակը, երբ մի կողմից տեսնում ենք արտահերթ ընտրությունների շուրջ փորձում են համաձայնության գալ, մյուս կողմից ընդդիմադիրները դրան համաձայն չեն: Արդյոք այս իրավիճակում ընտրությունները կարող են ելք լինել:

Արդեն սկսում եմ մտածել, որ մեր իշխանությունն արտահերթ ընտրություններն ուշացրեց այնքան, որպեսզի նույնիսկ արտահերթը ներազգային լարվածության լիցքաթափման ու իրականում լեգիտիմ իշխանության ձևավորման միջոց չլինի, և քաոտիկ վիճակում իշխանությունը հանձնվի Ռոբերտ Քոչարյանին: Մի փոքր հույս են ներշնչում Լևոն Տեր-Պետրոսյանի լայնախոհ սթափությունն ու Սերժ Սարգսյանի զուսպ մոտեցումները, ինչպես նաև մեր ժողովրդի հավաքական զգայնությունը, որն ըստ էության բոյկոտել է թե՛ պարտված ու սնանկ իշխանությանը, թե՛ վստահություն չներշնչող 17-ականներին:

Եթե լինեն արտահերթ ընտրություններ, արդյոք հասարակությունն այդ ընտրություններում ունենալու է այլընտրանք, թե՞ կրկին պայքարը հների ու ներկաների միջև է լինելու: Արդյո՞ք կգտնվեն ուժեր, որոնք կկարողանան հանրության համար ավելի համոզիչ լինել: 

Հենց հիմա իշխանությունն ու 17-ականներն անում են հնարավորը, որպեսզի մեր ժողովուրդն այլընտրանք չունենա: Սակայն, մեր ժողովուրդը հենց օրհասական պահերին է կարողացել իր միջից դուրս բերել սթափ առաջնորդներ, որոնք խորտակվող մեր նավը մի կերպ փրկել են: Դրա վկայությունն է Գարեգին Նժդեհի ֆենոմենը, մասամբ նաև՝ Ալեքսանդր Մյասնիկյանինը: Պահպանողականներն այդ այլընտրանքն առաջարկելու նպատակով կփորձեն պարտության բեռան տակ չկքած ու հնարավորինս անբասիր ժողովրդավարական ուժերի հետ մի բան անել. առաջն Աստված:

Աղբյուրը՝ Lragir.am, հարցազրուցավար՝ Սիրանույշ Պապյան, 09․03․2021թ․

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.