ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Առաջիկայում ի՞նչ զարգացումներ կարող են լինել մեր տարածաշրջանում, դա մեծապես կախված է ռուս-արևմտյան հարաբերություններից․ Միքայել Հայրապետյան

Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքերի, Թուրքիայի հրահրումների և մի շարք այլ հարցերի շուրջ ԳԱԼԱ-ն զրուցել է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի հետ:

— Պարոն Հայրապետյան, գաղտնիք չէ, որ տարածաշրջանային լարումները առաջացրել է Թուրքիան, և ակնհայտ է, որ Ադրբեջանին հրահրողը Թուրքիան է։ Ձեր կարծիքով Թուրքիան ի՞նչ հավակնություններ ունի տարածաշրջանում, և ինչպիսի՞ զարգացումներ կլինեն։

— Թուրքիայի հավակնությունները միանգամայն օրինաչափ են և ունեն հարյուրամյակների պատմություն. երբեմնի կայսրությունների մեծ մասը նման հավակնություններ ունի, մանավանդ, երբ դրա համար կան օբյեկտիվ հնարավորություններ: Թյուրք էթնոսն այսօր աշխարհում ունի վեց պետություն, ինչպես նաև տասը վարչական կազմավորում՝ Ռուսաստանում և Չինաստանում:

Եթե մենք՝ հայերս, երկու հազար տարի առաջ մի կարճ ժամանակ կայսրություն ենք ունեցել, ու մինչև այսօր մեր երազներում կա այն վերականգնված տեսնելու փափագը, ապա ինչո՞ւ նույնը չպետք է ունենա թյուրք էթնոսը, որը ստեղծել է մարդկությանը հայտնի ամենամեծ կայսրություններից մեկը՝ Օսմանյանը: Այսօր Բոսֆորից չընդհատվելով մինչև Չինաստանի Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջան է ձգվում այդ երեք հարյուր միլիոնանոց էթնոսը: Թյուրքական պետական կազմավորումների առաջամարտիկ Թուրքիայի Հանրապետությունն էլ այսօր մեծ քսանյակի անդամ է՝ իր լավ սպառազինված բանակով ու դինամիկ տնտեսությամբ: Եթե սրան հավելենք, որ Կովկասում առկա Ադրբեջան պետությունը, Հարավային Ռուսաստանի Կաբարդինո-Բալկարական և Կարաչայ-Չերքեզական հանրապետությունները ևս թյուրքական են, իսկ մնացյալը՝ մահմեդական (օսեթներից բացի), ապա Թուրքիան կարող է մանևրել պանթյուրքական և իսլամական գործոնների միջև՝ առնվազն իր ազդեցությունը տարածելով մեր տարածաշրջանում, անշուշտ, բախվելով ռուսական և արևմտյան աշխարհառազմավարական պլաններին:  Իսկ թե առաջիկայում ինչ զարգացումներ կարող են լինել մեր տարածաշրջանում, դա մեծապես կախված է ռուս-արևմտյան հարաբերություններից, ինչպես նաև Չինաստանի գործոնից: Առայժմ տեսանելի որևէ փոփոխության պետք չէ սպասել և անհանգստանալ՝ հաշվի առնելով հենց այդ աշխարհաքաղաքական կենտրոնների ուժային հարաբերակցությունը: Տավուշի ռազմական դեպքերը միայն փորձարկում էին, որտեղ թուրքական կողմն իր համար ընդամենն ապահովեց Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական առևտրային երկխոսության հնարավորություն. ո՛չ ավելին:

— Ինչպե՞ս եք մեկնաբանում Թուրքիայից հնչող հայտարարությունները, որոնք ուղղված են Հայաստանին։ Վերջերս տեղի ունեցած Լավրով-Չավուշօղլու զրույցի ժամանակ ՌԴ արտգործնախարարը շեշտել էր հավասարակշռված մոտեցումներ դրսևորելու և կողմերի վրա զսպող ազդեցություն գործելու անհրաժեշտության մասին, սա ի՞նչ է նշանակում, և արդյո՞ք Թուրքիան նման կոչերին հետևելու տրամադրվածություն ունի։

— Թուրքիայի՝ Հայաստանին ուղղված հայտարարությունները հենց այդ հայտարարությունների մակարդակում էլ մնալու են. այդտեղ խնդիր չկա: Ռուսաստանի կոչն էլ կախված չէ Թուրքիայի՝ դրան հետևելու «տրամադրվածությունից». Թուրքիան հետևելու էր այդ կոչին, եթե անգամ այն չհնչեր. նա հիմա չհայտարարված պատերազմի մեջ է և՛ իր բոլոր հարևանների, և՛ ուժային բոլոր կենտրոնների, և՛ մանավանդ օրթոդոքս աշխարհի հետ:

— Վերջին շրջանում աշխարհի տարբեր երկրներում ՀՀ քաղաքացիների, հայ համայնքների անդամների հանդեպ բռնության դեպքեր և փորձեր են եղել, այսինքն՝ Ադրբեջանը հակամարտությունը տեղափոխում է երրորդ երկրի տարածք։ Ինչո՞ւ միջազգային գերատեսչությունները կոշտ արձագանք չեն տվել այդ սադրանքներին։

— Միջազգային կառույցների համար, նախ, դա երկրորդական և աշխատանքային կարգով լուծելիք հարց է, ապա՝ այդ «երրորդ երկրների» համար հրաշալի հնարավորություն է կուլիսներից այն կողմ ազդելու Ադրբեջանի ղեկավարության վրա:

— Միջազգային հանրությունը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածին արձագանքել է. մի կողմից՝ պրոադրբեջանական, մյուս կողմից՝ պրոհայկական։ Որո՞նք են, ըստ Ձեզ, Ադրբեջանի ղեկավարության հետևությունները՝ հաշվի առնելով հայ-ադրբեջանական սահմանին կրած ակնհայտ ձախողումները և միջազգային հանրության կոչերը:

— Ադրբեջանի ղեկավարությունը, որը խիստ տարատեսակ էլիտաներից է կազմված, փխրուն վիճակում է: Անկախ տարատեսակ կոչերից՝ Ալիևների (Փաշաևների) կլանը դատապարտված է ներհանրապետական կոնսենսուս գտնել: Այդ կոնսենսուսը չգտնելու հետևանքն էր տավուշյան ավանտյուրան, որտեղ Ադրբեջանին սովորական մանրադրամի կարգավիճակ էր հատկացված թուրքական խաղի մեջ:

— Արցախա-ադրբեջանական սահմանին իրավիճակն այս պահին հանգիստ է. կարո՞ղ ենք հույս ունենալ, որ այդպես էլ կմնա, թե՞ Բաքուն նաև այնտեղ կփորձի ինչ-որ գործողությունների գնալ:

— Ամենայն հավանականությամբ, նաև արցախա-ադրբեջանական հատվածում իրավիճակի լարումներ կլինեն՝ ավտերշոկերի տեսքով, բայց առաջիկայում դրանք կլինեն զուտ «կոսմետիկ» բնույթի: Ադրբեջանի խնդիրն այսօր պրոթուրքական, պրոիրանական (կրոնական), պրոռուսական գաղափարական խմբավորումների, ինչպես նաև տնտեսական հակադիր շահեր ունեցող կլանների միջև զինադադարի մոդուլ գտնելն է, որ բարդանում է նաև ադրբեջանական հասարակության մեջ ազգայնական տրամադրվածությամբ ռևանշիստական շերտի և սոցիալական բևեռացված լարվածության պատճառով: Ադրբեջանի ճակատագիրն Ադրբեջանից չէ կախված:

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.