ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

«Երբեմն ինձ թվում է, որ մենք ապրում ենք թաթարական լծի» կամ հայկական դպրոցները հրամանագրով փակած Նիկոլայ ցարի ժամանակներում․ Միքայել Հայրապետյան․ Hraparak.am

Hraparak. am-ի հարցերին պատասխանում է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը։

**-ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը ի՞նչ շրջադարձ է նախանշում Հայաստանի համար։**

-Մենք արդեն քառորդ դար է, ինչ պետականություն ունենք, իսկ շրջադարձերը նորելուկների և օրհասական վիճակների առջև կանգնածների համար են: Հայաստանի էվոլյուցիոն զարգացման խթանման համար այդ համաձայնագիրն անգնահատելի արժեք կունենա. մնում է՝ մե՛նք չլինենք ո՛չ արկածախնդիր, ո՛չ էլ չափազանց զգուշավոր:

**-Որպես դասախոս՝ ինչպե՞ս եք գնահատում ուսանողների բողոքն՝ ընդդեմ տարկետման իրավունքի։ Գիտության ոլորտում եւ բանակում առկա ի՞նչ խնդիրներ բացահայտվեցին այդ բողոքի ակցիաների ընթացքում։**

-Բողոքելու իրավունքն ուսանողների քաղաքացիական անկապտելի իրավունքն է: Խնդիրը բոլորովին այլ տեղերում է: Նախ՝ ի սկզբանե խախտված է եղել Հավասարության սրբազան իրավունքը, որն Ազատության և Եղբայրության հետ երրորդություն է կազմում. այսքանով ինքս կողմ եմ զորակոչի հավասարությանը, թեև միանգամայն պարզ է, որ կոռումպացված իշխանության պարագայում ոչ մի հավասարություն էլ չի լինելու: Երկրորդ՝ սա արհեստականորեն բորբոքված խնդիր էր, որն ավելի շուտ կարող է մեր հանրային հոգեբանության և վարքի մասին պետական գաղտնիք հանդիսացող հետևությունների համար հիմք դառնալ հենց մեր ախոյանների ձեռքին. ինքս հրապարակային բացահայտումներ չեմ փորձի անել, մանավանդ որ դրանք շատ տխուր են մեզ համար: Երրորդ՝ մեր իշխանություններն անկախության մսխած տարիների ընթացքում ամենայն ջանասիրությամբ քայքայել են մեր պետականության երկու ամենակարևոր հենասյուները՝ կրթական համակարգն ու բանակը, պարզապես բախտներս բերել է, որ ի տարբերություն քաղաքական փչացած ու ծախու «սերուցքի»՝ դեռևս ունենք հրաշալի ժողովուրդ: Բայց ժողովրդային այդ պաշարն անսպառ չէ:

**-Գիտության պետական կոմիտեն շրջանառության մեջ է դրել «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի նախագիծը, համաձայն որի՝ ԲՈՀ-ը դառնում է ավելորդ, իսկ գիտական համակարգը՝ միաստիճան։ Կարո՞ղ է այդ նախագիծը կյանքի կոչվելու դեպքում գիտության ոլորտում առկա խնդիրները լուծել։**

-Կրկնեմ Վազգեն Մանուկյանի երբեմնի խոսքը՝ «երբեմն ինձ թվում է, որ մենք ապրում ենք թաթարական լծի» կամ հայկական դպրոցները հրամանագրով փակած Նիկոլայ ցարի ժամանակներում: Մեր իշխանությունները լիազորազրկեցին Կառավարությանն առընթեր Լեզվի պետական տեսչությունը, հետո անցան Գրապալատին, որն այլևս գոյություն չունի որպես ինքնուրույն կառույց: Չեմ զարմանա, որ ԲՈՀ-ն էլ հողմացրիվ անեն, ու պաշտոնյաներն ազգուտակով տիտղոսակիր գիտնականներ հռչակվեն: Դուք լրատվամիջոց եք. խնդրեմ՝ պահանջեք և հրապարակեք վերջին երկու տասնամյակում Հայաստանում պաշտպանված գիտական ատենախոսությունների թեկուզ միայն վերնագրերը: Հովվին անգամ պարզ կլինի, որ դրանք մեծավ մասամբ կապ չունեն գիտության հետ: Իսկ եթե խիզախեք և հրապարակեք պատառիկներ այդ ատենախոսություններից, ապա պարզ կտեսնենք, որ Հայաստանում գիտությունը հոգևարքի մեջ է, եթե, իհարկե, արդեն չի մեռել: Այսպիսի աղետալի վիճակ նույնիսկ թաթարն ու Նիկոլայը չէին կարող երազել: Հիմա արդեն չեմ հասկանում՝ սա ծրագրվա՞ծ թշնամանք է մեր Հայրենիքի ապագայի՝ կրթության և գիտության դեմ, թե՞ գիտելիքի հանդեպ գենետիկ ատելություն ու ոխ ունեցող մեր գավառական իշխանությունների «քռչոտ» լինելու հետևանք, ինչպես կորակեր մի պատահական անձնավորություն, ում որպես լլկված ռազմագերի հանձնված է մեր Ակադեմիան:

**Թագուհի Հակոբյան**

Hrapak.am, 26.11.2017
Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.