ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Գլոբալ աշխարհ՝ գլոբալ հայություն

Չհաշված Եգիպտոսի գլխին պայթած աստվածաշնչյան հինգերորդ եւ վեցերորդ պատուհասները՝ մարդկությանը հայտնի առաջին համաշխարհային վարակը սկսվեց Եվրոպայում, 535-536թթ.: Դա ժանտախտ էր, որ խլեց այն ժամանակվա Եվրոպայի բնակչության ավելի քան կեսի կյանքը: Ժանտախտը կրծողներն են տարածում, երբ նրանց քանակը կտրուկ աճում է: Դրանց քանակի աճն էլ իր հերթին կապվում է երաշտների հետ: Երաշտներն էլ լինում են եղանակային փոփոխության պատճառով: Մեկուկես հազարամյակ առաջ Եվրոպայում եղանակային փոփոխությունը, որ անբարենպաստ էր դարձել մարդկանց եւ բարենպաստ՝ առնետների համար, սկսվել էր հեռավոր Կենտրոնական Ամերիկայում պայթած հուժկու հրաբխի պատճառով: Հրաբխից առաջացած թունավոր ու ծանր թանձրությունն անցնելով Ատլանտյան օվկիանոսը՝ կախվել էր ամեն ինչից անտեղյակ Եվրոպայի վրա: Ժամանակակիցների գրավոր վկայություններով՝ Եվրոպայում «տարիներ շարունակ արեւն այնպես էր լուսավորում, ինչպես լուսինը» (դա երբեմն կոչում են փոքր սառցադաշտային ժամանակաշրջան կամ Հուստինիանոսի ժանտախտ): Արեւի ճառագայթները հարկ եղածի չափ չէին հասնում Երկիր, ու երաշտ եղավ: Երաշտը մարդկանց՝ սով, իսկ առնետներին՝ բազմացում բերեց: Եվ սկսվեց գրեթե հարյուր տարի տեւած ժանտախտը: Կարծես թե շղթան փակվեց:

Կենտրոնական Ամերիկան (Սալվադոր) ուր, եւ Եվրոպան՝ ուր: Ի դեպ, հենց նույն տարում՝ 535թ.-ին, մեծ ուժգնությամբ ժայթքել էր նաեւ ինդոնեզական ցայսօր մեծագույնը համարվող հրաբուխը, որի արտանետվածքը եւս պտտվել էր մոլորակի վրա ու հասել նաեւ Եվրոպա: Փոքր է աշխարհը եւ բնությամբ՝ փոխկապակցված ու գլոբալ՝ անկախ մեր կամքից ու ցանկություններից, թեեւ մեր կամքն էլ երբեմն փորձում է նմանվել ու ներդաշնակվել բնության կամքին:

Մարդկությանը հայտնի երկրորդ մեծ համավարակը, որ 14-րդ դարում (1315թ.-ից) կրկին պատուհասեց Եվրոպային ու խլեց նրա բնակչության գրեթե կեսը, դարձյալ Եվրոպայից չէր սկսվել: Այն եւս կապվում է Եվրոպայից շատ ու շատ հեռու գտնվող Ինդոնեզիայի հզոր հրաբխի հետ, որի արտանետվածքը մթնոլորտով եկել ու հասել էր Եվրոպա: Դարձյալ ժամանակակիցների նույն վկայություններն են, դարձյալ նույն փակվող շղթան: Իհարկե, այն դարերում չէին կարող այս շղթայի մասին իմանալ, եւ բացատրությունները պտտվում էին կրոնական պատկերացումների, լավագույն դեպքում՝ հիգիենայի շրջանակներում:

Այդ ժանտախտների մասին տեղեկությունները հիմնականում Եվրոպայում թողած ավերածությանն են վերաբերում, քանի որ այնտեղ էր քաղաքակրթությունը, եւ այնտեղ էին արձանագրում իրականությունը, ինչպես այսօր, երբ տեղեկություններ կան Գերմանիայի, Ֆրանսիայի, Շվեդիայի, մնացյալ ամբողջ Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի մասին, բայց գրեթե ոչինչ չգիտենք ավելի շատ բնակչություն ունեցող Վիետնամում, Բանգլադեշում… ու, մանավանդ, Հնդկաստանում կորոնավիրուսի իրական ընթացքի մասին:

Այսպիսի բեկումնային ցիկլեր եղել են ու կլինեն. եւ պարտադիր չէ՝ միայն համավարակների խթանիչով: Եվ դրանք միայն տնտեսականից չէ, որ բխում են, եւ միայն տնտեսական հետեւանքներ չէ, որ ունենում են: Ավելին՝ տնտեսականն ընդամենն ածանցվում է երազանքներից ու դրանց մոդելներից, հոգեւորից ու դրա պահանջմունքներից: Այսինքն՝ գլոբալացումը գլոբալացում, բայց անվերջ զարգանալու ունակ մարդն էությամբ չի՛ փոխվում, ինչպես ասում են անգլիացի պահպանողականները:

Մինչեւ հիմա ամերիկյան եւ ռուսական դասագրքերում տարբեր անուններ են նշվում, թե ո՛վ հայտնագործեց ռադիոն: Նույնիսկ քարտեզների սկզբունքն ու քիմիական տարրերի աղյուսակներն են տարբեր: Ավելին՝ մենք խանութում որպես չափի միավոր կիրառում ենք կիլոգրամը, ԱՄՆ-ն՝ փաունդը, իսկ որքա՜ն են անհանգստանում Ամերիկայից մեքենա բերածները, որպեսզի տարածությունը մղոններով ցույց տվող մեքենաների վահանակները համապատասխանեցնեն մեզանում ընդունված կիլոմետրերին: Ասում են՝ աշխարհահռչակ մի անգլիացի Նյու Յորքում քիչ էր մնում վթարի զոհ դառնար, քանի որ ինքը վարժված էր անգլիական ձախակողմյան երթեւեկությանը, եւ ամերիկյան աջակողմյանը շփոթեցրել էր, երբ ինքը ձախ նայելուց հետո փորձել էր հատել փողոցը: Իսկ Հայաստանում ի՜նչ բուռն վեճերի տեղիք տվեց աջ ղեկ ունեցող մեքենաների ղեկի տեղափոխության խնդիրը: Շատերն են ուղիղ Ամերիկայից բերված իրենց նոփ-նոր էլեկտրասարքերը փչացրել այստեղ, երբ ուրախ-ուրախ միացրել են հոսանքի աղբյուրին, քանի որ հոսանքի լարումն այստեղ 220 վոլտ է, ԱՄՆ-ում՝ կեսը: Լոնդոնի փողոցներում այսօր շատ են գերմանական արտադրության աջ ղեկով մեքենաները, որոնք արտադրվում են հենց այդպես՝ հատուկ աջ ղեկով շուկաների համար: Նույնիսկ այսպիսի հարցերում մոլորակի ազգերը չեն փորձում փոխզիջմամբ միաչափանիշության հասնել, գլոբալացվել:

Հատուկ մեզ համար ոչ ոք ոչինչ չի արտադրել, առավել եւս հետայսու չի արտադրելու: Առավելագույնն այն է, որ ներմուծվող որոշ ապրանքների վրա անընթեռնելիության աստիճանի մանր տառերով հայերեն կգրվի, թե արտադրված է այսինչ երկրում, եւ պահպանման ժամկետն էլ այսքան է, իսկ թե ինչպես օգտագործել, ներսում կկարդանք միայն ռուսերեն, երբեմն՝ միայն արաբերեն: Լավագույնն էլ այն է, որ Թուրքիայից կտոր կներմուծվի, Չինաստանից՝ հատուկ նյութեր, եւ մենք թուրքական կտորից կարված հագուստի վրա չինական նյութերով կդաջենք Հայաստանի դրոշն ու զինանշանը՝ մեզ երեւակայելով իբրեւ աննախադեպ հայրենասեր: Հետո դա էլ շատ կհամարենք ու թուրքական կտորին չինական նյութերով հայատառ կգրենք ռուսական քրեական ենթամշակույթից փոխառած «Դուխով» բառը: Կարծես երեկ՝ 100 տարի առաջ էլ նույնն էր. Լեոն դառնացած գրում էր այն մարդկանց մասին, «որոնց համար մեծագույն պատվանունը սուլթանական «փաշա» անունն էր… Եվ ահա, երբ եկան նոր օրեր` նոր եւ մեծ պահանջներով լեցուն… հասկանալի է, որ մե՛նք պիտի թույլ լինեինք, պիտի պարտվեինք, եւ ոչ մեկ ուրիշը»: Սա էլ մե՛ր գլոբալացումն էր երեկ ու այսօր, մեր ինքնության ցույցը, մեր կիլոգրամն ու փաունդը, մեր կիլոմետրն ու մղոնը, մեր խեղճությունն ու մտքի տկարությունը: Չլինի այնպես, որ այս պատուհասի ժամանակ եւ հետեւանքով էլ առնետներն աճեն ու մարդիկ նվազեն մեր երկրում: Մի կողմից՝ ինտեգրում եւ գլոբալացում, մյուս կողմից՝ ինքնության ցույցեր, եւ սա հակադրամիասնություն է՝ անխախտ օրենք ժամանակների սկզբից: Այդպիսի ցույցեր թե՛ մեր հարեւաններն ունեցան եւ ունեն, թե՛ մենք: Թուրքիայի ռազմական նախարար Էնվերը հայտնվել էր Բաքվում ու Միջին Ասիայում, Ջեմալը՝ Աֆղանստանում ու Թիֆլիսում, մուսաֆաթական առաջնորդները՝ Ստամբուլում: Ռուսները պանսլավոնիզմի սնանկությունից հետո ձեռք զարկեցին եվրասիականությանը: Մեր Վահան Տերյանն ասում էր՝ «Հայության հավաքում գաղափարական իմաստով», Տիգրան Սարգսյանը՝ «Հայկական աշխարհ»՝ հար եւ նման Русский мир-ին…

Իսկական հեղափոխությունը ռուսականն էր, որ եղանակային իր փոփոխությամբ ավերեց ռուսական մշակույթի հիմքը՝ Աստծուն ու ինքնակալությունը, այն ամենը՝ ինչը հոգեւոր ակունք ուներ: Դա մեզ էլ հասավ 1920 թ.-ից եւ ժանտախտաբեր ամպի նման կախվեց մեր երկնքում 70 տարի, երբ Մայր Աթոռի հարյուրավոր միաբաններից մնացել էր ընդամենը 8-ը, հարյուր հազար հայազգի մանուկ Հայաստանում հաճախում էր ռուսական դպրոց… Ամենամեծ ավերներից էր, թերեւս, կոմունիստական ուղղագրությունը, որ հեղափոխական մեկ դեկրետով փաթաթվեց հայ ժողովրդի վզին: Եթե մերոնք եւս հեղափոխական են (Աստված մի արասցե, մերոնք դահիճներ չեն, կարծես), ապա պարտավոր են մեկ դեկրետով համայն հայությանը վերադարձնել ավանդական ուղղագրությունը՝ բարեփոխված եւ տրամաբանական: Եթե մերոնք առաջադիմական են ու որսացել են գլոբալ տեղաշարժերի ոգին, ապա պետք է գոնե գրի մակարդակում գլոբալացնել մե՛ր աշխարհը՝ հայկականը: Խնդրեմ՝ մանիպուլյացիա չանել եւ ուղղագրությունը չշփոթել լեզվի հետ ու չասել, թե գրաբարի կամ արեւմտահայերենի մասին է խոսքը, չէ՞ որ այսօր էլ հայության հետամնաց ու բարդույթավորված հատվածը սոցիալական ցանցերում գրում է հայերեն, բայց օտար տառերով:

Թեկուզ ուղղագրության պահպանողական բարեփոխմամբ մերոնք պարտավոր են ցույց տալ իրենց հեղափոխականությունը, գլոբալ աշխարհից իրենց հասկանալն ու ժամանակակից լինելը, հոգեւոր գլոբալ համավարակի դեմն առնելու կամ շրջանցելու իրենց վճռականությունն ու ունակությունը. եւ գոնե մեկ անգամ՝ հօգուտ ազգային շահի: Առողջ ազգերը այսօր հենց դրանո՛վ են զբաղված: 

Միքայէլ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ Պահպանողական կուսակցության նախագահ 

«Առավոտ» օրաթերթ 08.05.2020

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.