ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Վաղը Երեւան կգան երկրի իրական տերերը, որոնք բարեփոխումը չեն սկսի հոգեւոր հայաստանի դեմ պատերազմ սանձազերծելուց․ «Հրապարակ»

Հարցազրույց Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի հետ

- Պարոն Հայրապետյան, Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմն ասում են, որ իրենք 70-80 տոկոս ձայն ստացած իշխանություն են, եւ, հետեւաբար, իրենց բոլոր որոշումները լեգիտիմ են, կասկածի ու բեկանման ոչ ենթակա։ Համաձա՞յն եք, այդպե՞ս է։

- Այո՛, մասամբ այդպես է. լեգիտիմ իշխանության բոլոր որոշումները լեգիտիմ են, բայց որ շտկման եւ բեկանման ենթակա չեն, ներեցեք, մի փոքր անհամեստ է եւ վտանգավոր պետության համար: Անսխալական միայն Աստված է:

- Շուտով՝ դեկտեմբերի 9-ին, ԱԺ արտահերթ ընտրությունների մեկ տարին է, ըստ Ձեզ՝ արդարացրե՞ց իշխանությունը մեր սպասելիքները։ Կա՞ն ձեռքբերումներ, որ կարող եք նշել։

- Այո՛, ձեռքբերումներ կան, որոնք, անշուշտ, բավարարել չեն կարող: Արժե առանձնացնել երկու ձեռքբերում. նախ՝ Քաղաքացին երկրում իրեն ինչ-որ չափով տեր եւ պատասխանատու զգաց, համատարած ոգեւորությունը ջարդեց վտանգավոր օտարումը, սակայն այդ լիմիտը, ցավոք, նվազում է օրեցօր: Երկրորդ․ անձամբ Նիկոլ Փաշինյանը եւ, բացառված չէ, որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ չեն թալանում, եւ այդ միջոցներն ուղղվում են պետական բյուջե:

- Նիկոլ Փաշինյանը Լեւոն Տեր-Պետրոսյանին անվանեց չարիք, չնայած նախորդ տարի կուսակցությունը չառաջադրվեց՝ պատճառաբանությամբ, որ «չխանգարենք Նիկոլ Փաշինյանին եւ թիմին»։ Հետագայում ամեն կերպ աջակցում էին նրան։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություն արեց՝ թշնամացնելով նաեւ ՀԱԿ-ին։

- Վստահ չեմ, թե պարոն Փաշինյանի խոսքի Ձեր մեկնաբանումը ճշգրիտ է: Ըստ իս՝ ասվել է միանգամայն պարզ եւ ընդհանրական ճշմարտություն, որ ոչ լեգիտիմ իշխանությունը չարիք է: Իհարկե, դա չի նշանակում, որ լեգիտիմ իշխանությունը եւս չի կարող չարիք դառնալ, ինչպես, ասենք, միանգամայն լեգիտիմ Հիտլերի իշխանությունը: Իսկ հիմնադիր նախագահը ո՛չ եղել է, ո՛չ էլ երբեւէ կլինի չարիք: Իսկ եթե շատերն այդպիսի երանգ են որսացել վարչապետի խոսքում, ապա պետք է մեկնաբանության համար դիմել հենց նրան՝ վարչապետին: Մենք կշարունակենք հետեւել Թումանյանի բանաձեւին, թե թատրոնը միայն թատրոնում է լավ:

- Սերժ Սարգսյանի՝ քաղաքական դաշտում հնարավոր դերակատարում առաջիկայում տեսնո՞ւմ եք։ Վերջին 10 օրերին նրա գրասենյակը 3 անգամ հայտարարություն արեց, որից մեկն էլ այն էր, որ որեւէ կապ չունի պոպուլիստ Փաշինյանի հետ։ Ձեր կարծիքով՝ ինչի՞ համար էր այս մեսիջը՝ յուրայինների՞, թե՞ դրսի։

- Պատմությունը ոչ թե կմեղադրի, այլ կգովաբանի պարոն Սարգսյանին՝ իշխանությունը պահելու բռնի միջոցներ չկիրառելու համար: Անձամբ ինքն այլեւս չի հավակնի երկրի առաջին դեմք դառնալուն, սակայն իր պոտենցիալը, վստահ եմ, կօգտագործի՝ երկրի ճարտարապետման մեջ դերակատարում ունենալու համար: Գրասենյակի խոսքերն այնքան չեն հետաքրքրում, որքան նրա՝ Եվրոպայում հնչեցրած խոսքը: Պոպուլիզմը միայն հայաստանյան երեւույթ չէ, մեզնից առաջ այն թափ առավ առավել զարգացած երկրներում: Համաշխարհային գաղափարական ներկա ճգնաժամի մեջ պարոն նախկին նախագահը պարզապես արձանագրեց ոչ պոպուլիստական մի թեւի առկայության փաստը Հայաստանում՝ ջանալով զբաղեցնել այդ թեւի տեղը, ինչը միանգամայն տրամաբանական է:

- Փաշինյանը հայտարարեց, թե «Վատիկանի պադվալներում» թաքնված կոռուպցիոներին պետք է հանի ու պատժի։ Տպավորություն է, որ սպասողական վիճակ է բոլոր քրեական գործերով։

- Օ՜, Վատիկանի նկուղներում համաշխարհային մտքի եւ արվեստի նմուշներ էլ են պահված: «Կոռուպցիոներ» որակումը բարոյական իրավունք կունենանք տալ միայն դատական վճռից հետո, իսկ որեւէ դատական վճիռ այս գրեթե երկու տարվա ընթացքում չենք տեսել: Հակառակը՝ հեռուստաէկրանին տեսել ենք Սերժի Վաչոյին՝ մի ամբողջ սեղան փողերով, բայց դատական վճռի փոխարեն տեսել ենք ոչ միայն ազատ թողնվածի, այլեւ քար լռություն՝ մոռացության մատնելու մեթոդոլոգիա: Այնպես որ, աստիճանաբար ցավալիորեն զավեշտալի եւ կասկածելի է դառնում կոռուպցիոներներ փնտրելու եւ արդարադատություն իրականացնելու իշխանության ջանքը: Միայն առաջին արարի տեսարաններով երկար ժամանակ հնարավոր չի լինելու կերակրել Քաղաքացի դարձող մի ողջ ժողովրդի:

- Ինչո՞ւ են քաղաքական կուսակցությունները պասիվ, ինչո՞ւ ՀՀ-ում չի ձեւավորվում ուժեղ, արմատական ընդդիմություն, դաշտում նախկիններն են ու «Վերնատունը»:

- Երեւի դեռ ժամանակը չէ: Հավանաբար, քաղաքական բոլոր ազնիվ անձինք եւ ուժերը խուսափում են իշխանությունների՝ «քրեական ենթամշակույթից» հարազատացած այն մոտեցումից, որ իրենք «աբիժնիկ» կհռչակվեն: Միթե դա չի երեւում «հեղափոխության զոմբիների» հարձակումներից: Վաղն այդ քստմնելի մեթոդն այլեւս չի աշխատի, եւ ամենաանսպասելի տեղերից երեւան կգան երկրի իրական տերերը, որոնք իրենց բարեփոխումը չեն սկսի Հոգեւոր Հայաստանի դեմ պատերազմ սանձազերծելուց:

- ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Լավրովը գովեց Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը՝ այն համարելով պատասխանատու։ Ինչո՞վ եք պայմանավորում այս շրջադարձը։

- Ռուսական քաղաքական առնվազն երեքհարյուրամյա տրամաբանության փոքր-ինչ ծանոթությունը թույլ չի տա ինձ Լավրովի պահվածքը որպես շրջադարձ դիտել: Դա իրերի ամենատրամաբանական եւ վտանգավոր ընթացքն է:

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.