ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Երկհազարամյա պարզ թվաբանություն․ Միքայել Հայրապետյան․ «Առավոտ»

Ինքնախարազանում չդիտվի մանավանդ Մայիսի 28-ի պայծառ տոնին հաջորդած այս օրերի համար, սակայն հանուն սթափության եւ զգոնության արձանագրել է պետք, որ վերջին 2200 տարում Պատմական Հայաստանի տարածքում մենք մեր բոլոր պետականությունները ստեղծել ենք բացառապես համաշխարհային մեծ, գլոբալ, տեկտոնիկ փոփոխությունների արդյունքում: Մեր ամենաերանելի արքաներից Արտաշեսը, որ նախապես Մեծ Հայքի տարածքում սելեւկյանների դրածո կառավարիչ էր, վերականգնեց հայկական պետականությունը, երբ պահը հարմար նկատելով՝ ապստամբեց հռոմեացիների կողմից գրեթե ջախջախված տարածաշրջանային գերտերության՝ Սելեւկյանների դեմ: Չլինեին երկու խոշոր գերտերությունների՝ Հռոմի եւ Սելեւկյանների բախումն ու կողմերից մեկի ջախջախումը, Հայաստանը չէր անկախանա, իսկ Արտաշեսն էլ կշարունակեր Հայաստանում իշխել որպես սելեւկյան դրածո հարկահավաք:

Երբ հաջորդ համաշխարհային տեղաշարժը եղավ՝ Հռոմը շարժվեց դեպի Արեւելք, մարեց Արտաշեսի հիմնած արքայատոհմը, որը հասցրել էր իր միջից նույնիսկ կայսր ծնել՝ Տիգրան Մեծին: Հայաստանն այնքան ուժեղ չէր, որ բացարձակ անկախ պետություն մնար, բայց այնքան էլ տկար չէր, որ կուլ տային նոր գերտերությունները՝ Հռոմը եւ Իրանը: Գերտերությունների մեջ փոխըմբռնում ձեռք բերվեց, որ Հայաստանի համար արքա կնշանակի Արեւելքը (պարթեւ Արշակունիներ), իսկ թագ տալու լիազորությունը կվերպահվի Արեւմուտքին՝ Հռոմին: Արշակունիների հայկական կիսանկախ պետության մայրամուտն էլ եկավ այն ժամանակ, երբ գերտերությունները որոշեցին, որ երկակի վիճակն այլեւս պետք չէ:

Պետականության վերականգնման հնարավորություն առաջացավ հաջորդ գլոբալ, համաշխարհային տեղաշարժի ժամանակ, երբ Արաբական խալիֆաթը ջախջախեց Հայաստանի մի մասի տիրոջը՝ Իրանին, եւ անասելի թուլացրեց մյուս մասի տիրոջը՝ երբեմնի հզոր Արեւելահռոմեական կայսրությանը՝ Բյուզանդիային: Հայերը չկորցրին գլոբալ անորոշության պահն ու վերականգնեցին հայկական պետականությունը:

Հետո թյուրքական ցեղերն անցան Հայաստանի վրայով ու, հայ ազնվականության ապաշնորհության եւ կղերականության պատճառով 1045-ին վերջնականապես մեռավ Բագրատունյաց հայկական կենտրոնացված պետությունը:

Կիլիկիայում կուտակված հայկական ուժերին հաջողվեց օգտվել համաշխարհային հերթական գլոբալ տեղաշարժից եւ պետություն հիմնել: Բայց նա էլ հոգին ավանդեց, երբ որպես համաշխարհային հերթական տեղաշարժ՝ եղավ արաբական, թյուրքական, բյուզանդական եւ խաչակիրների շահերի ժամանակավոր բալանսավորում:

Հետագայում հայ ժողովրդով բնակեցված Հայաստանը կիսված էր տարածաշրջանային գերտերություններ Իրանի եւ Օսմանյան կայսրությունների միջեւ: 19-րդ դարում տարածաշրջանում հայտնված նոր խաղացող գերտերությունը՝ Ռուսաստանն էլ իր բաժին Հայաստանը վերցրեց:

Հայաստանի մի հատվածը վերստին պետականություն դառնալու հնարավորություն ստացավ համաշխարհային գլոբալ նոր դասավորության՝ Ռուսական կայսրության փլուզման շնորհիվ, 1918-ին: Ի դեպ, վրացիները, ադրբեջանցիները եւ հայերը միաժամանակ պետականություն ստացան. այժմ նրանք նույն խանդավառությամբ են տոնում Մայիսի 26-28-ը: Այսինքն՝ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում եթե չփլուզվեր Ռուսական կայսրությունը, այդ երեքից ոչ մեկն էլ պետականություն չէր կարող ունենալ:

Ե՛վ Ադրբեջանը, ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Վրաստանը, ինչպես միասին պետականություն էին ձեռք բերել, միասին էլ կորցրին, 1920-21թթ.: Չլիներ տարածաշրջանային խոշոր խաղացողների՝ Թուրքիայի եւ Ռուսաստանի եղբայրական պայմանավորվածությունը, երեքն էլ կպահպանեին իրենց պետականությունները, թեեւ երկուսուկես տարվա ընթացքում շարունակաբար պատերազմում էին միմյանց դեմ:

Հայաստանը վերստին պետականություն կարողացավ ձեռք բերել համաշխարհային հերթական տեղաշարժի շնորհիվ, 1991-ին, երբ Սառը պատերազմում Խորհրդային կայսրությունը պարտվեց Արեւմուտքին: Ի դեպ, միաժամանակ անկախացան Վրաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը: Ավելին՝ համաշխարհային այդ խոշոր տեկտոնիկ փոփոխության շնորհիվ՝ ռուսական կայսրության ծիրում բռնի պահվող արբանյակները եւս՝ Արեւելյան Եվրոպայի եւ մերձբալթյան երկրներն առավել առարկայական պետականություն ձեռք բերեցին:

Իհարկե, չլիներ ժողովրդի առաջնորդների, մանավանդ Արամ Մանուկյանի ջանքը, մենք կմնայինք ռուսական կայսրության փլատակների տակ, ինչպես որ մեր առաջնորդների «անիմաստասեր բարքերի պատճառով» միայն մենք մնացինք Օսմանյան կայսրության փլատակների տակ՝ ցեղասպանվելով ու հայրենազրկվելով: Մինչդեռ մեր մյուս բախտակիցները՝ օսմանյան հպատակության տակ գտնվող արաբներն ու բալկանցիները, պոկվեցին վերջնականապես: Իհարկե, եթե ոչ ֆինների առողջ մոտեցումը, ապա գոնե վրացիների պետական արժանապատվությունը կամ ադրբեջանցիների հաշվենկատությունն ունենալու պարագայում բանը չէր հասնի Ալեքսանդրապոլի, ապա եւ՝ Մոսկվայի ու Կարսի անդամահատական ռուս-թուրքական պայմանագրերի՝ Կարսի, Սուրմալուի, Նախիջեւանի կորստի:

Բայց եղածն արդեն եղած է: Պարզապես 2200-ամյա այս պարզ թվաբանական իրողությունը պետք է ճանաչել. մենք պետականություն ենք կարողացել ստեղծել միայն համաշխարհային խոշոր տեղաշարժերի ժամանակ՝ սկսած Սելեւկյանների կայսրության փլուզումից մինչեւ խորհրդային կայսրության փլուզում: Վերջապես հետեւեցնենք, որ մենք մեկուսի առանձնյակ չենք, այլ աշխարհի մի մասը, եւ մեր տեղն ու դերը ճանաչելը պարտադիր է, ինչպես Խորենացին էր ժամանակին մեզ ընկալում որպես «հյուսիսայի՛ն ազգերի մեջ վեհագույնը»: Գլոբալ տեղաշարժը թեեւ անհրաժեշտ պայման է, սակայն ոչ երբեք բավարար: Բավարարության պայմանն ապահովվում է, երբ ժողովրդի սերուցքը՝ էլիտան, կարողանում է ճիշտ ժամանակին ճիշտ արժեքներ ներարկել նույն ժողովրդին, առաջնորդել ոչ թե Դեր-Զոր, այլ Սարդարապատ, կարողանում է սեփական բարոյական վարքի օրինակով ոգեշնչել ու արարումների մղել, ոչ թե մնալ 80-ականների զենքերի հույսին կամ ինքնապարգեւատրվել:

Անշուշտ, մենք լրիվ իրավունքն ունենք երգելու Սուլուխի կռվի մասին, բայցեւ պարտավոր ենք արձանագրել, որ ինչ-որ տեղ ինչ-որ բան հենց մե՛նք այնպես չենք արել, այլապես այսօր ոչ թե հայ զբոսաշրջիկները սիգապանծ կամ գլխիկոր կլուսանկարվեին Սուլուխի կամրջի մոտ, այլ ինքներս 9-րդ դարի այդ հոյակապ հայկական կամրջի մոտ սիրահոժար կյուրընկալեինք ճապոնացի ու թուրք այցելուների: Անշուշտ, մենք կարող ենք կրկնել Գում-Գափուից մինչեւ Բանկ-Օտոման ու երգել «Ստամբուլը պիտի դառնա արյան ծով», բայց դա ալպիական մանուշակով մեկ թիզ հայրենիք կավելացնի՞ մեր իրակա՛ն երկրին, ինչպես Չարենցն էր ասում, թե՞ կմթագնի մեր ուղեղները ու կստիպի վերստին ապացուցել, որ Աղդամի տակ շնչահեղձ եղած Տիգրանակերտն ունենալու իրավունքից մինչեւ դուդուկի, հարիսայի, ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի օր ճանաչված նույն Մայիսի 28-ի բաժնետերը մենք ենք:

Սառը պատերազմի ավարտով սկսված նոր գլոբալ տեղաշարժը՝ նոր աշխարհակարգի հաստատումն այս COVID-19-ի համավարակով մտել է արագացման ցնցումային փուլ: Եվ ապացուցելու, մուրալու, ինչպես նաեւ անհիմն հոխորտալու ավանդութացված պատիր խնդիրներն ինքնըստինքյան դուրս կմղվեն մեր միջից ոչ թե ջայլամությամբ, այլ ժամանակակից գլոբալ տեղաշարժերի էությունն ու ներքին տրամաբանությունը հասկանալու, դրանց համընթա՛ց գործելու պարագայում, ինչպես դա մի անգամ արել էր սելեւկյան կառավարիչ Արտաշեսը՝ դառնալով հայոց արքա Արտաշես:

Միքայէլ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ Պահպանողական կուսակցության նախագահ

«Առավոտ» օրաթերթ 29.05.2020

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.