ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Ազատության համար պայքարը շարունակվում է

Բոլորի համար պարզ է, որ Թուրքիան, Ռուսաստանը և Ադրբեջանը բռնազավթել են մեր հայրենիքի մի մասը։ Պարտության պատճառները քննելու իմաստն այն է, որ հասկանանք, թե ե՞րբ և ինչպե՞ս կարող ենք ազատագրել մեր հայրենիքը և խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում։ 

2020-ի մեր պարտությունը ծագում է Մարտի 16-ի պայմանագրից

Տևական-կայուն խաղաղություն հաստատելու համար 1994-ին կողմերը և միջնորդները պայմանավորվել էին՝ 1 տարվա ընթացքում դուրս բերել ռուսական զորքերը Հայաստանից, Արցախից և Ադրբեջանից։ Եվ ըստ պայմանավորվածության՝ Արցախից և Ադրբեջանից դուրս բերվեցին ռուսական զորքերը։ Սակայն Ռուսաստանն ու Հայաստանն, ի հեճուկս ձեռք բերված բազմակողմ պայմանավորվածության, 1995 թվականի մարտի 16-ին Հայաստանում 25 տարի ժամկետով ռուսական ռազմակայան տեղակայելու մասին պայմանագիր ստորագրեցին։ 1995-ի մարտի 16-ի պայմանագրի պատճառով հետաձգեց խաղաղության հաստատումը 25 տարով՝ մինչև 2020 թվականը։ Հատկանշանական է, որ 1995-ի պայմանագրից մի քանի տարի անց խնդիր դրեցին ապացուցել, որ հայերն անկախություն չեն ուզում։ Դրա համար նախաձեռնվեց Ռուսաստան-Բելառուս միությանը միանալու ստորագրահավաք, որպեսզի տպավորություն ստեղծեն, իբր հայերն անկախություն չեն ուզում, անկախությանն անարժան ժողովուրդ են։ 

Հետագայում՝ երբ Հայաստանը ցանկություն հայտնեց Եվրամիության հետ զարգացնել հարաբերությունները ի բարօրություն հայ ժողովրդի, Ռուսաստանը առաջարկեց Հայաստանին երկարացնել Մարտի 16-ի պայմանագիրը։ 2010-ի օգոստոսի 20-ին ստորագրված փաստաթղթով՝ ռուսական զորքերի ներկայությունը ՀՀ-ում երկարաձգվեց մինչև 2044 թվականը։ Մարտի 16-ի պայմանագրի երկարաձգումը ստեղծեց խաղաղության սպառնալիք՝ պատերազմի վերսկսման վտանգ, որն իրականացավ 2020-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմում։ 

2020-ի պարտության հիմքերը դրվել են  2013-ի սեպտեմբերի 3-ի գիշերվա ստորագրությամբ, որով Հայաստանի անկախությունից վիթխարի զիջում արվեց Ռուսաստանին, սահմանափակվեցին Հայաստանի զարգացման հնարավորությունները, ԱՄՆ-ի, Եվրոպայի, զարգացող ու զարգացած երկրների հետ ազատորեն գործակցելու իրավունքները, մասնավորապես՝ այդ երկրներից սպառազինություն գնելու, ներդրումներ ներգրավելու և բազմաթիվ այլ իրավունքներ։ 

2020 պատերազմի պատճառները

2020-ի պատերազմը սկսվել է ռուս-թուրքական գործարքի հետևանքով։ Այս գործարքի հետևանքով ռուսական զորքերը տեղակայվեցին Արցախում, թուրքական զորքերը տեղակայվեցին Ադրբեջանում, Հայաստանով բացվում է Թուրքիա-Նախիջևան-Ադրբեջան ցամաքային ճանապարհը։ Հետևաբար՝ ենթադրելի է, որ ռուս-թուրքական գործարքը հետապնդում էր այս նպատակը։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը Ռուսաստանի և Թուրքիայի հաղթանակն է ազդարարում։ Իսկ հայտարարության հիման վրա առաջիկայում, ենթադրաբար, ստորագրվելիք պայմանագրերով ռուս-թուրքական ազդեցությունը կարող է մեծանալ մեր տարածաշրջանում և աշխարհում։ Ներկայում հայ գերիներին պատանդ են պահում, որպեսզի ստիպեն Հայաստանին ճանաչելու Արցախի վերաբերյալ ռուս-թուրքական պայմանագրերը և դրանց հիման վրա ստորագրելու կապիտուլյացիոն պայմանագրեր։ 

Ինչու չէր կարգավորվում Արցախի հարցը

Արցախի հարցը 25 տարի չէր կարգավորվում ի նպաստ Հայաստանի, քանի որ Հայաստանում տեղակայված էին ռուսական զորքեր, և Հայաստանը դրանք դուրս բերելու նախաձեռնություն, ցավոք, չէր ցուցաբերում, ավելի էր խորացնում ռուսական ազդեցությունը Հայաստանի վրա։ Արցախի հարցը 25 տարի չէր լուծվում ի նպաստ Ադրբեջանի և Թուրքիայի։ Աշխարհի պետությունների մեծ մասը, ներառյալ՝ գերտերություն ԱՄՆ-ն և Եվրամիության երկրները չէին ուզում և չեն ուզում, որ Ռուսաստանի ազդեցությունն աշխարհում մեծանա, չէին ուզում ու չեն ուզում, որ Թուրքիայի ազդեցությունը մեծանա աշխարհում, քանի որ Ռուսաստանն ու Թուրքիան հակաքաղաքակրթական դիրքերում են։ Բայց ի հեճուկս քաղաքակիրթ աշխարհի՝ ռուսներն ու թուրքերը համաձայնության եկան, ռուս-թուրքական գործարք կնքեցին, ձեռնարկեցին ագրեսիա Հայաստանի-Արցախի դեմ, զավթեցին Արցախը և մեծացրին իրենց ազդեցությունը տարածաշրջանում։ 

Ռուսաստանի դերը Արցախյան 2-րդ պատերազմում

Թուրք-ադրբեջանական ագրեսիան չէր կարող հաջողության հասնել առանց ռուսական միջնորդության անվան տակ քողարկվող աջակցության։ Հայաստանը պարտվել է Ռուսաստանի միջնորդությամբ, նրա պատճառով, հանուն նրա։ Նոյեմբերի 9-ի՝ Ադրբեջանի հաղթանակի, Արցախի բռնազավթման և ռուսական խաղաղապահների տեղակայման մասին հայտարարության համահեղինակը, ճարտարապետը, իրականացնողը և ամենամեծ շահառուն Ռուսաստանն է։ 

Ռուսաստանը կարո՞ղ էր իր ծրագիրն իրագործել, եթե Հայաստանի վրա չունենար վիթխարի ազդեցություն։ Արցախի տարածքների մեծ մասը, ներառյալ Շուշին, Ադրբեջանին են հանձնվել առանց կռվի, Ռուսաստանի ուղղակի թելադրանք-պահանջով։ Ո՞վ էր ստիպում ՀՀ օրվա իշխանություններին ցանկություն հայտնել, որ Արցախում միայն ռուս խաղաղապահներ տեղակայվեն։

Ռուսական զորքերի դուրս բերման քաղաքական անհրաժեշտությունը

Երկար տարիներ մեր հասարակության մի մասը կողմ չէր ռուսական զորքերի դուրս բերմանը։ Նրանք թյուրիմացաբար կարծում էին, որ եթե ռուսական զորքերը դուրս բերվեն, ապա Ադրբեջանն ու Թուրքիան Ռուսաստանի միջնորդությամբ կզավթեն Արցախը։ Սակայն 2020-ի պարտությունը ապացուցեց հակառակը։ Հայաստանից ռուսական զորքերը դուրս չբերվեցին, բայց Ադրբեջանն ու Թուրքիան Ռուսաստանի միջնորդությամբ զավթեցին Արցախը։ Ռուսաստանը չպաշտպանեց Հայաստանին, Արցախն ու հայերին, ռուսները ոչ միայն չզսպեցին թուրք-ադրբեջանական ագրեսիան, այլև գաղտնի գործարք կնքեցին թուրքերի հետ և Ադրբեջանի դրոշով բռնազավթեցին Արցախը, իսկ վերջում վերանվաճեցին իրենց ներկայության իրավունքն Արցախում՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։ Հետևաբար՝ Հայաստանում ռուսական զորքերի առակայությունն այսուհետև իմաստ չունի, և ավելի վտանգ է ներկայացնում, քան մինչև սեպտեմբերի 27-ը։

Հայաստանում ռուսական զորքերի մնալը ոչ միայն իմաստազրկվել է, այլև դարձել Արցախի ազատության համար խոչընդոտ։ Այս տրամաբանական տեսակետն այսօր լայնորեն տարածվում է Հայաստանի քաղաքական համայնքում։ Լայնորեն տարածվում է նաև այն համոզումը, որ մեր տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի ռուսական զորքերի հեռանալուց հետո։ Այսինքն այն, ինչի վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերվել Արցախյան առաջին պատերազմից հետո՝ 1994-ի զինադադարին նախորդած բանակցություններում։ 

Անկախության հակառակորդները

Կա նաև հակառակ տեսակետ, որի հետևորդները պնդում են, թե անհրաժեշտ է ավելի խորացնել ռուսական ազդեցությունը Հայաստանում և ավելի նահանջել Հայաստանի անկախությունից։ Սա ծայրահեղ վտանգավոր հետևանք կունենա։ Այսօր Ռուսաստանը կարողացավ 4750 հայ զոհերի գնով հաստատվել Արցախում։ Կարելի է պատկերացնել, թե ինչ կանի նա, եթե ավելի մեծանա նրա ազդեցությունը Հայաստանի և հայ ժողովրդի վրա։ Բացի այդ, կա անկախությունից նահանջի մի սահման-կետ, որն անցնելուց հետո վերադարձը շատ դժվար կլինի։ Այդպիսի մի կետ կարող է լինել Արցախի բռնազավթման վերաբերյալ կապիտուլյացիոն պայմանագրերի ստորագրումը, որով ռուս-թուրքական ռազմաքաղաքական դաշինքը կփորձի ստիպել Հայաստանին ճանաչելու Արցախում և Մեղրիում Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ինքնիշխան իրավունքները։ 

Քաղաքական համայնքի անելիքը

Պարտության ներկա ընթացքը կասեցնելու և երբևէ ռեվանշի հասնելու համար անհրաժեշտ է, որ քաղաքական համայնքը Հայաստանի ազգային շահն ու հետաքրքրությունը դասի ամեն ինչից վեր, անկախությունը՝ բարձրագույն արժեք, ժողովրդավարությունը՝ քաղաքակրթական ընտրություն։ Անհրաժեշտ է նաև, որ քաղաքական համայնքն ընդունի, որ Արցախի հարցը կարող է կարգավորվել բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կոնսենսուսով, ոչ թե ռուս-թուրքական միակողմանի գործարքի արդյունքում։ Նոյեմբերի 9-ի հայտարարության տակ չկան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կնիքները։ Հետևաբար այդ թուղթն ուժ չունի։

Պայքարը շարունակվում է

Չնայած, մեր հասարակության մի մասը խորը հուսահատության մեջ է վերջին պարտության հետևանքով, բայց Արցախի ազատության համար պայքարն, իրականում, շարունակվում է։ Դրա վերաբերյալ ազդակներ են ուղարկվում քաղաքակիրթ աշխարհից, մասնավորապես՝ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, եվրոպական երկրներից, ինչպես նաև՝ ՄԱԿ-ից ու ՆԱՏՕ-ից։ Հայաստան-Արցախը չի բավարարվում դատարկ շնորհակալություն արտահայտող բառերով, այլ իրապես համարժեք է արձագանքում այդ ազդակներին, հայտարարում է, որ անարդար է համարում (հետևաբար՝ վերանայման ենթակա) նոյեմբերի 9-ի հայտարարությունը, բաց տեքստով նշվում է, որ Արցախի հարցը պետք է կարգավորվի միայն ԵԱՀԿ ՄԽ մանդատով։ Սա հույս է ներշնչում, որ Արցախն ազատագրելու, Հայաստանի ինքնիշխանությունը ամրացնելու և ժողովրդի բարեկեցության մակարդակը բարձրացնելու իրական հնարավորություն կա։ 

Առաջին քայլը

Արցախի ազատության համար պայքարում իրական առաջընթացի համար առաջին հերթին անհրաժեշտ է ազատել Հայաստանը ռուսական ազդեցությունից։ Եվ որպես առաջին քայլ՝ օրակարգ բերել Հայաստանից ռուսական զորքերի դուրս բերման հարցը, կազմել դուրս բերման ժամանակացույցն ու իրականացնել հնարավորինս շուտ։ Հայաստանի՝ ռուսական ազդեցությունից ազատվելը կամրացնի Հայաստանի անկախությունը, կչեզոքացնի Հայաստանի դեմ պատերազմի վտանգը, կբացառի 2020-ի պարտության սցենարի կրկնությունը, իսկ հետագայում նաև՝ նպաստավոր պայման կստեղծի Արցախն ազատագրելու և իրական խաղաղություն հաստատելու համար։ Անհրաժեշտ է հասկանալ, որ Հայաստանն է այն ուժը, որը կարող է ազատագրել Արցախը։ Հետևաբար՝ Հայաստանը պետք է թոթափի ռուսական ազդեցությունը, որպեսզի ուժեղանա, ամրանա, զարգանա, դառնա քաղաքակիրթ աշխարհի իրական դաշնակիցը, կիսի նույն արժեքները, որից հետո հնարավոր կլինի ազատագրել Արցախը և քաղաքակիրթ աշխարհի աջակցությամբ խաղաղություն հաստատել։ 

Հայաստանի իշխանությունն այս պատերազմից հետո պարտավոր է վերանայել արտաքին քաղաքականությունը, ստեղծել անվտանգության գործուն համակարգեր, արժանի տեղ-դեր զբաղեցնել աշխարհում և աշխատել հայ ժողովրդի երազանքների իրականացման ուղղությամբ, դադարի սպասարկել ռուսական շահերը։ Եթե դաս քաղի, հնարավոր է, չունենանք նման ազգային ողբերգություն։ Իսկ եթե շարունակի արտաքին նույն կործանարար, պարտության տանող քաղաքականությունը, ապա, ենթադրելի է, որ 2044 թվականին զոհ կգնան ոչ թե 4750-ը, այլ շատ ավելին, ցավոք։

Արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը

Ներկա քաղաքական մեծամասնության վարկանիշը հավասարվում է 0-ի։ Նա այնքան ցածր հեղինակություն ունի, որ չի կարող ազդել ընտրությունների արդյունքի վրա։ Եթե դրանք անցկացվեն առաջիկա 6 ամսում, ապա նա վերարտադրվելու շանս չունի։ Քաղաքական համայնքի մյուս ներկայացուցիչներն այսօր գրեթե հավասար դիրքերում են, որովհետև նոյեմբերի 9-ի պարտությունից հետո, ինչպես ասում են՝ ապրում ենք բոլորովին այլ երկրում, և 2020-ի պարտությունը ստիպել է ողջամիտ գործիչներին վերանայել իրենց ծրագրերն ու ասելիքը։ Եթե ՀՀ վաչապետ Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրածներն ու նախկին գործընկերները նրա հրաժարականն են պահանջում, եթե նրա թիմակիցները լքում են շարքերը, եթե նա 6 ամսվա քարտեզ է ներկայացնում, ապա ենթադրելի է, որ նա էլ է հասկանում, որ չի կարող շարունակել կառավարել ավելի քան 6 ամիս։ Եթե նա կարծում է, որ մինչև վերջ կռվող է (ինչպես ասում է), այլ ոչ դասալիք, ապա կձգտի հեռանալ արտահերթ ընտրություններում պարտվելու ճանապարհով, առանց ռուս-թուրքական գործարքներ վավերացնելու։ Եվ եթե նա դավաճան չէ և իրոք զղջում է արածի համար, ապա հեռանալուց առաջ կպատմի նոյեմբերի 9-ի մասին ամբողջ ճշմարտությունը, որ կոտրվի պարտության 25-ամյա շղթան։ Միգուցե նրա դատավճիռը կարդացողը նրա խոստովանությունը մեղմացուցիչ հանգամանք համարի։

Ժողովրդականություն չունեցող կառավարությունը կարող է նպաստել պետությունը ճգնաժամից դուրս հանելուն, եթե կարողանա չեզոքացնել Ռուսաստանի ազդեցությունն արտահերթ ընտրությունների վրա  և ապահովել հավասար մրցակցային պայմաններ։ Անհրաժեշտ է՝ նոր իշխանությունը ձևավորել ժողովրդավարական ազատ ընտրությունների միջոցով (ոչ հեղաշրջման, կամ այլ հակասահմանադրական եղանակով), որտեղ ժողովուրդն իսկապես հնարավորություն կունենա բազմաթիվ թեկնածուների միջից ընտրելու իր թեկնածուին՝ քննելով նրանց ծրագրերը, ճգնաժամից դուրս գալու ճանապարհային քարտեզները, կենսագրություններն ու քաղաքական հասունությունը։ 

Թաթուլ Մկրտչյան
Պահպանողական կուսակցության քարտուղար
Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.