ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Պետք չէ թաքնվել հայհոյանքի թիկունքում․ Միքայել Հայրապետյան․ «Առավոտ»

Իսրայել ներգաղթած հրեաները, ովքեր Կարմիր բանակում, որպես խորհրդային քաղաքացիներ, կռվել էին Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, 1967թ. իսրայելա-արաբական վեցօրյա պատերազմից հետո զանգվածաբար հրաժարվեցին Խորհրդային Միության իրենց մեդալներից ու շքանշաններից. ԽՍՀՄ-ը 1967թ. պատերազմի ժամանակ աջակցել էր արաբներին: Այդ մեդալներն ու շքանշանները հրեաները վաստակել էին իրենց արյամբ, նացիզմի դեմ՝ ռազմի դաշտում, բայց Հայրենիքի արժանապատվությունն ավելին էր:

Մոտավորապես նույնն արեց խորհրդային սիրված արտիստ Վախթանգ Կիկաբիձեն՝ Հարավային Օսեթիայի դեպքերից հետո, 2008թ.-ին:

Ազգային արժանապատվության այսպիսի գիտակցմամբ միայն հիանալ կարելի է: Բայց գուցե մեկ վայրկյան փորձե՞նք երեւույթի ակունքներին նայել՝ մինչեւ ինքներս մեզ խարազանելը, թե իբր հայերս անընդունակ ենք նման բանի: Թեեւ դա այնքան էլ այդպես չէ. մեր Հովհաննես Այվազովսկին, առնելով հայկական ջարդերի մասին լուրը, նույն կերպ վարվեց օսմանյան սուլթանից ստացած թանկարժեք մեդալների ու շքանշանների հետ. նախ կախեց իսլամում պիղծ կենդանի համարվող շան վզից, ապա նետեց ծովը: Իսկ երբ 2004թ.-ին ռուսական աստղ Կիրկորովն ասուլիսի ժամանակ հայհոյեց ծագումով հայ լրագրողուհի Իրինա Արոյանին (ի դեպ, Նիկիտա Սիմոնյանի եւ Մարգարիտա Սիմոնյանի համերկրացի), կարծեմ, միայն «Երիտասարդ պահպանողականների միություն» ՀԿ-ն հրապարակավ խոստացավ «չերաշխավորել» Կիրկորովի նախատեսվող համերգը Հայաստանում:

Իրանում ապրող հրեաների համայնքն ամեն առիթով Իսրայելի «զավթողական» քաղաքականությունը դատապարտող հայտարարություններ է հրապարակում: Որեւէ մեկը բարոյական իրավունք ունի՞ մեղադրելու Իրանում ապրող հրեաներին, թե նրանք պարտավոր են վարվել Իսրայելում ապրող հրեաների օրինակով կամ լռել: Իսրայելում ոչ ոք հրապարակավ չի հայհոյում Իրանի հրեական համայնքի իր եղբայրներին: Ըմբռնման եւ իմաստնության խնդիր է:

Մենք, իհարկե, ի դեմս Եվգենի Պետրոսյանի եւ նմանների՝ չունեցանք Կիկաբիձեի սխրանքի օրինակը, թեեւ ունեինք Գետաշենի ու Շահումյանի սպանդը: Սա, անշուշտ, մտորելու տեղիք կարող է տալ: Սակայն, չէ՞ որ Կիկաբիձեն Ռուսաստանի միակ վրացին չէ. այնտեղ ապրող կես միլիոն վրացին նման բան չարեց: Ավելին՝ սիրված աստղ Թինա Կանդելակին, օրինակ, Հարավային Օսեթիայի պատերազմի եւ անջատման համար շարունակում է հրապարակավ մեղադրել Սաակաշվիլուն՝ արդարացնելով Ռուսաստանին: Կես միլիոնից պահանջե՞լ, որ Կիկաբիձեի օրինակով դատապարտեր Ռուսաստանին, հեռանար ու այլեւս ոտք չդներ:

Միջին վիճակագրական սպառողը կարող է ե՛ւ դատապարտել, ե՛ւ հայհոյել, ե՛ւ անիծել Իրանի հրեական համայնքին կամ, ասենք, Կանդելակիին, թեեւ, ի պատիվ իրենց, Իսրայելի նույնիսկ սովորական հրեան ու Վրաստանի նույնիսկ սովորական վրացին այդպես չեն վարվում: Առավել եւս՝ անվայելուչ ու ձախողված ազգի տպավորություն կթողնեին, եթե այդպես վարվեին նրանց քաղաքական, մշակութային եւ մյուս էլիտաները:

ԱՄՆ-ից եւ Եվրոպայից մեր նշանավոր ազգակիցներն ազատորեն պաշտպանում են Հայաստանն ու դատապարտում Ադրբեջանը՝ կապված Տավուշի ռազմական գործողությունների հետ: Իսկ Ռուսաստանից հայազգի նշանավոր անձինք հիմնականում կա՛մ լռում են, կա՛մ Մարգարիտա Սիմոնյանի նման մեղադրում Հայաստանի իշխանություններին (թեեւ հավասարակշռման համար որոշները հրապարակավ խոսեցին Հայաստանի օգտին-նրանց օրակարգի մեջ չէր Հայաստանի իշխանության կամ ընդդիմության մասին հարցը, եվրոպահայության ցույցերի փոխարեն էլ՝ ձրի ծիրան բաժանեցին մոսկվացիներին): Ի դեպ, ձեւեր չթափենք, բյուզանդական-պարսկական, ռուսական-արեւմտյան քաղաքական անպտուղ կողմնորոշման խնդիրը միշտ է եղել հայ իրականության մեջ: Ընդ որում՝ հաճախ եղել է շատ անկեղծ:

Այստեղ խնդիրն ամենեւին այն չէ, որ Քիմ Քարդաշյանն ավելի հայրենասեր է, քան Մարգարիտա Սիմոնյանը, մանավանդ որ մեկի հայրենիքն առաջին հերթին ԱՄՆ-ն է, մյուսինը՝ ՌԴ-ն: Խնդիրն առաջին հերթին ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի մեջ է: Ինչպես Իրանի հրեաների վերնախավն է պարտավոր վատաբանել Իսրայելի իշխանությանը, այնպես էլ Ռուսաստանի քաղաքական վերնախավում հայտնված Սիմոնյանը, Կուրղինյանը եւ այլք՝ մերը: Օրինակ՝ Կալիֆոռնիայի նահանգապետ Ջորջ Դոքմեջյանը 1990թ.-ին իր նահանգում Ապրիլի 24-ը հռչակեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Կարո՞ղ էր այդպիսի բան անել, ասենք, Անաստաս Միկոյանը ԽՍՀՄ-ում, թեեւ ավելի բարձր պաշտոնյա է եղել: Հակառակը՝ Միկոյանը, ըստ նորահայտ փաստերի, Խորհրդային Հայաստանից ռեպրեսիաների ենթարկվելիքների ցուցակն ավելացրեց սեփական ձեռամբ: Եթե ԽՍՀՄ-ը բռնության կայսրություն չլիներ, մի՞թե Միկոյանը կուզենար այդքան ավելի մարդու ոչնչացում, այն էլ՝ սեփական ազգից: Հարցն ամենեւին Միկոյանին արդարացնել-չարդարացնելը չէ, այլ այն, որ դա կարող է մի կողմից՝ դիսկուրսի առիթ լինել մեր երկրում, մյուս կողմից՝ նույնիսկ գտնվեին մարդիկ, որ փորձեին Երեւանում կանգնեցնել նրա արձանը՝ վստահաբար կռահելով, որ ինձպեսները պայթեցնելու էին այն:

Բացի այս, ժամանակն է, որ մենք, որպես 30-ամյա պետության քաղաքացիներ, կարողանանք մեր մտածողության մեջ, մեր արժեհամակարգում համակարգել երեւույթները՝ բացառիկ տեղ հատկացնելով քաղաքացիությանը: Մարգարիտա Սիմոնյանն այլ երկրի քաղաքացի է, ինչպես մեր պաշտպանության «հետախուզվող» մի նախկին նախարար: Արդյո՞ք Սիմոյանն իր պետության դեմ մեղք գործած չէր լինի, եթե չկատարեր իր պետության պատվերը՝ հայհոյել մեր իշխանություններին՝ սեփական նախաձեռնությամբ անցնելով բառօգտագործման պարկեշտության սահմանները: Կան բաներ, որ բարձրագույն իշխանությունները կարող են ասել միայն ոչ առաջին էշելոնի իրենց խոսափողների միջոցով: Դա ինքներս էլ տեսել ենք, ասենք, Ժիրինովսկու օրինակով, որի համար միշտ էլ բարձրագույն իշխանությունը կարող է արդարանալ, թե դա մասնավոր կարծիք է: Բայց բոլորն են հասկանում, որ դա մասնավոր չէ, այլ հենց պետական նախազգուշացում է քաղաքական մտայնության մասին: ԱՄՆ-ն էլ նույն կերպ է վարվում. կոնգրեսականներ, սենատորներ անում են հայտարարություններ, որոնք թեեւ չեն կրկնվում Սպիտակ տան կողմից, բայց հղում են հենց Սպիտակ տան ուղերձը: Ախր, սա պարզագույն թվաբանություն է, նույնիսկ մաթեմատիկա էլ չէ:

Մենք Հայաստանի բնակչության եռապատիկի չափով սփյուռք ունենք, ուր որոշ անհատներ նույնիսկ առանցքային տեղերում են: Ինչպե՞ս վարվել նրանց հետ: Պահանջե՞լ, որ անվերապահ սպասարկեն իրենց պատմական հայրենիքի շահը՝ դեմ գնալով իրենց պետություններին, թե՞ ընդունենք իրականությունն ու փորձենք նրանց միջոցով ստանալ առավելագույն հնարավորը: Այո՛, հնարավորը:

Բարեկամս, որ գիտական աշխատանքի է ԱՄՆ-ում, պատմեց, որ տարիներ առաջ ընդունելով իր հրեա գործընկերոջ հրավերը՝ գնացել էր նրա աշխատասենյակ: Միասին սուրճ խմելուց եւ մասնագիտական զրույցից հետո, երբ ոտքի են ելել դուրս գալու, հրեա գործընկերը հարցրել է, թե չէ՞ր կամենա իր աշխատասեղանին դրված շտապօգնության մեքենայի տեսքով փոքրիկ գանձանակի մեջ ընդամենը մեկ դոլար գցել: Զարմացած բարեկամս այդպես էլ վարվել է՝ մեկի փոխարեն հինգանոց գցելով: Հրեա գիտնականը պարզաբանել է, որ թեեւ ինքը, իր հայրը, պապը, ապուպապը երբեւէ Իսրայելը չեն տեսել, ինքը հրեերեն չգիտի, սինագոգ երբեւէ չի գնում ու որեւէ ծեսի չի հետեւում եւ մեծ հաճույքով էլ խոզի միս է ուտում, բայց մյուս հրեաների հետ պայմանավորված՝ իր աշխատասեղանին ունի այս գանձանակը, ուր բոլոր հյուրերին առաջարկում է մեկական դոլար գցել: Երբ գանձանակը լցվում է, ի մի են բերում ընկերների այդ գանձանակների գումարները եւ գնում ամենաարդիական մի շտապօգնության մեքենա եւ ուղարկում Իսրայել:

«Ինձ նմաններից ավելին ակնկալել պետք չէ, ես չեմ գնա այնտեղ արաբների դեմ կռվելու, իմ որդիներն էլ չեն գնա, մենք սիրում ենք ու վարժ ենք ամերիկյան կյանքին. եւ մենք միայն սրան ենք պատրաստ, ու երկու տարին մեկ անգամ հարյուր հազար դոլարանոց մի նոր շտապօգնության մեքենա ենք ուղարկում: Եթե մեզ խնդրում են, երբեմն նաեւ զանգում ենք մեր տարածքի պատգամավորին ու պրոիսրայելական որեւէ պահանջ ներկայացնում»,- ասել էր բարեկամիս գործընկերը: Բարեկամս իրեն բռնացրել է այն մտքի վրա, որ ինքն ու իր զավակները, 7 միլիոն հայերն էլ (մատների վրա հաշվելիք բացառություններից զատ) չեն գա Հայաստանի լեռներում ապրելու, սահմանին՝ կռվելու, մեր կենսակերպն ու բարքերը՝ որդեգրելու: Բայց սեղանին գանձանակ դնել կամ սեփական պատգամավորին զանգել գուցեեւ սիրով անեն: Հիմա մենք, քաջ գիտակցելով, որ ավելին ակնկալել չենք կարող, եւ որ նրանք հարկ եղած դեպքում կատարելու են իրենց պետության պատվերը, հրաժարվե՞նք նաեւ այդ «մեկ պլյուս մեկ…» դոլարից եւ աշխարհի տարբեր երկրների խորհրդարանականներին մեր երկրի օգտին զանգի հնարավորությունից:

Մեծ եղեռնի ընթացքում Սեբաստացի Մուրադն ու Անդրանիկը քրդերից մեկ հայ մանուկին մեկ ոսկով էին գնում: Մենք ավետարանական վատ ու չար տնտեսի նման շռայլորեն վատնելու իրավունք չունենք այդ փրկագնված սերմացուների սերունդների մնացորդացը, որ բազում ոսկիներ են դարձել, մանավանդ որ այդ ոսկիները քամուն ենք տալիս խորհրդային ժամանակներից մինչեւ այսօր ձգվող արտագաղթերով: Ծրագրի եւ ըմբռնողության բացակայության կոծկման լավագույն միջոցը հայհոյանքների թիկունքում թաքնվելը չէ:

Միքայէլ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ Պահպանողական կուսակցության նախագահ

«Առավոտ» օրաթերթ 24.07.2020

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.