ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Արցախում կատարվող այս խայտառակությունը ռուսական կայսերական քաղաքականության մաս է

Lragir.am-ի զրուցակիցն է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը։

Պարոն Հայրապետյան, Լեզվի մասին օրենքի փոփոխությունը Արցախում ինչպե՞ս եք գնահատում։ Սա արդյոք երեք պատգամավորների նախաձեռնությունն է, թե՞ կա ռուսական միջամտություն։

Օտարների թիրախը միշտ էլ եղել է մեր ազգային հոգու առանցքը՝ հայոց լեզուն: Ցարական իշխանությունը Հայաստանի տարածքում հայտնվելուց հետո երեք անգամ փակեց հայկական դպրոցները: Եվ մինչև հայերն ահաբեկչական ակցիաներով չստիպեցին, կայսրությունը չարտոնեց հայկական դպրոցների վերաբացումը: Մինչև Արցախյան շարժումը Հայաստանում ավելի քան 100 հազար հայ երեխա հաճախում էր ռուսական դպրոց: Նույնիսկ մեր Երրորդ հանրապետության շրջանում անընդհատ ինչ-որ կիսիլյովներ, անգամ մի ռուս նախարարուհի լպիրշաբար պահանջում էին հրաժարվել հայոց 1600-ամյա անզուգական այբուբենից: Այնպես որ, Արցախում կատարվող այս խայտառակությունը ռուսական կայսերական քաղաքականության մաս է, որին միշտ կազմ-պատրաստ գտնվել են «Հռոմի պապից ավելի կաթոլիկները»՝ ծառայամիտները:

Արցախի ԱԳ նախարարն ասում է, որ 90-ականներին դեռ պետք է այս քայլն իրականացված լիներ։

Արցախի ԱԳ նախարարը գլուխը պատին է տալիս: Սա խոսում է այն մասին, որ բոլոր դարերում էլ առմյաշկաները քիչ չեն եղել: Ի դեպ, երբ ցարն առաջին անգամ փակեց հայկական դպրոցները, Համայն Ռուսիո լուսավորության նախարարն այսօրեականների նման մի «հայ» էր՝ Դելյանը, որ ազգանվանը «ով» էր ավելացրել՝ դառնալով Դելյանով:

Փոփոխության նախաձեռնողները հիմնավորում են, որ ոչ թե ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ են տալիս, այլ պաշտոնականի, քանի որ հիմա ռուս խաղաղապաhներ են, նոր իրողություններ, և նամակագրությունը պետք է կատարել ռուսերեն, քանի որ ռուս խաղաղապահին չեն կարող ստիպել ընթերցել նամակը հայերեն։ Համոզի՞չ փաստարկ է։

Իհարկե, պաշտոնականը դեռ պետական չէ, բայց դավադրության առաջին քայլն է. հաջորդը հենց պետականը կլինի: Իսկ եթե ի բարեբախտություն մեզ՝ խաղաղապահները լինեին ոչ թե ռուսները, այլ, ասենք, ԵԱՀԿ-ի բազմազգ ուժերը, մի՞թե այլ ելք չէր գտնվելու, քան Արցախում եվրոպական մի քանի լեզու միանգամից պաշտոնական հայտարարելը: Գիտե՞ք, այս քստմնելի պատմությունը հիշեցնում է մի քանի տարի առաջվա մի եղկելի դեպք. Երևանում ՌԴ վարչապետ Մեդվեդևի և ՀՀ վարչապետ Աբրահամյանի համատեղ ասուլիսի ժամանակ լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ է ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանը զենք մատակարարում Ադրբեջանին, Մեդվեդևից առաջ ընկնելով՝ պատասխանեց Հովիկ Աբրահամյանը, թե դա բիզնես է: Ես հիշում եմ Մեդվեդևի ապշած, արհամարհական  ու քմծիծաղող հայացքը: Նողկալի էր, նվաստացուցիչ էր: 1/5 Արցախի ներկա մի քանի վարիչ երևի շնագայլի հոտառությամբ որսացել են, թե ի՛նչ կկամենային ռուսները ստանալ իրենցից, և առանց սպասելու՝ ինքնամատուցվում են: Այս տեսակի մասին Լոուրենս Արաբացին շատ հստակ է ասում: 

Պարոն Հայրապետյան, շաբաթ օրը հանրահավաքին Վազգեն Մանուկյանը նորից խոսեց ապստամբելուց․ «Պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը»։ Դուք այսպիսի հայտարարություններում վտանգ տեսնո՞ւմ եք։ 

Նախ՝ ապստամբելու իրավունքը պետք է ամրագրվի նույնիսկ Սահմանադրությամբ: Դա պետական ազգի անկապտելի իրավունքն է, ավելին՝ պարտականությունը: Երկրորդ՝ եթե Վազգեն Մանուկյանը 100 տոկոսով վստահ է, որ առանց պետական կառույցի թեկուզ կարճատև կաթվածահարման հնարավոր է փոխել հանիրավի պարտության խորհրդանիշ ընկալվող իշխանությունը, ապա լրիվ իրավունքն ունի այդպիսի մոտեցում ունենալու: Ուղղակի ապշեցուցիչ է, որ մենք հենց մեր պատմությունից դաս առնելու անընդունակ ենք: 1920թ.-ի դեկտեմբերին դաշնակցականներն իշխանությունը ստորագրությամբ բոլշևիկներին հանձնելուց ընդամենը մեկուկես ամիս անց՝ 1921թ. փետրվարի 18-ին ապստամբությամբ ետ վերցրին ու պահեցին մինչև ապրիլի 2-ը: Այդքանը բավարար էր, որ ռուս բոլշևիկներն ու թուրք քեմալականները Մոսկվայում մարտի 16-ին, ուշադրություն՝ հենց այդ խառնակության միջակայքում, առանց հայկական որևէ կողմի մասնակցության, կնքեին ռուս-թուրքական պայմանագիրն ու կիսկսեին մեր երկիրը: Ռուսները հայ դաշնակցաններին մերժեցին մեր ճակատագիրը որոշող պայմանագրի կնքմանը մասնակից լինել՝ ասելով, թե նրանք օրինականորեն արդեն հանձնել են իշխանությունը հայ բոլշևիկներին, իսկ հայ բոլշևիկներին էլ մերժեցին՝ ասելով, որ Երևանում հիմա դաշնակցականներն են: Իսկ ո՞ւմ էր դա ձեռնտու՝ իհարկե, բացառապես ռուսներին և թուրքերին: Կարելի է նաև ենթադրել, թե ռուսներն ու թուրքերն իրենց հասու միջոցներով ուղղորդել էին այդ ապստամբությունը, մանավանդ՝ ընտրել ժամանակը: Չի կարելի թույլ տալ, որ մենք այսօր կրկնենք ամիսը ամսին համընկնող 100-ամյա ողբերգական անմտությունը. շահողը կրկին լինելու են ռուսն ու թուրքը, և դարձյալ մեր երկրի հաշվին, ինչպես որ արդեն իսկ եղավ առաջին արարով՝ անիծյալ նոյեմբերի 9-ով: Հուսամ՝ Վազգեն Մանուկյանը սա հաշվի առել է, այլապես պատմության մեջ ինքը կմնա որպես ամենաետին հայ, եթե իհարկե մեր պատմություն ունենալու վտանգված իրավունքը մնա:

Նա պլան Ա և պլան Բ առաջարկեց։ Որքանո՞վ են ռացիոնալ այդ քայլերը։ Առհասարակ ո՞ր դեպքում կարող են հաջողել ընդդիմադիրները:

Բոլոր քայլերն էլ կարող են ռացիոնալ լինել, եթե բավարար Միտք կա: Թեև պարտավոր ենք ճշգրտել, թե ինչ ենք հասկանում «հաջողել» ասելով. եթե հաջողությունը պետության գահավիժումը կասեցնելն է, պետք է օրհնել նրանց, իսկ եթե «հաջողելը» սոսկ իշխանատենչությունն է, ապա հազարամյա նզովքի տակ են լինելու նրանք ու իրենց սերունդները: Այսպես կոչված ընդդիմադիրները կարող են հաջողել բացառապես մեկ դեպքում, եթե Ռուսաստանը բարեհաճություն ցույց տա: Առայժմ, կարծես, Ռուսաստանի նպատակը մեկն է՝ ստեղծել 100 տարի առաջվա անիշխանական վիճակը և, օգտվելով մեր քաոսային ու օրհասական վիճակից, Թուրքիայի հետ վերստին կիսել տարածաշրջանը՝ առանց հայերի մասնակցության, առանց հայկական շահի հաշվարկման: Հիմա, կարծես, այդ գործին են մոլեռանդորեն լծված ռուս-թուրքական շահի ներկայացուցիչները՝ իշխանությունները և փողոցային ընդդիմությունը:

Աղբյուրը՝ Lragir.am, հարցազրուցավար՝ Սիրանույշ Պապյան, 22․02․2021թ․


Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.