ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

«Սերժական մնացորդ» արտահայտությունը հեղափոխական ավերիչ մտածողության հետեւանք է․ ԳԱԼԱ

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում խոսեց թավիշի և «ամենաթողության» մասին:

Փաշինյանն անդրադարձավ իշխանության հասցեին հնչող քննադատություններին, մի շարք հայտարարություններ արեց։ Փաշինյանն ակնարկեց, որ  եկել է ժամանակը, որ իշխանության մեջ տեղի ունենան իրական զտումներ։

Թեմայի վերաբերյալ ԳԱԼԱ- ն զրուցել է «Պահպանողական» կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի հետ։

-Պարոն Հայրապետյան, երեկ վարչապետն ուղիղ եթերում մի շարք հայտարարություններ արեց՝ անդրադառնալով իշխանության հասցեին հնչող քննադատություններին։ Ինչպե՞ս եք գնահատում վարչապետի հայտարարությունները։

— Թեև բավականին լավ խոսք էր, բայց ավելի խորքային մոտեցում կարելի էր ակնկալել: Սև-սպիտակի պարզունակ մեխանիզմը կարող է որևէ պահի այլևս չբավարարել հավատավոր մեր ժողովրդին, նույնիսկ՝ իշխանության որակած «պողոսներին»:

— Փաշինյանը Կապանի ասուլիսի ժամանակ և տարբեր առիթներով հայտարարել է, որ կառավարման համակարգի բարձր օղակներում դավաճաններ կան, որ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ հայտարարություններին գործողություններ չեն հաջորդում, այս հարցում ի՞նչ անելիք ունի իշխող թիմը։

— Նախ՝ կերազեի, որ մեր մտքից դուրս մղվեր քրեական ենթամշակույթին հարիր «քֆուր դնելու»՝ բոլոր ոլորտներում մետաստազի պես արմատացող ենթա-ենթամշակութայնությունը՝ «դավաճան» որակելը, «Ով մեզ հետ չէ, մեր դեմ է» «չոր սուտի-գողականը»: Ինչպես իմ բարեկամ Նիկոլ Փաշինյանն էր ժամանակին ասում. «Այս հրապարակում կասկածողներ չկան, դավաճաններ չկան»: Այսօր էլ չկա՛ն դավաճաններ Հայաստան կոչվող մեր փոքրիկ հրապարակում. գուցե կան ընչաքաղցներ, թուլամիտներ, եսակենտրոններ, գավառամիտներ, նիհիլիստներ, օտարերկրյա դրածոներ ու գործակալներ, բայց ոչ երբեք դավաճաններ: Երկրորդ՝ 2018թ.-ի հրաշալի իրադարձությունների մասին պետք չէ դատել իբրև հեղափոխության, ուստի ավելորդ և վտանգավոր է նաև հակահեղափոխություն սնուցելը, բայց որ պետական համակարգը դիմադրում է պարոն վարչապետի արմատական բարեփոխումներին, ակնհայտ է: Իսկ ո՞վ է խանգարում պետական ապարատը կարգի բերելուն, չէ՞ որ այդ «դավաճան» հռչակվածներին ո՛չ ես, ո՛չ էլ դուք ենք նշանակել կամ վերանշանակել պետական համակարգում, արադարացրել անտրամաբանական պարգևավճարները՝ մինչև պետականությանը ձախողվածության աստիճանի հասցնելուն սպառնացող՝ սոցիալական շերտերի միջև եկամուտների տարբերության անդունդը խորացնելով: Յուրաքանչյուրս մեր արածի և չարածի համապատասխան ենք պարտավոր պատասխան տալ՝ ժողովրդի վրա ոչինչ չբարդելով: Իսկ թե ի՛նչ անելիք ունի Ձեր ասած «իշխող թիմը», դա հենց թիմի պատկերացնելիքն է, իսկ նրանց անելիքն ընտրություններով գնահատելը՝ քաղաքացիներինս:

— Վարչապետը երեկ իր հայտարարության մեջ նշեց, որ ովքեր չարաշահել են թավիշը, պետք է դուրս շպրտվեն պետական կառավարման համակարգից։ Ի՞նչ էր ակնարկում նա։ Կլինե՞ն արդյոք առաջիկայում պաշտոնանկություններ, և ինչո՞ւ մինչ օրս համակարգը չի ազատվել Փաշինյանի ասած՝ սերժական մնացորդներից։

— Թե ինչ էր ակնարկում պարոն վարչապետը, գիտենալ չեմ կարող, այլ միայն ողջունել, եթե իհարկե գնահատման հստակ և պետական-բարոյական չափանիշներ ունի: Պաշտոնանկություններ բոլոր ժամանակներում էլ եղել են ու միշտ էլ կլինեն. միայն թե այս անգամ էլ Դավիթ Սանասարյանի նման հատուկենտ տղաները չպաշտոնազրկվեն, եթե իհարկե այդպիսիք դեռ կան: Իսկ թե ինչու մինչև օրս համակարգը չի ազատվել «սերժական մնացորդներից» արտահայտությունը դարձյալ հեղափոխական ավերիչ մտածողության հետևանք է ու վիրավորական քաղաքացու տեսլականն ունեցող ցանկացած մեկի համար: Օրինակ՝ ես պետական, կրկնեմ՝ պետակա՛ն կրթական համակարգի իմ դասախոսական աշխատանքից հեռացվել եմ հենց Սերժ Սարգսյանի օրոք, երբ գտնվել եմ ընդհատակում, բայց և տարիներ անց նորից մրցույթով անցել եմ նույն աշխատանքին դարձյալ Սերժ Սարգսյանի օրոք՝ դույզն-ինչ չթուլացնելով իմ հրապարակային խոսքը նրա և նրա իշխանավորների մասին (փառք Աստծո, առկա են թե՛ տպագիր մամուլը, թե՛ համացանցը). հիմա ինձ կամ որևէ վարորդի, բժշկի, ուսուցչի կարելի՞ է անվանել «սերժական մնացորդ» ու ազատվել: Թեև իմ պարագայում երևի հենց այդպես էլ կանեն՝ ներկա իշխանության թերուս վարիչների մտքի փայլատակմամբ՝ բուհերից հանելով մեր ազգային գոյության միակ երաշխիքը՝ հայոց լեզուն: Կռիվն անձանց դեմ չպետք է լինի, այլ համակարգի, թեև համակարգերը մարմնավորվում են հենց անձանցով: Մեր երկիրն այսօր լայն առումով մշակութային ապակողմնորոշված, հոգևոր անվտանգությունը չգիտակցող վիճակում է: Հուսամ՝ վարչապետն այլ տեղում կփնտրի ելքը, բառի բուն իմաստով նոր գաղափար կգեներացնի, «անցյալի այդ կառեթով հեռու չես գնա»:

— Նիկոլ Փաշինյանը խոսեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի և առաջիկայում դրա կիրառման արդյունավետության մասին, որքանո՞վ է այդ օրենքն արդյունավետ կիրառելու տեսանկյունից, և արդյոք նոր բացահայտումներ կլինեն։

— Այո՛, քաղաքական կամքի առկայության դեպքում արդյունավետ կարող է լինել օրենքի կիրառումը, եթե քաղաքական կամքը չշփոթվի տղայական, կիսաքրեական պատվախնդրության հետ: Հուսամ՝ վարչապետին կհաջողվի լրջորեն չսայթաքել:

Անահիտ Չալիկյան

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.