ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Տնտեսական ապագաղութացում, կամ սուվերեն երաշխիք

Ներդրումները սիրում են երաշխիքներ։ Ինչքան կայուն են դրանք, այդքան մատչելի են միջոցները, դրամը, հիմնադրամները։ Անցումային շրջանում գնտվող երկրներում, որտեղ անկախության և ժողովրդավարության անցումային քայլերն են կատարվում, պետական երաշխիքները սահմանափակվում են առանձին կառավարության կառավարման ժամկետով։ Հայաստանում երաշխիքները երերուն են նաև տարածաշրջանի անկայունության պատճառով։ Իսկ սուվերեն երկրում, որտեղ քաղաքական համակարգը կայացած է, այդ ներդրումների երաշխիքները տրվում են պետության կողմից։ Եվ դրանց վրա չեն ազդում կառավարությունների, կառավարող կուսակցությունների, իշխանությունների փոփոխությունները։

Իրականում, պետական երաշխիքների համար հիմք է հանդիսանում պետության սուվերեն իրավունքը՝ ենթակառուցվածքների և անվտանգային սուվերեն համակարգի առումով։ Հայաստանն անցած տարիներին ենթակուցվածքներն (էներգետիկ, տրանսպորտային, հեռահաղորդակցության և այլն) ու անվտանգային համակարգերը հարստացնելու-ամրացնելու փոխարեն, օրեցօր մսխում էր դրանք, տեղի տալով ռուսական սպառնալիքներին։ ՀՀ ենթակառուցվածքների մեծ մասը տնօրինում էր Ռուսաստանը, իսկ անվտանգության համակարգը կառավարում էին ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքերը, օտարածին ԱԱԾ-ն, զինված ուժերի օտարահպատակ ղեկավարը, ՀԱՊԿ-ը։

Այսպիսով, ձևավորվել էր միջավայր, որտեղ երաշխիքներ տրամադրողն այդ ենթակառուցվածքների և անվտանգային համակարգի փաստացի տերն էր։ Այս իրավիճակում ներդրողը ռիսկերը կառավարելու նպատակով դիմում էր ռուսական երաշխիքներին։ Նույնիսկ օտարերկրյա բիզնեսն, այդ թվում արաբականը, ընդունել էր այդ կանոններն ու աշխատում էր դրանցով, ենթադրաբար՝ փայաբաժին հատկացնելով երաշխավորին։ Իսկ ներդրողի և երաշխավորի գործակցության միջնորդ-գործակալի դերում արդյունավետ հանդես էին գալիս Հայաստանի օլիգարխները։ Վերջիններս ունեին մեծ ժողովրդականություն, ազդեցիկ դիրք և հանդիսանում էին իշխանությունների իրական սոցիալական հենարանը։

2018 թվականի Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունը, ենթադրաբար, պետք է մարտահրավեր նետեր նաև երաշխիքային այս համակարգին, որովհետև հեղափոխությունից հետո օլիգարխներն այլևս չեն հանդիսանում իշխանության սոցիալական հենարանը, չունեն երբեմնի ազդեցությունն ու ժողովրդականությունը, հետևաբար՝ չեն կարող ներդրողի և երաշխավորի միջև միջնորդ-գործակալի դեր կատարել։ Երաշխիքային շղթան, այսպիսով, կտրված է, փաստացի չի գործում, ինչը 2019-ին ներդրումների պասիվության պատճառներից առաջինն է։ Այս դիտարկումը կմնար ենթադրության մակարդակում, եթե երբեմնի օլիգարխը չփորձեր միջնորդական աջակցություն մատուցել արաբ գործարարին։

Այսպիսով, Երևանի քաղաքապետարանի կողմից պարոն Գագիկ Ծառուկյանի երաշխավորած միջնորդության մերժումը և այս առնչությամբ վարչապետի պարզաբանումը ցույց են տալիս իրերի նոր դրությունը։ Այն է՝ Հայաստանը ձեռք է բերում իր տարածքում ներդրումներ երաշխավորելու սուվերեն իրավունք և սկզբունքորեն մերժում տնտեսական գաղութացումը։

Սա բաց ուղերձ է, որը, հնարավոր է, առարկայական զարգացում կստանա 2020-ին։ Բայց, նույնիսկ, եթե աշխարհն անտարբեր մնա այդ տրանսֆորմացիային, և 2020-ին արտաքին ուղղակի ներդրումների բում չլինի, այնուամենայնիվ՝ զուր չէին պարոն Ծառուկյանի, արաբ գործարարի և քաղաքապետի ջանքերը։

Հայկ Միրզոյան

Պահպանողական կուսակցության անդամ

Աղբյուրը՝ Lragir.am

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.