ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

«Ո՞վ է տեր Աստվածն, ո՞վ՝ սատանան»․ Միքայել Հայրապետյան․ «Առավոտ»

«…Պատմական հայրենիքը խնամք չի պահանջում: Այդ հայրենիքը տուրք չի պահանջում, քրտինք չի պահանջում, պաշտպանության կարիք չունի: …Եվ հարյուրամյակներ շարունակ մենք մեր հայրենիքը մաս-մաս դարձնում ենք պատմական հայրենիք ու կապվում նրան հավաքական, չպարտավորեցնող, սրտագին սիրով»,- դառնացած հեգնությամբ գրում էր հայ գրող Վանո Սիրադեղյանը: Երանի միայն այդքանը լիներ: Այժմ մենք մեր այդ չպարտավորեցնող սերն անգամ փորձում ենք հանել վաճառքի, ավելին՝ հրապարակայի՛ն վաճառքի՝ աճուրդի – ինչպե՞ս ավելին վաստակել այդ «հայրենասիրության» դիմաց:

20-րդ դարի մեծագույն դեմքերից մեկը՝ Թոմաս Էդուարդ Լոուրենս Արաբիացին, դեռ 1923-ին հրապարակված՝ «Այդ անտանելի հայերը» վերնագրով իր հարցազրույցում հին ցեղերի, այդ թվում՝ հայերիս մասին խոսելիս ասում է, թե «գրողի ծոցն են անցել» մեր փիլիսոփաները, բանաստեղծները, ազնվապետությունները, եւ գոյատեւել է միայն «ստոր միջին դասակարգը», որը դարձել է «խանութպաններ, վաշխառուներ, փերեզակներ, ո՛չ արտադրողներ»: Եվ հայերն էլ իրենց «հողերն ուզում են միայն սեփականատերը լինելու համար: Մինչեւ իսկ զարգացման գործը կազմակերպելու համար չեն աշխատի նրանք: Արտոնագրությամբ վարձու կտան ուրիշներին՝ գործը վարելու: Նրանք ուզում են ապրել ծովեզրին, քաղաքներում՝ ի հաշիվ ստացած վարձի… Իրենք չեն աշխատի, որ մշակեն երկիրը, նույնիսկ հօգուտ իրենց»:

Սա այսօր շատ է ցցուն. կիսադատարկ են ոչ միայն Կովսականն ու Քարվաճառը, այլեւ Արցախը, Սյունիքը, Աշոցքը, ու ոչ մի վայրկյան չի փոխվում արտագաղթ-ներգաղթ հարաբերակցությունը հօգուտ ներգաղթի: Ինչո՞ւ: Որովհետեւ թե՛ արտագաղթողը, թե՛ ներգաղթողը մենք ենք՝ պարպված Մեծ երազանքից: Արտագաղթողների երազը սկսվում եւ ավարտվում է «ծովափնյա քաղաքներ» ստեղծած ազգերի սոցիալական երանավետ փաթեթներում երակ մտնելով, իսկ ներգաղթյալները կա՛մ դատապարտված են որպես տրանզիտ տարածք-հայրենիքում ինչ-որ պահի լինելու, կա՛մ հույսերով վերադառնում են, որ ստանան իրենց «մեծ գործի»՝ հայրենիք գալու համար ծափողջյունների չափաբաժինն ու «հերոսի» գնահատանքը: Քանի որ մենք էլ հայ ենք, ուստի նրանց ոչ թե սիրում ենք, այլ կա՛մ հերոսացնում՝ խեղելով Հերոս արժեքը, կա՛մ հայհոյում եւ օտարում՝ խեղելով բարոյականը:

Իհարկե, չկա օրենք առանց բացառության – այդպիսի բացառություն էր, օրինակ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը, որն իր շոտլանդուհի կնոջ ու զավակների հետ 1919-ին եկավ այն Երեւանը, որտեղ ոչ թե ակադեմիկոս, այլ նորմալ կրթություն ունեցող չկար, որտեղ փոխադրամիջոցն ուղտն ու ավանակն էին: Մեր իրավամբ հայրենական՝ Արցախի պատերազմի հետ կապ ունեցած ցանկացած մեկն այսօր կվկայի Ալեքսանդր Թամանյանի ու շոտլանդուհու թոռան՝ լուսահոգի կրտսեր Ալեքսանդր Թամանյանի ռազմական անլուր ու հիրավի մեծ գործի  մասին: Ընտանյոք հանդերձ եկավ նաեւ անկրկնելի Կոստան Զարյանը, ով այստեղ իրեն վայելից հազարապատիկ նվազ աշխատանք իսկ չստացավ, բայց ոչ մի անգամ չասաց՝ Ե՛ս եմ եկել: Եկան եւ ուրիշներ: Նրանք եկան Հանրապետության՝ Մեծ երազանք ունեցող դաշնակցական առաջնորդների կոչին անսալով, որոնց այսօր հայհոյելու իրավունք են իրենց վերապահում չեկիստ մուղդուսիների, կոմունիստ-կոմսոմոլների ժառանգները:

Այստեղ մի կարեւոր, շատ կարեւոր հոգելեզվաբանական (փսիխոլինգվիստիկ) շերտ կա: Թե՛ այս նվիրյալները՝ Մեծ երազի հետեւից գնացողները, թե՛ հայ գրող Վանո Սիրադեղյանը մտածում ու խոսում էին «մենք»-ով՝ իրենց «ես»-ը չառանձնացնելով Հայրենիքից: Մինչդեռ այսօր ամենավերին քաղաքական-պետական գործիչներից մինչեւ «այս արյունալի հանդեսում ինքնակամ ու ինքնակոչ թամադա» դարձածների «չպարտավորեցնող սիրո» խոսքի գրեթե ամեն նախադասություն սկսվում է «ես»-ով ու անընդհատ համեմվում «էս երկիրը» արտահայտությամբ՝ որպես ցուցական դերանվամբ ցույց տրվելիք, որպես մեզնից զատ, մեզնից ներքեւ մի օտար բան. այնքան օտար ու այնքան ներքեւ, որի մասին մեր Գիտությունների ակադեմիայի պրեզիդենտն ասում է՝ «քոսոտ երկիր», իսկ մեր առողջապահության նախարարը՝ «չմո երկիր»: Հիմա պա՞րզ է վանոների եւ այս քոսոտ-չմոների տրամագծորեն հակառակ տեսա՛կ լինելը. թե՞ այնքան է բթացած մեր միտքը, որ տեսակներ տարբերակելու ունակ չէ այլեւս:

Տեսակը թաքցնել հնարավոր չէ, դա դուրս է սպրդում մեր խոսքում: Յուրաքանչյուրս ասում ենք այն, ինչ կանք: Ընդամենը կես ժամ է պետք հետեւել հայկական հեռուստատեսության կամայական ալիքի կամայական հաղորդման, որ հստակ երեւա, թե որքա՜ն մանրացած, բարոյազրկված ու ինքնակոչ թամադաների «քաղցած ոհմակների կեր» է դարձված մեր երկիրը, եւ թե որքա՜ն իրավացի էր Լոուրենս Արաբիացին:

Ո՞ւմ գնահատել եւ ինչպե՞ս – ճարահատյալ «հայրենասերին» կամ ծափերի եւ իշխանության վայելքի ակնկալիքով հավաքագրվածի՞ն, թե՞ Պաուլո Կուելիոյի «Ալքիմիկոսի» կամ Ռուբեն Հախվերդյանի «Ծեր գնչուհու» նույնահոգի հերոսին. «Ես քեզ սիրում եմ – էս խոսքերը ասում եմ քեզ, ի՛մ Էրեւան, /Արժեր հասնել աշխարհի ծերը, որ էս բառերը հասկանամ»: Իսկ սա հասկանալու համար բառի ամենաիսկական նշանակությամբ կրթություն պետք է ստանայինք, կրթվեինք հենց Ռուբեն Հախվերդյանի, Կոստան Զարյանի գործերով, Րաֆֆու արդեն ժամանակավրեպ «Սամվելը» փոխարինեինք նույն Րաֆֆու հույժ արդիական «Պարույր Հայկազնով», ոչ թե Իսահակյանի կողքին որպես «ժիվոյ ժուչոկ» կարգված Հրաչյա Քոչարի՝ «չպարտավորեցնող սեր» ներարկող ու «սովետական կարմիր հայրենիքի» պատվերով թխված պսեւդոհայրենասիրական մանիպուլյացիաներով: Բայց դրա համար նախ պետք էր ունենալ հայրենիքը «քոսոտ» ու «չմո» չպատկերացնող, հայրենիքը սեփական արյան միջով շրջանառող աղբալյանատիպ նախարարներ, գիտնական կոլեգային փողոցային ռազբորկայի չկանչող փոխնախարարներ. թե՞ մենք անիծված ենք մանր փերեզակության՝ հավերժական սերգոարայիկերիցյաններով:

Ու երբ չկան բարոյական ուղղորդիչները, միանգամայն օրինաչափ է, որ մենք կմանիպուլացնենք՝ անջատելով անանջատելին՝ քաղաքականությունն ու բարոյականությունը, քաղաքացիականությունն ու պարզ մարդկայնությունը, եւ մեր այդ անբարոյականությունը կսահեցնենք որպես քաղաքացիականություն: Տարիներ առաջ հարցազրույցներից մեկում բառացի ասել էի. «Մշուշոտ է այն ժողովրդի ապագան, որը կարող է ԲՀԿ-ն կուսակցություն, իսկ պարոն Ծառուկյանին`քաղաքական գործիչ ընկալել: Ուզում եմ հուսալ, որ «մեր կյանքի հիմերն անդունդը չե՛ն ընկել եւ արնոտ միգում չե՛ն ճարճատում»»: Բարոյակա՞ն է, երբ այդ խոսքիս համար, որը կրկնում եմ նաեւ այսօր, հոխորտացած հացկատակ ձեռնասուններն այսօր նույն ինքնամոռացությամբ չեն պաշտպանում իրենց ստնտուին: Մեզանում առք եւ վաճառքի ապրանք է նաեւ ինքնամոռացումը: Ո՞ւր են այն հարյուրավորները, ովքեր ինձ նման սովորական քաղաքացիների հաշվին միջոցներ կուտակած, իրական քաղաքական գործիչների փոխարեն քաղաքական դաշտը զբաղեցրած մեծահարուստի միջոցներով վիրահատվել ու կրկնավիրահատվել են: Թե՞ նրանք շնորհակալ են, բայց հանկարծ սկսել են տարբերել մարդ Ծառուկյանին «քաղաքական գործիչ» Ծառուկյանից: Ձեւեր թափել պետք չէ. բոլոր մարդիկ մերկ գալիս եւ մերկ գնում են այս աշխարհից –  «օգնողը» հենց գործի՛չ Ծառուկյանն է եղել, ո՛չ մերկ մարդը: Ազնիվ եւ սկզբունքային էր պետք լինել սկզբից՝ նրան գործիչ չընդունելով ու «գործչից» չվերցնելով «մատաղը, որ իրենցը չէ, այլ գողացված է»: Այսքա՞ն էլ կիսահղի: Մի՞թե բանտում մարդ Ծառուկյանը չի լինելու, այլ ինչ-որ անգո գործիչ է լինելու, որը տարանջատելու հարցում հանկարծահաս «սկզբունքային քաղաքացի» ենք դառնում: Հիմա Ծառուկյա՞նն է ավելի մեղավոր, որ մենք չտեսնելու ենք տվել ու վերցրել գողոնի մեր բաժին փշրանքը, թե՞ նրան քաղաքականություն խցկածներն ու դարձյալ մենք, որ այսպես լկտիաբար սեթեւեթում ենք՝ հար եւ նման նրանց, ովքեր հետագայում ստում էին, որ իբր ստիպված կամ չիմանալով են զավակներին Բերիայի ու Ստալինի անուններով կոչել: Հիմա Ծառուկյա՞նն է ավելի մեղավոր, որ դատախազը տասնյակից ավելի օլիգարխներից առանձնացնելով՝ ընտրովի «արդարադատությամբ» տեսնում է բացառապես նրա՛ մեղքը ընտրություններ կեղծելու եւ միջոցներ թաքցնելու մեջ (կրկնեմ՝ դրանք իմ՝ սովորական քաղաքացուս միջոցներն են, որ բոլոր ժամանակների իշխանությունները խլել եւ ի պահ էին տվել մոտ չորս տասնյակ ընտանիքների), թե՞ այդ մարդուն որպես մատաղացու պարարտացրած իշխանավորները, ընտրակաշառք վերցրած ու այսօր լռող սինլքորները, ձեռնասուն «մտավորականները», որոնք ոչ մի անգամ չասացին, թե մինչեւ աքլորականչ ուրանալու են երեք ու երեսուն անգամ: Մյուս կողմից՝ ի՞նչ քաղաքական հետապնդման մասին են բարբաջում նահանջի տեղ չունեցողները, երբ մարդը քաղաքական չի եղել եւ չէ. քաղաքականը 2008-9-ի հալածանքներն էին, Հայրիկյանի դեմ մահափորձն էր… Խոսք կարող է լինել բացառապես բարոյական պարտքի եւ ապաշխարանքի մասին, որ չկա մսուրքին տասնամյակներով կապվածների մեջ:

Իրերի գահավեժ ընթացքը միանգամայն հնարավոր է փոխել (չշփոթել, խնդրեմ, զազրելի հեղափոխելու հետ), եթե յուրաքանչյուրս սկսենք մի փոքրիկ բանից՝ չկեղծելուց՝ արժեքները չարժեզրկելուց ու վաճառքի չհանելուց: Երկրի ապագան վտանգված է հենց այստեղ՝ հոգեւորի տիրույթում:

Միքայէլ  ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ Պահպանողական կուսակցության նախագահ

«Առավոտ» օրաթերթ 19.06.2020

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.