ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Մենք բարոյական ճգնաժամի մեջ ենք, Խատիսյան դառնալու հերթ է․ 1in.am․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պետություններն ուժեղ են այն ժամանակ, երբ քաղաքացիները վստահում են իրենց իշխանությանը: Հայաստանում վստահության խնդիր կա: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ պատերազմը կարծես ջրբաժան դրեց, և հիմա ևս մեկ անգամ պետք է վստահություն ստանա գործող իշխանությունը կամ չստանա, կամ հասարակության այլ քաղաքական դերակատարներ ստանան կամ չստանան:

«Բայց արդյո՞ք իշխանության առաջարակած տարբերակն ամենաարդյունավետն էր, որ նախապես ընտրություններ անցկացվեն, հետո, ըստ այդմ, կառավարությունը կազմավորվի: Հիմա էլ հայտարարում են, թե կարելի է և արտահերթ ընտրություններ չանցկացնել, քանի որ հանրային պահանջ չկա:

Եվ արդյո՞ք արդյունավետ է հրապարակի ինքնահռչակ ընդդիմության առաջարկը, որն ասում է՝ այո՛, ընտրություններ թող անցկացվեն, բայց ուշ և միայն մեր վարչապետի թեկնածուի պարագայում:

Կարծում եմ՝ ճշմարտությունը երկու բևեռներում չէ, ճշմարտությունը ճոճքի մեջ է. սև ու սպիտակի հերթական բանաժանում է՝ տրամաբանական և մանիպուլյատիվ բաժանում է»,- նշեց Հայրապետյանը՝ ընդգծելով նաև, որ ցանկալի է այնպիսի մի առաջարկ արվի, որը պետության համար ոչ վնասակար ուղի ցույց կտար, և տեղեկացնելով, որ վաղը ասուլիսում իրենց քաղաքական ուժը այդպիսի առաջարկ կհնչեցնի:

«Հայ կառուցողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանն ընդգծեց, որ Հայաստանում ընտրական համակարգի նկատմամբ վստահություն չկա: «Մեր ընտրական համակարգը չի փոխվել, ընտրական հանձնաժողովները մնացել են նույնը, ԿԸՀ-ում նույն  մարդիկ են, ովքեր 2017թ. և մինչ այդ տեղի ունեցած ընտրությունների, ինչպես նաև 2015-ի սահմանադրական հանրաքվեի ժամանակ իրենց դրսևորել են և տրամաբանական է, որ վսահություն չկա այդ ընտրական համակարգի նկատմամբ: Եվ քաղաքական այն ուժը, որը դրա պատասխանատուն է, իր պաշտոնավարման ընթացքում որևէ գործուն քայլ չարեց՝ բարեփոխալու ընտրական համակարգը»:

Ղուկասյանի խոսքով՝ այսօր քաղաքական ուժերի պայքարը գնում է լավագույն իրավիճակ ձեռք բերելու, բարենպաստ դրություն ունենալու համար: Սեղանին դրված է հարցը, թե վարչական ռեսուրսն ով է ղեկավարելու:

Անդրիաս Ղուկասյանի գնահատմամբ՝ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժումը անլուրջ տպավորություն է թողնում: «Ինչ է նշանակում՝ հայ ժողովուրդը հրաժարվի իր ինքնիշխանությունից… Հայ ժողովուրդը իր ռազմավարական դաշնակցից չստացավ անվտանգություն, և իր դժգոհությունն է արտահայտում, և հիմա ինքնիշխանությունից հրաժարվելու և այլ պետության հանձնելու մասին հայտարարությամբհանդես գալն անլրջություն է, նման քաղաքական գծի  շահառուն կարող են լինել Թուրքիան և Ադրբեջանը, որովհետև նրանք կուզենան, որ հայկական հարցերով Հայաստանի փոխարեն բանակցի Ռուսաստանը: Դա նրանց հարյուր տարվա քաղաքականության մեխն է՝ բանակցել հայկական հարցերի շուրջ՝ առանց հայերի: Սեփական ժողովրդի ինքնիշխանությունից հրաժարվելու թեզի շուրջ հավաքվել և այդպիսի առաջարկով հանդես գալը սեփական ժողովրդի դեմ դուրս գալ է»:

Միքայել Հայրապետյանի դիտարկմամբ՝ նրանց առաջին հերթին ակտիվացնում են դրսից: «Դա ռուս-թուրքկան տանդեմի խնդիրն էր, մենք մեր դեմ ուղղված ռուս-թուրքական ճակատամարտը տանուլ տվեցինք: Պետք է, որ պայմանավորվածություն ունենան հետպատերազմական իրավիճակի վերաբերյալ, քանի որ սովորական հայտարարություն է ստորագրվել, որը միջազգային հարթակներում բարեբախտաբար չի ընդունվում, պետք է որ վերածվեր պայմանագրի. ինչպես անել, որ Փաշինյանը կամ որևէ մեկը ստորագրի պայմանագրի տակ, ինչպես ժամանակին Խատիսյանն արեց, հետո բոլշևիկները, այսինքն՝ թույլտվություն տալ Ռուսաստանին և Թուրքիային, որ կիսեն Հայաստանը… Ռուսաստանը փորձում է այստեղ ատոմիզացնել, տեսեք՝ ինչ ատելության մթնոլորտ կա Հայաստանում… Մաստնատումներ են կատարվում և՛ քաղաքկան դաշտում, և՛ հասարակության ներսում, որովհետև, ինչպես Ավետարանում է ասված, մի տուն, որ ներսից բաժանված է, չի կարող կանգուն մնալ: Ռուսաստանը սա կատարում է, որպեսզի կարողանա կատարել իր պարտավորությունները Թուրքիայի առջև: Ճիշտ նույն իրավիճակն էր 1920թ. դեկտեմբերին… Բարոյական, հոգևոր ճգնաժամի մեջ ենք: Բոլորը հերթ են կանգնել դավաճան Խատիսյան դառնալու համար, թե ով կստորագրի, ով կգցի վիճակը մեր խաչված հայրենիքի պատմուճանի վրա»:

Տեսանյութը՝ 1in.am-ի

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.