ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

«Երբ իշխանությունը հայտարարեց, որ վերջին անգամ է երկարաձգվում արտակարգ դրությունը, նախկին նախագահը փորձեց ասել, թե իր խոստումը չի մոռացել»․ Միքայել Հայրապետյան․ ԳԱԼԱ

Սերժ Սարգսյանի գրասենյակի ֆեյսբուքյան էջում  համառոտ տեսանյութեր հրապարակվեցին, որոնցում նա խոսում է ապրիլյան պատերազմի մասին, պատասխանում 2016 թվականին տեղի ունեցած քառօրյա ռազմական գործողություններին առնչվող որոշ հարցերի:

Թեմայի վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի հետ:

— Պարոն Հայրապետյան, ինչպե՞ս եք մեկնաբանում  Սերժ Սարգսյանի «Անկեղծ զրույցը»: Նա ասաց, որ չուներ թաքցնելու բան, դրա համար է ներկայացել ապրիլյան քննիչ հանձնաժողովի հարցուպատասխանին:  Չե՞ք կարծում, որ նրա խոսքը պարունակում էր ակնարկ, ուղղված  ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին, ով չի ներկայացել քննիչ հանձնաժողովի նիստին:  

— Սերժ Սարգսյանի՝ Ձեր հիշատակած «զրույցի» մեջ ես որևէ նրբերանգ չորսացի՝ ուղղված Յուրի Խաչատուրովի կողմ: Խաչատուրովը պրոֆեսիոնալ զինվորական է, ինչպես որ իր որդին է պրոֆեսիոնալ զինվորական, որի տավուշյան գործողությամբ, կարծեմ, շատերս ենք ուրախ: Իսկ որ թե՛ հիմնադիր-նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, թե՛ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը չեն անտեսել իրավապահ մարմինների և նման հանձնաժողովների կանչերը, խոսում է միայն մեր պետության հասունության մասին:

— Ինչո՞ւ նա հիմա որոշեց խոսել ապրիլյան պատերազմի մասին հիմա։ Արդյո՞ք Սերժ Սարգսյանի հայտարարությունների ընտրված ժամանակահատվածը պատահական է, եթե հաշվի առնենք, որ Հայաստանի ներքաղաքական կյանքը լարված է։

— Հայաստանում ներքաղաքական կյանքը սրանից պակաս լարված այլևս չի լինելու. հակառակը: Ուստի այդ «զրույցը» առկա լարվածության հետ կապել պետք չէ: Շատ տրամաբանական է, որ հիմա խոսեց, քանի որ հանրության մեջ արդեն այն մտայնությունն էր, որ նա խուսափում է իր խոստացած ասուլիսից: Իսկ երբ իշխանությունը հայտարարեց, որ վերջին անգամ է երկարաձգվում արտակարգ դրությունը, նախկին նախագահը փորձեց ասել, թե իր խոստումը չի մոռացել, և որոշ բազմավեկտոր ուղերձներ հղեց:

— Սերժ Սարգսյանը ապրիլյան պատերազմը մշտապես ներկայացրել է որպես հաղթական դրվագ՝ իր պաշտոնավարման տարիներին: Անգամ 2017 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ կարմիր թելի պես անցնում էին ապրիլյան քառօրյա պատերազմի «դրվագները»: Այս մասով ի՞նչ կասեք: 

— Իհարկե, ապրիլյան քառօրյայի այդպես սառեցումը հաղթանակ էր, ինչն ինքս էլ հրապարակավ ասել եմ հենց այն օրերին: Բայց դա անձնական հաղթանակ չէ (հանուն արդարության նշենք, որ Սերժ Սարգսյանի խոսքից հնարավոր չէ եզրակացնել, թե նա «ի՛ր հաղթանակն» է համարում դա). մեր պատմության մեջ անձնական հաղթանակ տարել է թերևս միայն Գարեգին Նժդեհը 1921թ.-ին: Իսկ կատարվածն իրոք հաղթանակ էր, քանի որ այն ոչ թե ընդամենն ադրբեջանական ագրեսիայի դեմ էր, այլև առաջին հերթին կայսերական լուրջ պրոյեկտի, ըստ որի Հայաստանից տարածքներ վերցնելու դիմաց Ադրբեջանը պետք է միանար ԵԱՏՄ-ին: Այս մասին խուսափեց գոնե ակնարկել Սարգսյանը, ինչը շահեկան կլիներ մեր պետության և հանրային գիտակցության համար: Մեր պետությունը խափանեց ռուս-թուրքական պրոյեկտ, որն իրոք հաղթանակ էր, հաղթանակ՝ շատ թանկ կյանքերի գնով:

— Ներքաղաքական ստեղծված իրավիճակի ֆոնին ինչքանո՞վ է իրատեսական որոշ քաղաքական ուժերի համախմբումը։

— Տեսանելի ապագայում քաղաքական ուժերի համախմբումը բացառվում է, եթե իհարկե պատերազմ չսկսվի:  Ավելին՝ առաջիկայում մենք ականատես կլինենք է՛լ ավելի ատոմիզացման և քաոսին մոտիկ վիճակի ոչ միայն արտախորհրդարանական ուժերի տիրույթում, այլև հենց միաձույլ թվացող իշխանության պարագայում:

Անահիտ Չալիկյան, 11.08.2020, ԳԱԼԱ

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.