ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Հեղափոխությո՞ւն, թե՞ լրջանալու պահ. Միքայել Հայրապետյան․ «Առավոտ»

Տարիներ առաջ Ֆրանսիայում որոշել էին Սուրբ ծննդյան տոնին տոնածառ չդնել հրապարակում, քանի որ դա կարող էր վիրավորել Հինգերորդ հանրապետության իսլամ բնակչության զգացմունքները: Դա չխանգարեց, իսկ գուցե ավելի մոտեցրեց 2015թ. ահաբեկչությունները Փարիզում:

Անկախությունը վերականգնելուց հետո Հայաստանը որդեգրեց պետական կառավարման ֆրանսիական կիսանախագահական մոդելը, իսկ երբ 2018թ.-ին պետք է անցում կատարվեր Երկրորդ համաշխարհայինում պարտություն կրած եւ առ այսօր սահմանափակումների ռեժիմում գտնվող Գերմանիայի կառավարման մոդելին, իրեն պարտադրված պատերազմը հաղթական դիրքում սառեցնել հաջողեցրած Հայաստանում իրականացվեց մի ժողովրդային շարժում, որը ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխություն է անվանվում մինչեւ հիմա:

Մոլորակի վրա հեղափոխություններ շատ են եղել: Դասական են համարվել ֆրանսիականն ու ռուսականը: Երբեմն ազգային-ազատագրական շարժումներն էլ են կոչվել հեղափոխություններ: Այդ շրջանից է մնացել «Հայ հեղափոխական(ների) դաշնակցություն» կուսակցության անունը: Լատինաամերիկյան անկախական շարժումները նույնպես հեղափոխություն կոչվեցին: 20-րդ դարակեսից հետո հեղափոխության դասական նմուշ է Իրանի իսլամական հեղափոխությունը: Այն հեղափոխություն էր ոչ թե այն պատճառով, որ ստեղծեց կրոնապետական կառավարման համակարգ, այլ՝ որ միապետությունը փոխարինեց հանրապետությամբ:

21-րդ դարում Եվրոպայում եղան ընդվզումներ, որոնք եւս կոչվեցին հեղափոխություններ, որոնք հասարակարգային եւ կառավարման համակարգերի փոփոխությունների խնդիր չէին հետապնդում՝ ինչպես դասականները: Եկել էր հեղափոխություն հասկացության վերասահմանման ժամանակը: Դրանք նույնիսկ սեփական անվանումներ ունեցան, ինչպես Հարավսլավիայի «Բուլդոզերների հեղափոխությունը» (2000թ.), Վրաստանի «Վարդերի հեղափոխությունը» (2003թ.), Ուկրաինայի «Նարնջագույն եւ Արժանապատվության հեղափոխությունները» (2004թ. եւ 2013-2014թթ.), նաեւ՝ միջինասիական Ղրղըզստանի «Կակաչների հեղափոխությունը» (2005թ.): Սրանք առաջին հերթին ունեին իրենց երկրների քաղաքակրթական, անվտանգային համակարգերի ռելսերի փոփոխության խնդիր՝ դուրս գալ ռուսական ուղեծրից եւ հայտնվել արեւմտյան համակարգում: Այսինքն՝ նոր դարաշրջանի հեղափոխություն անվանվածն իր բովանդակությամբ միանգամայն այլ էր:

Հեղափոխություն (revolution) բառը նշանակում է կրկնակի, նորովի զարգացման գործընթաց, բարեշրջում, վերապտույտ: Նոր ժամանակներում առաջին անգամ այն շրջանառած Կոպեռնիկոսը նկատի ուներ երկնային ոլորտների գալարների պտույտը: Այսինքն՝ խոսքը շրջադարձային, ոչ բնական, թռիչքային ընթացքի մասին է, ինչպես մեր Սասունցի Դավիթն էր մեծանում ոչ թե սովորական մահկանացուի նման, այլ «օրով ու ժամով», որն անբնական էր, գերբնական էր: Եթե այդ անբնականը մարդու էպիկական պատկերացումներում շատ բնական է, ապա այն անբնական է մարդկային հանրույթների պարագայում, ինչպես Թումանյանն է գրում. «Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց նա գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են»:

Բայց նաեւ անխուսափելի են հեղափոխություններն ընդհանրապես: Այդպիսի հեղափոխություններ էին, ասենք, սառցադաշտային ժամանակաշրջանները, երբ բնականոն ընթացքին հակառակ՝ միանգամից փոխվեց մոլորակի կլիման, ու վերացան օրգանական աշխարհի հազարավոր տեսակներ: Բնական ընթացքից տարբեր հեղափոխություններ են, ասենք, հաստատուն, մարդու կենսագործունեությունը չխորտակող եւ աչքի համար անտեսանելի երկրակեղեւի տեկտոնիկ շատ դանդաղ տեղաշարժերի փոխարեն երբեմն պատուհասող երկրաշարժերը: Բոլոր հեղափոխությունները՝ թե՛ բնության, թե՛ հասարակական կյանքի, ուղեկցվել են զոհերով, ոչնչացումներով, համակործանումներով:

Օրինակ՝ 21-րդ դարի «Արաբական գարուն» գեղեցիկ անվանումը ստացած թունիսյան, լիբիական, սիրիական եւ այլ հեղափոխություններն այնտեղ ապրող ժողովուրդներին մինչեւ այսօր շարունակում են արժենալ միլիոնավոր զոհեր ու ավերածություններ, իսկ Արեւմուտքի, մասնավորապես Եվրոպայի համար՝ բազմամիլիոն բնավեր գաղթականության այնպիսի գլխացավանք, որը ստիպեց փոփոխել իրենց հիմնարար արժեքների դրվածքը:

Հեղափոխությունները՝ թե՛ դասական, թե՛ վերասահմանյալ, բացի մարդկային զոհերը, ճակատագրերի խեղումը, ավերածությունները, ունեն այլ ընդհանրություններ եւս: Դրանք հիմնականում հովանավորվում են օտար երկրների կողմից: Օրինակ՝ 1917թ. փետրվարյան հեղափոխությունը, որ տեղի ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմի բոցերի մեջ գտնվող  Ռուսաստանում, հաճախ կոչում են անգլիական հեղափոխություն, իսկ նույն թվականի հոկտեմբերյանը, որի հետեւանքով կայսրությունը կորցրեց հսկայական տարածքներ ու ընկղմվեց քաղաքացիական կռիվների եւ սովի մեջ, կոչում են գերմանական հեղափոխություն:

Մեկ այլ ընդհանրություն եւ օրինաչափություն է, որ հեղափոխություններով իշխանության բերվածները շատ արագ բռնապետական հակումներ են դրսեւորում, ինչպես Ռոբեսպիերը, Լենինը, Ստալինը, Կաստրոն…, եւ սկսում է գործել վուլգար-մատերիալիզմի քստմնելի՝ բացասման բացասման օրենքը, երբ գլխատվում, կախաղան են բարձրացվում, գնդակահարվում են Լյուդովիկոս 16-րդից մինչեւ Նիկոլայ 2-րդի երեխաները: Համացանցում են Քադաֆիի սպանության սահմռկեցուցիչ տեսարանները: 21-րդ դարում դա կիբերբռնապետության տեսք կարող է ընդունել, երբ ինչ-որ կերպ հաղթահարվի ներկա համավարակը: Օրինաչափություն է նաեւ, որ հեղափոխությունը ինչ-որ պահից սկսում է լափել իր իսկ զավակներին, ինչպես Մյասնիկյանին, Խանջյանին, Տրոցկուն, Չե Գեւարային, Ժվանիային…:

Փառք Աստծո, որ Հայաստանում 2018թ. գարնանը տեղի ունեցած լուսավոր շարժումը միայն հեռավոր աղերսներ ունի հեղափոխություն կոչվածի հետ. լինի դա դասական կամ 21-րդ դարի: Մեզանում ոչ միայն դասական հեղափոխության պարտադիր պայման՝ կառավարման համակարգի արմատական ջախջախման եւ նորի առաջադրման խնդիր չդրվեց, այլեւ 21-րդ դարի գունավոր հեղափոխությունների առայժմ միակ երեւակված տարբերակչի՝ քաղաքակրթական, անվտանգային համակարգերի կտրուկ անցման:

Հեղափոխությունները պարտադիր բերում են արժեքային համակարգերի արմատական փոփոխություններ, ինչը քաղաքակիրթ հանրույթներում վերապահված է լուսավոր անհատներին, երկրի մտավոր ու հոգեւոր սերուցքին՝ առանց հեղափոխական ավերիչ ցնցումների: Մեզանում, կարծես թե, սա եւս չկա. փոխվել են միայն անունները՝ «Նոր տերերը խաղում են հին դերեր», ինչպես շատ վաղուց նկատել էր Ռուբեն Հախվերդյանը:

Կորոնավիրուսի՝ համաշխարհային այս հզոր մարտահրավերի պայմաններում, որ պատերազմի մի նոր մակարդակ է, ուր անտեսանելի են ռազմաճակատն ու թիկունքը, ուր ամեն մի միավոր տարածք ատոմիզացված ռազմաճակատ է, Հայաստանի պես շրջափակված ու փոքր երկրների համար կենսական խնդիր է դառնում անվտանգային որեւէ կենսունակ համակարգում գտնվելը, որքան էլ որ Ռուսաստանը՝ ԱՄՆ, իսկ Չինաստանը՝ Իտալիա բեռնավորված ինքնաթիռներ ուղարկեն: Որքան էլ նոր՝ այս եւ սպասվող մարտահրավերները հեղափոխական չեն, ուստի ժամանակն է սթափվելու եւ հավասարակշիռ մտքի ու ինքնամեկուսացմամբ ընձեռված ինքնակենտրոնացումի հոգեւոր դաշտ տեղափոխվելու: Այլապես հեղափոխական մեթոդոլոգիան կլինի այն անիծյալ դուռը, որն ուղիղ գծով տանում է իր լիցքերը չգիտակցած քվանտի անհետացում:

Միքայէլ Հայրապետեան

Պահպանողական կուսակցության նախագահ

«Առավոտ» օրաթերթ,10․04․2020թ

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.