ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Փնտրվում է Խատիսյան

20-րդ դարի հանճարներից է Մահաթմա Գանդին. նրան հաջողվեց տասնամյակների պայքարի արդյունքում, առանց մեծ զոհեր տալու անկախացնել Հնդկաստանը: Իր երկարատեւ պայքարը նա տարավ հոգեւոր հիմքեր ստեղծելով եւ այդ պայքարի ընթացքում առաջնորդվեց այն անփոփոխ գաղափարով, որ ամեն բան պետք է ծառայեցնել հանուն սեփական հայրենիքի ազատագրության: Այդ զոհերի թվում էր նաեւ հայ ժողովրդի շահը, երբ նա աներեր կանգնեց Անտանտի (իմա՝ Անգլիայի) դեմ կռիվ տվող Թուրքիայի պաշտպանության դիրքերում: Այդ նույնն արեցին նաեւ բոլշեւիկները՝ Լենինը, Ստալինը, Միկոյանը, քանի որ իրենց խորհրդային երկրի շահն օրինաչափորեն ավելի վեր դասեցին, քան մեկ այլ ժողովրդի (տվյալ դեպքում՝ հայ ժողովրդի) պարզ գոյության իրավունքը: Ցանկացած առողջ քաղաքական եւ, մանավանդ, պետական գործչի համար սա միակ բնական մոտեցումն է՝ ելակետ ունենալ բացառապես սեփական ազգային շահը: Մենք՝ հայերս, ունե՞նք այդ ելակետը:

Եվ միայն ազգային արժանապատվության խնդիրը չէ, որ մի պահ պետք է մեզ ստիպի մտածել՝ արդյո՞ք արժե Հայաստանի որեւէ անկյունում ունենալ Մահաթմա Գանդիի արձանը: Ազգային արժանապատվության արժեքը սերտորեն կապված է հոգեւոր անվտանգության հետ, որի բացակայության պարագայում վաղը պարապ են մնալու մեր սահմանը, մեր ճակատը, մեր Սարդարապատը: Հոգեւոր անվտանգության խաթարվածության պայմաններում ցանկացած անհատ իրավունք ունի երկմտելու, թե պե՞տք է այսօր կռվել այսինչ թշնամու դեմ, եթե իր պաշտպանած հողակտորի վրա վաղը կանգնեցվելու է այսօրվա թշնամու արձանն, ու որբ մեծացող իր զավակները ծաղիկներ են դնելու այդ արձանին ու կողքին խելոք-խելոք ոտանավորներ են արտասանելու:

Հարցը նաեւ մարդկությանը մշտապես ուղեկցած պատերազմը չէ, այլ շատ պարզ ու մարդկային արժանապատվությունը, որը հոգեկերտվածքի ու մտածողության հիմքերից է: Օրինակ, Ռիխարդ Վագներն աշխարհի հանճարեղ կոմպոզիտորների բույլին է պատկանում, բայց պատկերացնելի՞ է, որ Իսրայելում կանգնեցվի Վագների արձանը. ավելին՝ Իսրայելում չի հնչում նրա երաժշտությունը: Պատկերացնելի՞ է, որ որեւէ հրեայի մտքով անցնի՝ Թել Ավիվում կամ որեւէ այլ բնակավայրում կանգնեցվի Ֆրիդրիխ Նիցշեի արձանը: Կամ՝ Էլվիս Փրեսլին՝ ամբողջ Ամերիկա մայրցամաքի պաշտելի երգիչը, երբ ոգեւորության մեջ վատ արտահայտվեց մեքսիկացի կանանց մասին, հարյուրհազարավոր մեքսիկացիներ հրապարակային ջարդեցին ու այրեցին նրա սկավառակները, որ շատ թանկ գներով ու դժվարությամբ էին կարողացել ձեռք բերել: Արժանապատվության այդ գիտակցման շնորհիվ է, որ Իսրայելը տարածաշրջանի լավագույն երկիրն է, իսկ Դոնալդ Թրամփը փորձում է պարսպով պաշտպանվել Մեքսիկայից:

Մենք՝ հայերս, արժանապատվությունը շրջանցելու ջայլամային ձեւեր միշտ գտնում ենք՝ դա քողարկելով գավառական զանազան խորամանկություններով, որոնցից ամենից տարածվածն իբր լայնախոհ մարդասիրությունն ու համաշխարհայնությունն են, որ ընդհանրապես կապ չունեն մարդասիրության ու համաշխարհայնության հետ, այլ մեր անառողջության ու հետամնացության ցուցիչն են: Հետո էլ հոխորտում ենք, թե քրիստոնեությունը պետականորեն առաջինն ընդունածն ենք. չէ՞ որ Քրիստոսն ինքն է ասում, որ ներել է պետք, երբ դա խնդրում են, ապաշխարում են. միայն բախելուց հետո է, որ բացվում է. խնդրելուց հետո է, որ տրվում է ավելիով: Հնդիկները մեզանից արդյո՞ք ներողություն խնդրել են Շուշին այրելու, կոտորելու եւ հայաթափելու մեջ ունեցած հնդկական զորամիավորման դաժանության եւ անգլիական հրամանատարության դերակատարման համար, արդյո՞ք հայցել են մեր ներողամտությունը, որ նաեւ Գանդիի մեղսակցության պատճառով թուրքերին հաջողվեց անել այն, ինչը քանդեց մեր Տունը: Չեն հայցել, բայց մենք «շուստրիություն»՝ «քաղաքականություն» ենք անում՝ ներկայացնելով այն վեհ գաղափարների սոուսով:

Առողջ հանրույթների կողմից արհամարհանքի արժանի մեր այս վարքը՝ մանիպուլյացիայի միջոցով արժանապատվությունը որպես «խորը մտածող», «հեռուն տեսնող» վեհանձնություն վերավաճառելը, դեռեւս չորս տասնամյակ առաջ խոսույթի առարկա դարձրեց լուսահոգի Վարդգես Պետրոսյանը: Նա իր «Կրակե շապիկ կամ դատարկ աթոռներ ծննդյան տոնին» վեպում առաջարկում էր Ծիծեռնակաբերդում ամրագրել հատուկենտ հայեր փրկած թուրքերի անունները: Անգամ մղձավանջային երազում հնարավոր չէ պատկերացնել, որ որեւէ հրեա առաջարկի հազարավոր հրեաների փրկած գերմանացի Շինդլերի անունն արձանագրել Հոլոքոստի Աղետի եւ հերոսականության ազգային հուշահամալիրում: Նույնիսկ անկախությունից 30 տարի անց, Մեծ եղեռնի 105-րդ տարելիցի օրերին լայնորեն քննարկվեց անքննարկելին՝ ներե՞լ թուրքերին, թե՞ ոչ, այն դեպքում՝ երբ թուրքական պետությունն ամենեւին էլ ներում չի հայցել: Սա միանգամայն անհասկանալի է քաղաքակիրթ մարդկության համար, որեւէ առողջ ու բանական մարդու համար, մինչդեռ դրանով մեր հենց գրագետ զանգվածն է զբաղված:

Ոչ ոք այլեւս չի կասկածում, որ հետկորոնավիրուսային աշխարհում նոր կարգեր են ձեւավորվելու, աշխարհն ապրելու է նոր չափումներում: Հիմնական հավակնորդները գործի են լծված. նախ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետը մեկուսացվեց, ռուսները նախընտրեցին իրենց վարչապետին վարակակիր հայտարարել, իսկ Թրամփի մերձավոր շրջապատից երկուսի մեկուսացումից հետո հիվանդանոց գործուղվեց նաեւ Պուտինի Պեսկովը: Մեր տարածաշրջանում, ուր հիմնական խաղացող Ռուսաստանին՝ Իրանի եւ Թուրքիայի հետ միացել էին նաեւ Եվրոպան ու ԱՄՆ-ն, հայտնվել էին մամուլը փոթորկած հնդկական զանգվածներ, իսկ հակաթյուրքական պրոյեկտի առաջամարտիկ Չինաստանն անթաքույց առաջին քայլն արեց՝ ի լուր աշխարհի արձանագրելով Արարատից բարձր ու Յանցզի գետից երկար հարաբերության մասին: Պատմության ընթացքում հակաթյուրքական մեկ այլ պրոյեկտի առաջամարտիկի գիրկն ինքնամոռաց ընկնելով՝ մի անգամ արդեն մենք ճաշակել ենք ցեղասպանությունից մինչեւ հայրենազրկում:

Մեր տարածաշրջանում են տարբեր բեւեռների նյարդահանգույցները՝ Մեղրին, Նախիջեւանը, Շուշին: Եվ մենք պարտավոր ենք ճշտել՝ նոր աշխարհում ո՞րն է ավելի նպաստավոր լինելու մեզ համար՝ լինել Հնդկաստանի եւ Թուրքիայի կողքի՞ն, թե՞ Չինաստանի, գուցե դարձյա՞լ «բռնենք Նիկալայի պոչը», իսկ գուցե ԱՄՆ-ի արեւմտյան նորացվող դաշինքո՞ւմ: Մեր քաղաքականավարման տրամաբանությունը փոխված կհամարվեր, եթե փոխվեր նախկին մոտեցումը, երբ կարծում էին, թե հոսանքը, կապուղիներն ու գազը՝ մեկին, ջուրը՝ մյուսին, կոնյակը՝ մեկ ուրիշին, հանքերը՝ լրիվ ուրիշին տալու պարագայում՝ նրանք բոլորը շահագրգիռ կլինեին մեր խաղաղությունը երաշխավորելու: Ախր, դրա փորձն էլ ունենք, երբ Կարաբեքիրը գրավեց Կարսը, ամերիկյան որբանոցին մատով անգամ չդիպավ, թեեւ քաղաքը մաքրեց հայերից: Սեփականությունն ամենեւին անվտանգության երաշխիք չէ: Հիմնական երաշխիքը մեր հոգեւոր անվտանգությունն է, մեր լրջությունը, մեր ոգեղեն առանցքը՝ ոչ ավազի վրա խարսխված:

Իբր թե հավասարակշռություն պահելու համար չինականին այդպես կոպիտ ու բռի կերպով հնդկականը հակադրելը, արեւմտյանին՝ ռուսականը, մեր երկիրը տանում ենք դեպի ոչ թե ուժային կենտրոնների հանդիպավայր դառնալու Աստծո ընձեռած հնարավորության օգտագործում, այլ նրանց շահերի բախման ռազմադաշտ սարքելու, որտեղ զոհն ու զոհաբերվողը հենց մեր երկիրն ու ժողովուրդն են լինելու: Մի՞թե մենք էլ հնդկացիական ցեղի նման դատապարտված ենք բավարարվելու վիրտուալ մի հանրապետությամբ, որ ճակատագրի հեգնանքով հայերեն առավել բազմիմաստ է հնչում՝ Լակոտական Հանրապետություն (2007թ., դեկտեմբերի 17):

Համաշխարհային այս սթրես-թեստի ընթացքում մենք կարեւորագույն արժեքները՝ կամավորականությունը, միակամությունը, գթասրտությունը, փոխօգնությունը, խնայասիրությունը մի կողմ թողած, կարծես, առավելապես զբաղված ենք հանրային ատոմիզացիան է՛լ ավելի խորացնելով՝ հետհեղափոխական Ուկրաինայի Ռադայի վերածելով ավանսով հոկտեմբերի 27 ճաշակած մեր Խորհրդարանը:

Ճիշտ նույն քաոտիկ ընթացքի մեջ էր մեր երկիրը 1920 թվականին, երբ Սարդարապատ հաղթանակած կամավորականներն ու զինվորականները զբաղված էին միմյանց հոշոտելով ու թալանով. եւ հենց նրանք՝ երկուսուկես տարում բարոյալքված նույն հերոսները, հանձնեցին անառիկ Կարսը, որքան էլ որ երգեր հյուսենք ինքնասպանություն գործած գնդապետ Մազմանյանի մասին: Օրինաչափ վերջաբանը եղավ այն, որ հերոսներից ամենից պայծառը՝ հենց Դրոն, հրահանգեց Խատիսյանին ստորագրելու Ալեքսանդրապոլի խայտառակ դաշնագիրը:

Խատիսյանների պակաս այսօր, կարծես թե, չկա. հերթի են կանգնած ամեն գույնի գրպանայիններ: Նորօրյա հրահանգավորող դրոների հարցն էլ, կարծես, լուծվում է հընթացս: Լրջանալ է պետք:

Միքայէլ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ Պահպանողական կուսակցության նախագահ

«Առավոտ» օրաթերթ 15.05.2020

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.