ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

«Դալնեվոստոչնի գեկտար»․ Միքայէլ Հայրապետեան․ «Առավոտ»

Երկու տարվա ընթացքում Հայաստանի անվտանգության մարմինը երրորդ ղեկավարն է փոխում: Դա միայն առաջին հայացքից է զուտ իշխանական-պալատական պարտիա, մինչդեռ խորքում ունի պատմական ու զգայական լուրջ ակունքներ: Բավարարվելով միայն մեկ փաստի արձանագրմամբ, որ ներկայիս ԿԳԲ-ի շենքի ճարտարապետն ինքն էլ հասցրեց հայտնվել իր սարքած զնդանի նկուղում, փորձենք սկսել նրանից, թե ի՛նչ պատահեց մեզ հետ մեր երկրի խորհրդայնացումից ի վեր, եւ ինչո՛ւ է այսօր շատ էական մեր պետական տոնացույցում ամրագրված Հունիսի 14-ը որպես կոմունիստական բռնապետության զոհերի հիշատակի օր լայնորեն նշելը:

Փաստ է, որ 1937 եւ 1949 թվականների եղեռնը հարավկովկասյան խորհրդային հանրապետություններից ամենից հուժկուն հարվածեց Հայաստանին: Իհարկե, այդ թվականները հույժ պայմանական են, քանի որ հայ սպաներին ու Խորհրդային Հայաստանում սովորական գյուղացի դարձած նախկին ֆիդայիներին, Սարդարապատի կամ Ապարանի ճակատամարտերի մասնակիցներին կոմունիստները սկսեցին ոչնչացնել հենց 1920թ.-ից՝ իշխանության անցնելուց անմիջապես հետո, իսկ, ասենք, հայ մեծագույն երգիծաբան Լեռ Կամսարն աքսորվեց 1935-ին, Հայաստանի կոմունիստների առաջնորդ Աղասի Խանջյանը ոչնչացվեց 1936-ին, Չարենցը՝ 1937-ին, Բակունցը՝ 1938-ին, «Ակեղդամա» հուշագրական վեպի հեղինակ, 17-ամյա ուսուցիչ Վաչե Սարգսյանը խորհրդային համակենտրոնացման ճամբարներում կյանքը մաշեց  սկսած 1941-ից, եւ այսպես շարունակ: Նույնիսկ Երկրորդ համաշխարհայինի տարիներին չդադարեցին ոչնչացումները, իսկ պատերազմից հետո վերսկսված զանգվածային աքսորներն ու գնդակահարությունները ձգվեցին մինչեւ Ստալինի մահը. աքսորվեցին ու ոչնչացվեցին համաշխարհային պատերազմի ժամանակ գերի ընկած խորհրդահայ ռազմիկները, կոմունիստական պրոպագանդայի խայծը կլլած ու ներգաղթած հազարավոր հայրենադարձներ: Աստված երկար կյանք տա մեր կողքին ապրող պոետ Մերուժան Հովհաննիսյանին, ԱՄԿ-ի համահիմնադիր Շահեն Հարությունյանին, Պարույր Հայրիկյանին, Ազատ Արշակյանին ու նրանց բախտակիցներին, որոնք, ի տարբերություն խորհրդային ուզբեկների, ադրբեջանցիների ու մյուսների՝ երազեցին ազատ հայրենիք ու գործեցին դրա համար:

Կոմունիստական բռնաճնշումները միայն Հայաստանում չէ, որ կատարվում էին. դա հավասարապես վերաբերում էր նաեւ Վրաստանին ու Ադրբեջանին: Սակայն, ինչպես իր անտիպներից մեկում գրում է Ստեփան Զորյանը, «երեք հանրապետություններից արտաքսեցին միայն հայերին»: Հայաստանում ադրբեջանցիներն այնքան էլ շատ չէին, իսկ վրացիներ չկային, մինչդեռ Արցախում, Ուտիքում, Բաքվում, Ջավախքում, Կախեթիայում, Թիֆլիսում հսկայական թվով հայեր կային, գրեթե մի ամբողջ Հայաստան: Ադրբեջանն ու Վրաստանն իրենց «պլանը» կատարում էին գրեթե բացառապես հայերի հաշվին, Հայաստանը՝ նույնպես: Այդ տարիներին ավելի քան 100 հազար հայ արտաքսվեց ու սպանվեց: Իսկ եթե հաշվի առնենք, որ Կովկասում հայ բնակչությունը մեկուկես միլիոնի սահմաններում էր, ապա դա ցեղասպանություն էր՝ իր տոկոսային հարաբերությամբ ավելին, քան քեմալական ցեղասպանությունը, եւ քիչ զիջող՝ երիտթուրքականին:

Որ դա ամենեւին տարերային բնույթ չուներ, այլ ծրագիր էր, պարզ երեւում է երկու հանգամանքով. նախ՝ Վրաստանի շուրջ Ստալինն ու Բերիան ստեղծում էին հովվերգական վիճակ, երբ հարավից մաքրվում էին մսխեցի թուրքերն ու հայերը, արեւելքից (Ադրբեջանից)՝ հայերը, իսկ հյուսիսից՝ մարտական ու արժանապատիվ չեչենները, ինգուշները եւ լեռնական այլ ժողովուրդներ: Երկրորդ՝ նույն Զորյանն իր մեկ այլ անտիպ գործում՝ որպես ականատես գրում է. «Ազատ ժամանակս շրջելով Յալթայում՝ տեսնում եմ բավական հին տներ, որ իրենց արտաքին տեսքով շատ նման են Վաղարշապատի եւ Երեւանի տներին: Դրանք անշուշտ հայ տներ են, որոնց տերերին Ստալինը քշել է Սիբիր, ինչպես եւ Ղրիմի մյուս քաղաքներում եղած հայությանը: Կարգադրությունը եղել է այնպիսին, որ դրանից հետո գործուղումով Ղրիմ եկած հայերին հյուրանոցներում չեն ընդունել, անգամ հայ զինվորականներին: …Այդպես էլ ասել են. «Կարգադրված է ոչ մի հայի չընդունել հյուրանոցներում»: Հայության կրիտիկական նվազագույն շեմ էր թողնվում ոչ միայն Հայաստանում, Հարավային Կովկասում, այլեւ տարածաշրջանային կտրվածքով՝ Ղրիմում, որի հայությունը սերուցքային էր՝ գաղթած Անիից:

Սակայն չստացվի, թե այս երեւույթը միայն կոմունիստների «մենաշնորհն» էր: Հայտնի են Էրզրումը գրաված, ապա նահանջած ռուս գեներալների ու ցարի, Վանի հերոս Արամ Մանուկյանի եւ ռուս հրամանատարության ու բազմաթիվ այլ նամակագրություններ, ցեղասպանությունից փրկվածների հուշեր, պատմության մեջ բազմիցս կրկնված՝ ցարական բանակի անհասկանալի ետուառաջ անելը: Ամենուր երեւում է Պատմական Հայաստանում Եփրատյան կազակության ստեղծման ռուսական պլանը, որի համար հայ էթնոսի լուրջ առկայությունը կարող էր խոչընդոտ լինել եւ «…մի օր ըմբոստանալ Ռուսիայի դեմ» (Շիրվանզադե): Ուստի պետք էր մոլոկաններով եւ ռուս այլազան գաղթականներով հակակշռել հայ հարաբերական մեծամասնությանը: Թուրքերը նույնն անում էին պանդխտություն պարտադրելով, քրդեր ու բալկանյան մահմեդականներ բնակեցնելով, հարկային քաղաքականությամբ, բռնի հավատափոխությամբ:

Այդ ռազմավարությունը շարունակվեց խորհրդային տարիներին, երբ ի հեճուկս հայ կոմունիստ ղեկավարության՝ խորհրդահայ տնտեսական ու գիտական նվաճումների մասին հոխորտանքների, տանուլ էր տրվում ու անտեսվում հեռահարը՝ ռազմավարականը: Ականատեսների թողած հարյուրավոր գրավոր վկայություններ կարելի է բերել սրա մասին, սակայն ավելի ազնիվ կլինի կրկին նույն հեղինակի՝ Ստեփան Զորյանի 1960-ականների մեկ այլ անտիպ գործից՝ հայ մտավորականին բնորոշ միամտության մեջբերումը. «Հայրենիքում գործ-աշխատանք չգտնելով՝ հեռանում են… Ե՞րբ պիտի կարողանա մեր հայրենիքը աշխատանքով ապահովել իր զավակներին»: Մեր հայրենիքն ինքնիշխան չէր, ուստի կարողանալ-չկարողանալն այդ հայրենիքին չէր վերապահված, այլ կայսրությանը: Հարյուրամյա ծրագրի պարզապես մեթոդն էր փոխվել հալոցքի եւ լճացման տասնամյակներում. էությունը նույնն էր՝ հայության որոշակի շեմ թույլ չտալ:

Պետականության վերջին վերականգնումն ուղեկցվեց Արցախյան պատերազմի դժվարություններով, ուստի եղավ հերթական խոշոր հայաթափումը Հայաստանից, Ադրբեջանից. տարածաշրջանային կտրվածքով մենք 21-րդ դար մտանք որպես հարավկովկասյան փոքրամասնություն, մինչդեռ 20-րդ դար էինք մտել որպես հարաբերական մեծամասնություն: Թեեւ մենք հաղթանակով սառեցրինք Արցախյան պատերազմը, սակայն տանուլ տվեցինք խաղաղությունը: Գրեթե երբեք չդադարեց արտագաղթը: Եվ ՌԴ նախագահն իրավունք ուներ հեգնելու մալիշկեցի հայ միլիոնատիրոջը, թե Հայաստանում ավելի քիչ հայություն կա, քան Ռուսաստանում. իսկ անգլերեն չիմացող ինձ նման մեկը կարող է Գլենդելի փողոցներում հանգիստ շրջել՝ առանց չհասկացվելու անհանգստության, քանի որ երկուսից մեկը հայ է:

Միտումը շարունակվելու է այնքան, քանի դեռ չի առաջարկվել մի այնպիսի գաղափար, այնպիսի հոգեւոր ջերմության աղբյուր, որը նորօրյա Թոթովենցներին, Եսայաններին, Քաջազնունիներին, Աճառյաններին, Թամանյաններին… հարյուր հազարավորներին կբերի հայրենիք. հակառակը՝ մենք ապիկար եղանք սիրիահայ անգնահատելի մշակույթով մեր հայրենակիցներին գուրգուրանքով պահելու: Այնպիսի մի գաղափար, ինչպիսին ռուսների «Սոոտեչեստվեննիկի» (Հայրենակիցներ) կամ «Դալնեվոստոչնի գետկար» (Հեռավորարեւելյան հեկտար)  ծրագրերն են, միանգամայն հնարավոր է իրականացնել, մանավանդ որ ԵԱՏՄ-ական մտածական ոլորտից դուրս գալու անկարող մեր ընտրանին ամեն կերպ փորձում է կրկնօրինակել ու կապկել: Կապկենք գոնե դրականը, օգտակարը:

Հիմա մենք նստած ենք վառոդով լի տակառի վրա, եւ այդ տակառը մեր աչքի լույսն է՝ Երեւանը, ուր երկրի բնակչության գրեթե կեսն է, մինչդեռ միայն վերջին 10 տարում պակասել է մի ամբողջ Վայոց ձորի մարզի բնակչության չափ հայություն: Մի՞թե մենք չունենք մեր «հեռավորարեւելյան հեկտարը»՝ նվազող մարզերը, Արցախը: Մի՞թե ազգային անվտանգության մարմինների խնդիրների մեջ չէ, թե ի՞նչ ենք անելու շատ կարճ ժամանակ անց, երբ խորհրդային շրջանի երեւանյան «խռուշչովկաներն» ու անորակ բազմահարկերը սպառնալիք դառնան. ի՞նչ ենք անելու, երբ անհանգիստ մեր տարածաշրջանում փոքր-ինչ կայունություն հաստատվելուց հետո հանկարծ Արաքսի կամ Թարթառի կիսադատարկ ափերին նորից հայտնվեն խաշնարածներն իրենց անմեղ մանուկներով ու կանանցով. ի՞նչ ենք անելու, երբ մեր երկրի բնակչության կեսն ատոմակայանի ու թուրքական երրորդ բանակի քթի տակ է. ի՞նչ ենք անելու, երբ այս համավարակին հաջորդելիք համավարակների ժամանակ Երեւանի փոքրիկ բնակարաններում կլաուստրոֆոբիայի մեջ հայտնված հանրապետության բնակչության կեսը բանտարկված լինի՝ ազատ «դալնեվոստոչնի գեկտարում» արարելու փոխարեն: Այդ արարչության՝ կրեատիվության հնարավորությունը լիուլի ընձեռում են նոր տեխնոլոգիաներն ու մեր բերրի «գեկտարները»:

Իհարկե, եթե խնդիրը խորհրդային պալար ԿԳԲ-ի քանդելն է, ապա միանգամայն ողջունելի է արիստոկրատի՝ հաճախակի փոխվող սպիտակեղենի նման դրա ղեկավարների փոփոխությունը, բայց թեկուզ մեկ այլ տեղում պե՛տք է լինեն ռազմական ստրատեգներն ու անվտանգության մարտիկները, որոնց մտքի շրջանառությունը մի փոքր ավելին է, քան բերանից մինչեւ որովայն ընկած ճանապարհը: Հիշենք, պետականորեն հիշենք Հուլիսի 14-ը:

Միքայէլ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ Պահպանողական կուսակցության նախագահ

«Առավոտ» օրաթերթ 12.06.2020

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.