ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Ներքին թշնամի պահելու թեմա չկա

Կորոնավիրուսային ճգնաժամը հնարավոր է հաղթահարել միջազգային հանրության գործուն աջակցությամբ, որը մեծապես պայմանավորված է ժողովրդավարական բարեփոխումների իրականցման ընթացքով։ Ենթադրություն կա, որ եթե դրանք իրականացվեին ավելի վաղ, ապա, հնարավոր է՝ համավարակն այսքան մեծ ավերածություններ չառաջացներ մեր երկրում, իսկ ճգնաժամը չխորանար և չսպառնար վերաճել քաղաքական ճգնաժամի։ Դրա վառ օրինակը հարևան Վրաստանն է:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 17-ին Ազգային Ժողովում հնչեցրած՝ «այս դահլիճում կան դեռևս մարդիկ, ովքեր երրորդ երկրի չորրորդ կարգի պաշտոնյաների հետ վերաբերվում են որպես ղեկավարի» արտահայտությունը նշանակում է, որ քաղաքական համակարգում իրոք կան մարդիկ, որոնք ղեկավարվում են այլ պետության կողմից, հետևաբար՝ սպասարկում այլ պետության շահեր, փաստացի՝ օտարերկրյա գործակալներ են։ Սա շատ տեղին և կարևոր հայտարարություն է, թեեւ փոքր-ինչ վիճարկելի. եթե այդ երրորդ երկրի պաշտոնյան լինի ոչ թե չորրորդական կարգի, այլ առաջին, մի՞թե կարելի է ղեկավարվել: Դրսից ղեկավարումն ընդհանրապես հավասարազոր է պետական դավաճանության:

Տարածված կարծիք կա, իբր ժողովրդավարական բարեփոխումների իրականացումը ձգձգելու պատճառը ռուսական հնարավոր դիմադրությունն է։ Այն վառ երևակվել է երբեմնի բախտակից երկրներում, որոնք իրականացնում են (իրականացրել են) 2-րդ փուլի բարեփոխումներ։ Ռուսական հակազդեցությունը նկատվել է նաև մեր երկրում 2013 թվականին, երբ մեկ գիշերում վիժեցվեց Հայաստան-Եվրամիություն ասոցիացման համաձայնագրի ստորագրումը, և բարեփոխումները հետաձգվեցին։

Տարիներ շարունակ իշխանությունը վախեցել է ռուսական հնարավոր դիմադրությունը չեզոքացնելուն ուղված քայլերից, չի նախաձեռնել ռուսական զորքերի դուրս բերումը, ռուսական գործակալների չեզոքացումը (Լյուստրացիա), ռուսական քարոզչական լծակների չեզոքացումը, ռուսական կապիտալով ենթակառուցվածքների ազգայնացումը և այլն։ Այս զգուշավոր վարքագիծն ունի հին արմատ։ Այն սնվում է 1920-21 թթ. Հայաստանի պատմության սովետական պրեզենտիզմով: Եվ, չնայած, Հայաստանն արդեն 29 տարի անկախ է և ունի բազմաթիվ ձեռքբերումներ, քաղաքական համայնքի շատ ներակայցուցիչներ այսօր էլ կարծում են, թե 1920-ի մայիսյան բունտը ճնշելը քաղաքական սխալ էր, 1921-ի Փետրվարյան ժողովրդական ապստամբությունը՝ հակապետական արկածախնդրություն։ Քաղաքական մտածողության մեջ արմատակալած այս կոդը բարեփոխումներ իրականացնելու խոչընդոտ է։

Այս վախով է ներծծված պարբերաբար ներկայացվող այն արդարացումն, իբր ռուսամետ ուժը, 5-րդ շարասյունը, վերջին բոլշևիկը կխոչընդոտեն բարեփոխումները, և նախ նրանց պետք է ճնշել, խաղից հանել դուրս։ Իրականում Հայաստանում ռուսամետ ուժ չկա 1999-ի հունիսի 15-ից ի վեր։ Կան պսևդոռուսամետ ուժեր, որոնց ձևավորել են աշխարհաքաղաքական հնարավոր բախումների արանքում մանևրելու համար։ Բայց աշխարհը փոխվել է, Կրեմլն օրեցօր-ակնհայտորեն հրաժարվում է երբեմնի դիրքերը վերանվաճելու գայթակղությունից, ուստի հիմա մանյովրելն անիմաստ է, և ներքին թշնամի պահելու թեման պետք է փակել։

Տվյալ դեպքում՝ եթե Նիկոլ Փաշինյանի՝ հունիսի 17-ին ԱԺ-ում հնչեցրած վերոնշյալ խոսքը վախով ներծծված հուսահատ մանյովր է, որի իմաստն այն է, իբր կան ռուսական շահերը սպասարկող մարդիկ և/կամ ուժեր, որոնց ներկայությունն ու կշիռը թույլ չեն տալիս ինքնիշխանությունն ամրացնելուն ուղղված ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնել, ապա Հայաստանը կմնա խլրդաբնում մինչև Փաշինյանի հուսադրած «ոչ հեռու այն օրը»։ Իսկ եթե վարչապետը լուրջ է տրամադրված, ապա կիրականացվի Լյուստրացիա, որի արդյունքում հիմնավորապես կփակվի անանուն ներքին թշնամուն օդում փնտրել-քերթելու իռացիոնալ թեման, կփակվի ռուսական գործակալի լեգալ մուտքը ԱԺ և քաղաքական համակարգ, հիմնավորապես կչեզոքացվի ռուսական ենթադրյալ կամ հնարավոր հակազդեցությունը նախատեսվող բարեփոխումներին, կհաստատվի հասարակական իրական համերաշխություն, և քաղաքական միավորները ոչ թե կհոշոտեն միմյանց, այլ միասնաբար ձեռնամուխ կլինեն ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելուն, կորոնավիրուսային ճգնաժամից դուրս գալու և համընդհանուր բարեկեցություն ապահովելու Աստվածահաճո գործին։

Թաթուլ Մկրտչյան, Պահպանողական կուսակցության քարտուղար

Lragir.am, 19.06.2020թ․

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.