ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Անկախացնել ընդդիմությունը կամ «Ազատագրել դաշնակցին»-2

Ժողովրդավարական առաջընթացին անհրաժեշտ է գաղափարական պինդ ընդդիմություն։ Սակայն ընդհանուր կասկածամտությունը հոշոտում է ցանկացած, այդ թվում՝ լավ գաղափար, տակավին չի հաջողվում համախմբել պահպանողականներին: Պետական գաղտնիքի քողի տակ օտարին քայլ առ քայլ հանձնելով ինքնիշխանությունը երբեմնի ամենագաղափարական քաղաքական ուժերն արժեզրկել են գաղափարաբանությունը։Հանրությունը շարունակում է իրերը դիտել անցյալական կարծրատիպային հատվածակողմերով։

2018-ի Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունից հետո, նախկին իշխանությունները, բնականաբար, դարձան ամենաշատ միջոցներ ունեցող ընդդիմադիրներ։ Սակայն ընկալումը, որ ՌԴ-ն այդ տարիներին, վերջիններիս ներքաշելով կեղտոտ գործարքների մեջ, հավաքել էր նրանց մասին կոմպրոմատներ, որոնք շահարկելով կաշկանդում է նրանց քայլերը, թույլ չի տալիս առաջ բերել գաղափարական օրակարգ։ Եթե նախկինում պետական պաշտոն զբաղեցրածը, անկախ կուսակցական պատկանելությունից, անկախ նախկին ու ներկա դիրքից, ոչ միայն բարձրացնի Լյուստրացիայի հարցը, այլև հանդես գա խոստովանությամբ, ապա, հնարավոր է, հանրությունը նրան ների և, ինչու չէ՝ սիրի։

Կա՞ արդյոք մարդուն անցյալի բեռից ազատելու, գաղափարական ճակատները ցեխից լվանալու, քաղաքական համայնքն անկախության և ժողովրդավարության շուրջ միավորելու գործիք։ Քաղաքական կուսակցությունները պարտավոր են գտնել այն և մաքրել քաղաքական գործչին օտար (ռուսական) շահերը սպասարկողի երբեմնի համբավից, ինչից հետո սահմանազատել քաղաքական նախաձեռնությունը կեղծ օրակարգից, տարանջատել պետական գաղտնիքը օտար պետության (Ռուսաստանի) շահերը սպասարկելու մասին գաղտնիքից և գաղտնազերծել վերջինը, ինչը մեր բախտակից երկրներում անվանում են Լյուստրացիա։

Սահմանդրական հանրաքվեն թակում է դուռը։ «Այո»-ի դեպքում փոխվելու է ոչ միայն Սահմանադրական դատարանն, այլև մեծ հաշվով՝ Հայաստանը։ Արդյո՞ք ընդդիմությունը, ինչպես նախորդ սահմանադրականների ժամանակ, միավորվելու է, և ինչի՞ շուրջ։ Եթե այո, ապա պետք է օր առաջ միավորել պահպանողական համոզմունքներ ունեցողների մարդկային և նյութական միջոցները, ձևավորել իրապես անկախ ընդդիմություն, որը հանդես կգա քաղաքական բովանդակային քննադատությամբ հանուն անկախության և ժողովրդավարության։ Եվ թող ազգանվեր այս գործն առաջնորդեն ոչ միայն իրական ժողովրդականություն ունեցող գործիչներն, այլև անկախության պայքարի նահատակների հոգիները և մեր Տեր Աստված։

Հայկ Միրզոյան, Պահպանողական կուսակցության անդամ

Աղբյուրը՝ Lragir.am

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.