ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

«Ո՞ւմ է պետք այն ճանապարհը, որ տաճար չի տանում»․ Միքայել Հայրապետյան․ «Առավոտ»

«Ի զո՜ւր հայրը երկար-բարակ կը բացատրե, թե երբ առարկա մը գետին նետելով կտոր-կտոր կ՚ընենք, այդ գործողությունը «շինել» բառով չի բացատրվիր, այլ «կոտրել»։ Անկարելի եղավ բառագիտական այդ նրբությունը հասկցնել Փանջունիի, որ շարունակեց տանը մեջ գտնված գավաթները, պնակները, շիշերը կոտրտել. եւ ամեն անգամ, որ «Ի՞նչ կ՚ընես կոր» ըսելով զինքը կը հանդիմանեին, անդրդվելի ու անխռով կը պատասխաներ՝ «Կը շինեմ կոր»։ Սա փոքրիկ հատված է Երվանդ Օտյանի «Ընկեր Փանջունի» երգիծավեպից: Եվ ցավալին այն է, որ մեր հանրային միտքն այսօր քայլ առաջ չի գնացել հարյուր տարի առաջվա քաոտիկ աշխարհընկալումից:

Հիշո՞ւմ եք, ժամանակին մեծ աղմուկ էր՝ քանդե՞լ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի շենքը՝ վերականգնելով այնտեղ եղած մեր երբեմնի եկեղեցին, որ վերացրել էին կոմունիստները՝ կառուցելով նոր ժամանակների ժողովարանը (հունարեն՝ եկեղեցի): Իսկ ինչո՞ւ եկեղեցին վերականգնել, գուցե հաճեինք ավելի վա՞ղ շրջան գնալ եւ վերականգնել հեթանոսական տաճարը: Հիմա. մեր ազգայինը ո՞րն է՝ հայ-հեթանոսակա՞նը, հայ-լուսավորչակա՞նը, խորհրդահա՞յը: Եվ ընդհանրապես մենք ո՞վ ենք՝ Վահագնի՞ ծնունդը, Լուսավորչի՞ զավակները, Խորհրդային Հայաստանի՞ ժառանգության կրողները, թե՞ մակընթացություն-տեղատվություն ապրող 30-ամյա Նոր Հայաստանի որդիները: Սա լրջագույն հարց է, եւ եթե կարծենք, որ պատասխաններն արդեն ունենք հստակորեն, ապա երբեւէ չի դադարելու բնիկ-ոչ բնիկ երեւանցի, հայաստանահայ-«ախպար», կաթոլիկ- լուսավորչական, արեւմտամետ-ռուսամետ որդնապտուղ հակամարտությունը: Ելակետից բխող հստակ չափորոշիչների բացակայությունը միշտ էլ դառնալու է վեճերի գայթաքար՝ իր ստվերում թողնելով այն իրական մարտահրավերները, որ առաջադրում է արդի աշխարհը. եւ որոնց պատասխանել չզորելու դեպքում ստանալու ենք այն հայրենազրկումը, ինչ ստացանք 1915 եւ 1921 թվականների տեսքով:

Հետլուսավորչական աշխարհի մարտահրավերը մենք կա՛մ անտեսեցինք՝ տաշեղի պես տարուբերվելով համաշխարհային օվկիանոսում, կա՛մ ընդունեցինք մեզ ինքնահատուկ գավառամտությամբ ու մեր ազգի ծաղիկ երիտասարդությունը բաժին հանեցինք սուլթանական կախաղաններին ու ցարական բանտերին: Եղան, իհարկե, Րաֆֆու նման մեկուսի բարձունքներ, որ ասացին. «Ժամանակն է թոթափել հին նախապաշարմունքների փոշին, ժամանակն է ձեռք առնել դպրոցը, որպես մի նոր կապ մեր եւ մեզնից օտարացած ազգայինների մեջ, որպես մի նոր ավազան, ուր հայ-կաթոլիկը, հայ-մահմեդականը եւ հայ-բողոքականը կմկրտվեն նոր հոգով եւ նոր կյանքով եւ կդրոշմվեն ազգայնության անունով…»: Հիմա, երբ այդ ազգայնության ավազանում 200 տարուց ի վեր մկրտված առաջադեմ ազգերը փորձում են մկրտվել մի նոր՝ քվանտային չափումների ավազանում, երբեւէ չզիջելով իրենց նախորդ մկրտությունից ոչ մի նշանախեց, մենք դարձյալ կա՛մ չենք «թոթափում հին նախապաշարմունքների փոշին»՝ Ուիթմենի ասած «ներհուն հայի» պես կրկին ինքնամփոփվելով ոչ մի տեղ չտանող մեր քարանձավում՝ մեզ դատապարտելով մեր աչքին սուլթանական կախաղաններ ու ցարական շղթաներ երեւացող 5G կայանքների ու կորոնավիրուսի դեռ չստեղծված պատվաստանյութի դեմ ինքնամոռաց ներքին պատերազմի շռայլության, կա՛մ հակառակը՝ դարձյալ ինքնամոռաց հանձնվում ենք քրիստոնեության, հայ հեղափոխական սոցիալիզմի հանգույն՝ արդեն մեկ անգամ ճաշակած առաջամարտիկ փորձարկման ճագարը լինելու դեռ չստեղծված հաղորդիչների ու պատվաստանյութերի համար մի նոր ներքին պատերազմի հորձանուտին: Զարմանալիորեն միաձուլված են միջակությունն ու ծայրահեղականությունը:

Միայն առաջին հայացքից է «Հայ եկեղեցու պատմություն» առարկան հանրակրթական ծրագրում հանել-թողնելը մեկուսի, զուտ կրթական խնդիր: Այն իրապես կապված է այն խնդրին, թե ինչպե՞ս ենք մենք ընկալում «քանդելն» ու «շինելը», թե ո՞րն է մեր ԵԼԱԿԵՏԸ:

Իհարկե, պարարտ հող է ստեղծված դավադրապաշտական մոտեցումներին հակված մտքերի համար, թե «հայ»-ով սկսված առարկաների դեմ ինչ-որ արշավ է ընթանում դպրոցում ու բուհում՝ հայ լեզու, հայ գրականություն, հայ պատմություն, նաեւ՝ Հայ եկեղեցու պատմություն: Մյուս կողմից՝ նույնքան պարարտ հող կա մտքերը պղտորելու, թե այս ամբողջը միտումնավոր է խառնվել, որպեսզի հեշտ լինի թիրախավորել ու հեշտությամբ քանդել ինքնության ամենա-ամենան՝ հայոց լեզուն, մանավանդ՝ գիտական հայոց լեզուն. միով բանիվ՝ հայաստանյան գիտությունը: Միեւնույն ժամանակ՝ ամենեւին էլ բացառված չէ, որ սա հերթական վկայությունն է կապակցված մտքի բացակայության՝ հար եւ նման դիմակներ ու ձեռնոցներ կրել-չկրելու մասին միմյանց տրամագծորեն հակասող պաշտոնական հայտարարություններին. գուցե, իրո՛ք, «իրե՞նք էլ չգիտեն, թե ինչ են անում»: Սրանցից յուրաքանչյուրը, ցավոք, կյանքի իրավունք ունի. եւ այս բոլորի համար ընդհանուրը Ծրագրի բացակայությունն է, երբ լրջորեն չենք պատկերացնում «քանդել» եւ «շինել» բառերի տարբերությունը:

Եվ սա միայն ինչ-որ մեկ կրթական ծրագրի խնդիր չէ: Նույնն է պարագան Սահմանադրական դատարանի, «Յուքոմի», «Բարգավաճ Հայաստանի» ղեկավարի ու նրա ֆինանսա-տնտեսական կայսրության, անցումային արդարադատության ու վեթինգի, մոսկովյան շքերթին մասնակցել-չմասնակցելու, արեւմտամետ-ռուսամետի, «հեղափոխության արժեքների» կրող-չկրողների, սեւ-սպիտակի պարագայում: Ի դեպ, հիմա մի շարժում է սկսվել հեռավոր Արեւմուտքում, երբ սպիտակները համբուրում են սեւերի ոտքերը. դա՛ է տրամաբանական վախճանը սեւ-սպիտակ բաժանման: Աստված չանի՝ դա հասնի մեզ. մենք, որպես արեւելյան ժողովուրդ, նույնիսկ այդ գռեհկությունը կգռեհկացնենք անպատկերացնելիության աստիճանի: Եվ արդեն իսկ արեցինք վերջերս, երբ մեզանից մեկը հրապարակավ խոստացավ «ամեն ինչ անել հակառուսության դեմ պայքարելիս»՝ ամենեւին չհստակեցնելով, թե այդ «ամեն ինչի» մեջ անբնական ինչեր կարող են մտնել, մանավանդ որ Հայաստանում երբեւէ չի եղել, չկա եւ լինել չի կարող ո՛չ հակառուսություն, ո՛չ հակաարեւմտականություն, թերեւս միայն թույլ արտահայտված հակաթրքություն՝ պատմական ոչ հեռավոր անցյալի դաժան դասից ելնելով:

Ճիշտ է, Ավետարանում ասվում է, որ ճանապարհ գնալիս պետք չէ վերցնել ո՛չ պարկ, ո՛չ հաց, ո՛չ ոսկի՝ գոտիների մեջ, սակայն Ճանապարհի նպատակի ու վերջնակետի մասին պատկերացումը գոնե պե՞տք է վերցնել մտքի մեջ, Ծրագիր պե՞տք է ունենալ: Այլապես միշտ էլ կարելի է կրկնել լավ Հայաստան, նոր Հայաստան, երջանիկ Հայաստան, ավելին՝ լուսավոր ու բարգավաճ Հայաստան, ու ոչ մի «դալար տեղի ու հանգիստ ջրերի» հանգրվանի չհասնել, ինչպես Պատմահայրը կասեր:

Պետականության փոքրիշատե երկարատեւ ավանդույթ ունեցող ցանկացած ազգի քաղաքական, պետական գործիչ կվկայի, որ հեղափոխությամբ հնարավոր է իշխանության հասնել, սկզբի շրջանում, Չարենցի ասած, վիրահատական աքցանով թարախապալարներն արագ հեռացնել, բայց անհնար է հեղափոխականությամբ երկիր շենացնել՝ վատն արդյունավետով փոխարինել: Դա համակարգված, տքնաջան աշխատանք է պահանջում, ուր անկարող ու ավելորդ են մարզված հեղափոխական ոտքերը: Պետությունները ծնվում են պատերազմների մեջ, բայց կառուցվում են խաղաղության մեջ: Հեռավոր գյուղի ցանկացած ուսուցիչ կվկայի, որ ցանկացած առարկայի համար նախ հայեցակարգ, ապա ծրագիր, հետո դասագիրք եւ ուղեցույց են պետք, եւ այս հերթականության ցանկացած խախտում ապահամակարգություն է: Եթե մենք ճշտած լինեինք մեր այդ համակարգը, ինքնըստինքյան չէր էլ առաջանա այն հարցը, թե պե՞տք է «Հայ եկեղեցու պատմություն» առարկան հանրակրթությունում: Հեղափոխական բախտախնդրությամբ սուր ճոճելը նույնքան բախտախնդիր հակահեղափոխական դիմակայություն է առաջ բերում: Ելակետի, համակարգի տրամաբանությամբ ներկայացված ընդամենը մի քանի նախադասությունը կբավականացներ, որ հասկացվեր, թե ժամանակի պահանջով ստեղծված առարկան նույն ժամանակի պահանջով այսօր պետք է ներառվի Հայոց պատմության մեջ, ու մեր միտքը թշնամանք եւ ատելություն որոճալու փոխարեն կլծվեր իրական օրակարգերին:

Այսպիսի կեղծ օրակարգերը մշտապես խլելու են առանց այն էլ մեր նվազ հնարավորությունները, շեղելու են բուն օրակարգերի էությունից, եւ մեկ Թովմասյանի հարցը փոխարինելու է պետության դատական համակարգի հարցին, դպրոցական մի ժամկետանց առարկայի հարցը փոխարինելու է ժամանակակից արագ փոխվող աշխարհին անկորուստ համապատասխանեցվում կրթական համակարգի օրակարգին, մի Ծառուկյանի հարցը փոխարինելու է սեփականության իրավունքի եւ իշխանության հարաբերությունը համակարգելու օրակարգին, որեւէ շինություն քանդելու եւ նորը սարքելու հարցը փոխարինելու է հստակ արժեհամակարգ եւ չափորոշիչներ ձեւավորելու օրակարգին: Եվ այսպես շարունակ:

Ազդարարել է պետք հեղափոխության ավարտի եւ պետականաշինության սկզբի մասին, «քանդելու» եւ «շինելու» ժամանակների ու իմաստների տարբերության մասին: Վաղը կարող է ուշ լինել:

Միքայէլ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ Պահպանողական կուսակցության նախագահ

«Առավոտ» օրաթերթ 10.07.2020

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.