ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Բելառուսն արդեն կորցրեց իր ինքնուրույնության մի զգալի մասը. դեպքերի ընթացքը կախված է լինելու Ռուսաստանի և Արևմուտքի դիմակայությունից. Մ. Հայրապետյան. ԳԱԼԱ

Բելառուսում օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններից հետո իրավիճակը լարված է, հետընտրական կրքերը դեռևս չեն հանդարտվել։ Ի՞նչ զարգացումներ կլինեն, արդյո՞ք Բելառուսում առանց արյունահեղության իշխանափոխություն կլինի։ Այս և մի շարք այլ հարցերի վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի հետ։

— Պարոն Հայրապետյան, Բելառուսում նախագահական ընտրություններից հետո կրքերը չեն հանդարտվում: Լուկաշենկոն չի պատրաստվում ընկրկել, նույնը՝ ժողովրդի վճռական տրամադրված հատվածը: Ձեր կարծիքով, Բելառուսում իրադարձություններն ի՞նչ ընթացք կունենան, և կհաջողվի՞ խաղաղ իշխանափոխությունն այդ երկրում:

— Բելառուսն արդեն կորցրեց իր ինքնուրույնության մի զգալի մասը, և այժմ դեպքերի ընթացքը կախված է լինելու Ռուսաստանի և Արևմուտքի դիմակայությունից: Լուկաշենկոյի անհատական որակներն այժմ արժեք չունեն. եթե հիշում եք՝ Քադաֆին էլ իր կողմնակիցներին ուղտերով մայրաքաղաք մտցրեց, զորք հանեց: Բելառուսում այժմ կատարվողը ներկայացման պարտադիր արարներից է ընդամենը: Իշխանափոխություն անպայման կլինի, բայց թե ի՛նչ ժամկետում և ի՛նչ տեխնոլոգիաներով, կրկնեմ, կախված է ուժային կենտրոններից:

— Լուկաշենկոն մի քանի անգամ հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ: Նա հայտարարել էր, որ խնդիրն արդեն միայն Բելառուսին չի առնչվում և դուրս է եկել երկրի սահմաններից: Հավանական համարո՞ւմ եք Ռուսաստանի ակտիվ միջամտությունը այդ երկրի ներքին գործերին:

— Ռուսաստանը դատապարտված է միջամտել Բելառուսի ներքին գործերին: Նա փուլ առ փուլ կորցրեց իր հոգևոր ակունք Ուկրաինան՝ Կիևյան Ռուսիայի իր մկրտարանը՝ կարողանալով և բավարարվելով միայն Ղրիմն իրեն վերադարձնելով: Հիմա Բելառուսի փուլ առ փուլի հերթն է, եթե իհարկե Ռուսաստանը քաղաքագիտական գյուտ, ոչ ստանդարտ նոր մոտեցում ցույց չտա: Եթե «ակտիվ միջամտություն» ասելով նկատի ունեք զորքեր մտցնելը, ապա չեմ կարծում, թե Ռուսաստանը նույնն այլ միջոցներով անել չկարողանա, թեև թիկունքում ունենալով ԵՄ-ի և ԱՄՆ-ի քաջալերանքը՝ Լեհաստանն ու Լիտվան հստակ են իրենց հավակնություններում, իսկ ԱՄՆ-ն դեռ 1945թ.-ից Գերմանիայում գտնվող իր զորքերն օրերս տեղափոխեց Լեհաստան՝ Բելառուսի անմիջական հարևանությամբ: Օղակը Ռուսաստանի շուրջ սեղմվում է՝ Ուկրաինայի կորուստ, Հարավային Կովկասի կորուստ (բացի Հայաստանից), Սև ծովում թուրքական նավթային հզոր հայտ, ցույցեր Խաբարովսկում, Բելառուսի տեկտոնիկ երերում: Իրոք գյուտի խնդիր է, այլապես կավարտվի ռուսական երեքհարյուրամյա պատմական առաքելությունը, որ ստանձնել էր նույն լեհ-լիտվական ունիայի և Շվեդիայի անունակության արդյունքում: Բայց անկեղծ ասած, մեզ այս դեպքերը պետք է հետաքրքրեն բացառապես այնքանով, որքանով մենք՝ հայերս՝ Հայոց պետությունը, պարտավոր ենք ծրագրերի տարբերակներ մշակել ցանկացած ելքի ու զարգացումների համար:

— Նախկին ԽՍՀՄ կազմի որոշ երկրներ պետությունում ստեղծված անկայուն իրավիճակներում թեքվում են դեպի Ռուսաստանը: Իշխանությունները սպասում են ինչ-ինչ «դաբրոների», իսկ հասարակությունը հարցադրում է՝ ի՞նչ կասի կամ կանի Ռուսաստանը: Սա ինչի՞ արդյունք է, Ձեր կարծիքով:

— Չեմ կարծում, թե նախկին ԽՍՀՄ-ից անջատված պետություններն անկայունության իրավիճակներում թեքվում են դեպի Ռուսաստան, սպասում «դաբրոների»: Թեքվում են այդ երկրների իշխանությունները, որպեսզի պահպանեն իրենց դիրքը: Իսկ նույն այդ երկրների ընդդիմությունները, անցնելով ավտորիտարիզմից հոգնած ու զզված զանգվածների գլուխ, ակնկալում են այլ «դաբրոներ»՝ Արևմուտքից: Խնդիրն այստեղ «դաբրոներով» մտածողությունն ու աշխարհընկալումն է, որը հում և թերի պետություններ ու հանրույթներ լինելու ցուցիչ է. Պատկերացնո՞ւմ եք, որ, ասենք, Ֆրանսիայի «դեղին բաճկոնավորները» «դաբրոներ» սպասեին Գերմանիայից, ԱՄՆ-ից կամ Ռուսաստանից: Հետխորհրդային տարածքում եթե Ռուսաստանն է արդյունավետ խաղում, ապա պահպանում է իր դիրքը տվյալ երկրում, ինչպես օրինակ՝ Ղրղզստանում և Հայաստանում: Եթե Արևմուտքն է արդյունավետ խաղում, ապա Ռուսաստանի բացառիկ շահերի գոտուց պոկում ու իր դիրքերն է ամրացնում տվյալ երկրում, ինչը տեսանք Վրաստանում և Ուկրաինայում: Այս տրամաբանությունը Երրորդ համաշխարհային՝ Սառը պատերազմի արդյունքները ամրագրելու սահմանագծումներն են, ինչը միանգամայն օրինաչափ է ամեն պատերազմի ավարտից հետո:

— Ճիշտ համարո՞ւմ եք, որ ընդդիմադիր թեկնածու Տիխանովսկայան պատասխանատու պահին լքեց Բելառուսի սահմանները և հեռվից է հրահանգներ տալիս պայքարող զանգվածին:

— Ոչ միայն ճիշտ եմ համարում, այլև ներկա պահի համար ընդունում եմ որպես միակ արդյունավետը: Ես այդ ճանապարհը 2008-9թթ.-ին «Հայկական ժամանակ» թերթում ընդհատակից հրապարակավ առաջարկել եմ նույնպես ընդհատակում գտնվող Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նա դրսում ստեղծի վտարանդի կառավարություն: Պատմությունն այդպիսի հաջողված փորձեր ունի: Իսկ ինչ մնում է «պայքարող զանգվածին հեռվից հրահանգներ տալու» որակմանը, ապա դա ավելի շատ զգացմունքայնության ոլորտից է, քան քաղաքական իրատեսության: Այլ հարց է, որ բելառուս տիկինը, ըստ իս, լուրջ քաղաքական և առաջնորդական որակներ չունի, թեև ներկա ցանցային աշխարհում անառաջնորդ հեղափոխությունների «հաղթական» օրինակներ տեսել ենք նույնիսկ արաբական աշխարհում: Չտա Աստված, որ մեզ ոչ խորթ Բելառուսն արժանանա արաբական երկրների ողբերգությանը:

Հեղինակ՝ Անահիտ Չալիկյան, 24․08․2020, ԳԱԼԱ

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.