ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Մի՞թե կարող է գտնվել գեթ մեկ հայ մարդ, որ ճանաչի ռուս-թուրքական այս բարբարոս խեղկատակությունը

Lragir.am-ի զրուցակիցն է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը

Պարոն Հայրապետյան, նախորդ տարեվերջին մի քանի կուսակցություններով հայտարարությամբ էիք հանդես եկել՝ նշելով, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ամենևին չի նշանակում «Ղարաբաղյան կոնֆլիկտ հասկացության վերացում»։ Ի՞նչ ուղերձներ է պարունակում այս հայտարարությունը, ի՞նչ պետք է անել պատերազմից հետո ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։

Այո՛, ո՛չ նախորդ, ո՛չ ներկա իշխանությունների հետ կապերով չարատավորված 7 կուսակցություններով հենց այդպես էինք հայտարարել՝ Պուտինի հեղինակային այդ արտահայտությունը վերցնելով չակերտների մեջ: Մենք կարծում ենք, որ Պուտինն իր երազանքը որպես իրականություն է ներկայացրել, որին, ցավոք, համաձայնել են թե՛ մեր իշխանությունները, թե՛ մեր իշխանության պահապան ու արյունակից «ընդդիմությունը», որն ասում է, թե Նիկոլից լավ կիրականացնի եռյակ հայտարարության կետերը: Մինչդեռ մենք ասում ենք ուղիղ հակառակը՝ այդ ապօրինի, սեպարատ հայտարարությունն անընդունելի է հայության կենսական շահերի տեսանկյունից, և անելու ենք հնարավորը, որ այն կյանքի չկոչվի:

Տեսեք՝ դուք ևս ձևակերպեցիք նույն կերպ՝ «պատերազմից հետո»: Մենք չենք ընդունում որ ռուս-թուրքական տանդեմին հաջողվել է պատերազմը վերջացնել. հակառակը՝ պատերազմը ոչ միայն չվերջացրին, այլև այդ հայտարարությամբ ականապատեցին ու տեղափոխեցին ավելի վտանգավոր փուլ: Հիմա ընդամենը փխրուն հրադադար է, որն ամեն վայրկյան կարող է խախտվել, եթե մեր իշխանություններն ու ընդդիմությունն ունենան այնքան արժանապատվություն, որ ասեն, թե Ռուսաստանի թողտվությամբ են խախտվում այդ խայտառակ հայտարարության կետերն, ու թշնամին հայտնվում մեր հսկողության տակ եղած Հադրութի և Մարտունու գյուղերում, անգամ՝ Խորհրդային Հայաստանի երբևէ չվիճարկված Որոտանում, Շուռնուխում… Ասում եք՝ ի՞նչ պետք է անել, պետք է արժանապատվություն ունենալ ու «առմյաշկա» չլինել: Իսկ պարտված անհատները նույնիսկ օբյեկտիվորեն չեն կարող դա անել: Պետք է ծեծ չկերած, նոկաուտի մեջ չգտնվող բանակցողներ կարգել ու պատեհ-անպատեհ «չհիվանդանալ»:

Ի՞նչ հնարավորություններ եք տեսնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Արցախի հարցի քննարկման մասով։ Արցախի կարգավիճակի հարցը ինչպե՞ս պետք է որոշել, մասնավորապես, Ֆրանսիան ժամանակ առ ժամանակ բարձրացնում է այս հարցը։

Մի՞թե կարող է գտնվել գեթ մեկ հայ մարդ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի փոխարեն ճանաչի ռուս-թուրքական այս բարբարոս խեղկատակությունը, միակողմանիորեն հանձնվի ռուսական ողորմածությանը, որ նույնն է, թե թուրքի ողորմածությանը: Սահմռկեցուցիչ է, երբ դա տեսնում ենք: Եթե Պուտինը պատերազմական հանցագործներ Էրդողանի ու Ալիևի հանգույն հայտարարում է, որ այլևս «գոյություն չունի ղարաբաղյան կոնֆլիկտ», արդյո՞ք դա չի նշանակում, որ կարգավիճակի հարցը Ռուսաստանի համար վճռված է: Մենք՝ հայերս, համաձա՞յն ենք դրան: Ոմանք, ցավոք, այդ համաձայնությունը տվեցին իրենց գործողություններով. երբ մեր արտգործնախարարը արևմտյան շրջայցի մեջ էր, Արցախի 1/5-ը պահած նախագահը զորիբալայանական աղերսագիր էր գրում Պուտինին, ավելին՝ այդ նույն չճանաչված նախագահը հրաժարվում է ընդունել իրենց սիրած Պուտինի ասած՝ միակ գերտերություն ԱՄՆ-ի և եվրոպական ծանրքաշային Ֆրանսիայի ներկայացուցիչներին:

Երբ Ֆրանսիան հերթական անգամ անգամ Արցախի կարգավիճակի հարցն իր քաղաքական օրակարգում քննում էր բարձրագույն մակարդակով, Արցախի նախագահի խոսնակը, որ հիմա դարձավ 2,2 հազար ք/կմ-ի արտգործնախարար, հրապարակավ ընդդիմացավ դրան: Ժամանակին իրականացվեց «Գույք պարտքի դիմաց» օպերացիան. մի՞թե հիմա էլ ընթացքի մեջ է «Ռուսական անձնագիր Հայրենիքի դիմաց» օպերացիան:

Երբ ԱՄՆ-ն ու Եվրամիությունն ու մասնավորապես Ֆրանսիան ընդվզեցին ռուս-թուրքական ինքնագլխության դեմ՝ ընդունելով միայն հրադադարի փաստն ու գերիների փոխանակման հնարավորությունը, Հայաստանի արտգործնախարարությունը բերանը ջուր էր առել համավոր հարսի նման: Չզարմանանք, որ Արցախի ճանաչման հակառակորդները հենց հայերիս միջից լինեն, քանի որ նրանք անելու են այն, ինչ իրենց կասվի Մոսկվայից: Այսինքն՝ մերոնք հայկական շահերի փոխարեն սպասարկել և սպասարկում են ռուսական շահեր:

Պետք է ոչ միայն երախտամոռ չլինել ու շնորհակալ լինել մասնավորապես Ֆրանսիային (իսկ դա նշանակում է նաև քաղաքակիրթ այլ երկրներ)՝ կարգավիճակի հարցը թեժ պահելու համար, այլև արագ և համակարգված ընդառաջ քայլեր անել, որն առ այսօր զլանում են թե՛ ՀՀ, թե՛ Արցախի իշխանավորները: Մենք վստահ ենք, որ հնարավոր է պահել Արցախը և հայ պետականությունը, որ հնարավոր է ստանձնել 21-րդ դարին հարիր տարածաշրջանային լուրջ դերակատարում, առաքելություն, եթե միակողմանիորեն չհանձնվենք ռուսական ողորմածությանը, որի դառը փորձն ունենք դեռ 1915-16 թվականներից:

Հայաստանի ԱԳՆ–ն հայտարարեց, որ ադրբեջանական կողմը խախտել է և շարունակում է խախտել եռակողմ հայտարարության մի շարք առանցքային դրույթներ։ Ի՞նչ պետք է անել այս պայմաններում։

Պետք է ոչ թե հայտարարել, այլ ուղղակիորեն դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, պետք է հրապարակավ ազդարարել, որ որպես երաշխավոր այդ հայտարարության տակ իր ստորագրությունը դրած Ռուսաստանը մոլորեցրել ու խաբել է իրենց, որ Ռուսաստանը մեր անվտանգության հուսալի երաշխիք չէ, ուստի համաշխարհային բորսայում պետք է այլ երաշխավորողներ գտնել, թեև առանձնապես փնտրելու կարիք էլ չկա. քաղաքակիրթ Արևմուտքն ինքն է ինքնառաջարկվում: Մնում է սրիկա ու դավաճան չլինել պարզապես, մնում է մտքի խիզախում ու հոգու ազատություն ունենալ, մնում է հավերժացած մեր 18-20 տարեկան պատանիների ոգեղենությունից ունենալ, գոնե մի քիչ:

Աղբյուրը՝ Lragir.am, 09.01.2021թ․  Լրագրող ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.