ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Մինոտավրոսը գրեթե չպաշտպանվեց

Post 1

Կարո՞ղ է արդյուք Ռուսաստանը խոչընդոտել Հայաստանին անկախության և ժողովրդավարության ամրապնդմանն, այդպիսով և՝ տնտեսության զարգացմանն ու համընդհանուր բարեկեցության ապահովմանը։ Այս հարցն օբյեկտիվ հիմքեր ունի և, ենթադրաբար, պետք է ուսումնասիրված լինի քաղաքական համայնքի, առաջին հերթին՝ իշխանությունների կողմից։ Եվ հաշվի առնելով այն, որ մայիսի 20-ից սկսվել է դատական իշխանության անկախության գործընթացը, ժամանակն է՝ այս հարցի երեսից հեռացնել գաղտնիության քողը։ Սա կարևոր է նաև այն պատճառով, որ քաղաքացիների մեծ մասը այս հարցին դեռևս վերաբերվում է մաշված կարծրատիպերով, որոնք կոտրելը ոչ միայն սոցիալ-հոգեբանական, այլև ռեալ քաղաքական նշանակություն ունի։

Կարծրատիպ (1). Ընտրակաշառք բաժանողն ու ստացողը, կեղծված ընտություններով ձևավորված իշխանությունը, քաղաքական դաշտի անապատացումը, տնտեսության մենաշնորհացումը, մեծահարուստների քաղաքական շահագործումը, քննադատության բացակայությամբ նեխող անբովանդակ մշակույթը և քարոզվող հակամշակութային արժեքները շղթայի օղակներն են, որոնք ագուցել է նախկին գաղութատերը (Ռուսաստանը) իր երբեմնի վասալին (Հայաստանին) կախվածության և հետամնացության մեջ անխախտ պահելու նպատակով։

Այս կարծրատիպը մակերեսային է և առարկայորեն առնչվում է գրեթե ամեն քաղաքացու, ինչի պատճառով ավելի շատ է քննարկվել հանրային հարթակներում։ Եվ չնայած 2018-ի հեղափոխության արդյունքում այն գրեթե կոտրվել է, և նոր հասարակության սերմերը նետված են, այնուամենայնիվ, հին ահը կա, քանի դեռ հանրային հարաբերությունների նոր մշակույթը չի արմատավորվել։

Կարծրատիպ (2). Ռուսական ռազմակայանի ներկայությունը, ռուսական գործակալների վխտումը իշխանության օղակներում, միայն ռուսական զենք գնելու պարտավորությունը, ԵԱՏՄ պայմանագրերով պայմանավորված՝ տնտեսության կախվածությունը Ռուսաստանից, էներգակիրների ներկրման, երկաթուղու, կապի, ՀԱԷԿ-ի կառավարման իրավունքի, արտահանման ուղղությունների  մենաշնորհումը ռուսներին, ինչպես նաև ԱԱԾ-ի՝ ԿԳԲ-ական անցյալից չհրաժարվելը և ռուսական մշակութային էքսպանսիայի խորացումը Ռուսաստանի ձեռքում իրական լծակներ են, որոնցով կարող է խոչընդոտել Հայաստանի առաջընթացը անկախության և ժողովրդավարության ուղղությամբ։

Այս կարծրատիպը խորքային է, սակայն նույնքան սպեկուլյատիվ։ Այն համեմատաբար քիչ է քննարկվում բաց հարթակներում՝ քաղաքական ամլության, փոքրոգության, Արևմուտքից ակնկալվող հստակ ազդակների բացակայության, ազգային արժանապատվության բացակայության, ինչպես նաև՝ գազանին չգազազեցնելու, ռուսների հետ հարաբերություններ չփչացնելու, պատմական-աշխարհագրական ավանդական կապերի և այլ ժամկետանց ու հորինովի պատճառներով, որոնք միավորվում են մեկ բառով՝ «վտանգավոր է»։

2-րդ կարծրատիպը լուրջ ճաքեր տվեց 2019-ի մայիսի 20-ին հաջորդած մի քանի օրերի ընթացքում, որովհետև դատական անկախության գործընթացի մեկնարկին չհաջորդեց ռուսական նոտա, ռուսական ռազմակայանը Երևանի ուղղությամբ տեղաշարժ չարեց, գազը չթանկացավ, ատոմակայանը չփակվեց։ Ավելին՝ նախկին կոմկուսի հպատակի, Մոսկվայի հետ ուղիղ հեռախոսակապ ունեցողներից մեկի՝ ԲԴԽ նախագահի, ինչպես և նրա ԱԱԾ-ական եղբոր հրաժարականները ռուսական ոչ մի արձագանք չգտան։

Կարծրատիպ (3). Անկախության և ժողովրդավարության ձգտող Վրաստանի և Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խախտվեց։ Եթե Հայաստանը բռնի անկախության և ժողովրդավարության ուղին, կկորցնի տարածք։ Ենթադրաբար, ռուսների հովանավորությամբ ու սադրանքով Ադրբեջանը կօկուպացնի Արցախը։ Հայաստանում ռուսական լրտեսների աջակցությամբ բողոքի ալիք կբարձրանա, անկախության և ժողովրդավարության ձգտող իշխանությունը կտապալվի, և Ռուսաստանը կփորձի վերահաստատել դրածո վարչախումբ։

3-րդ կարծրատիպն ամբողջությամբ երևակայության արդյունք է, քաղաքական կանխատեսում, և կրում է «ծայրահեղ վտանգավոր» պիտակը։ Ունի զուտ համեմատական հիմնավորում, որը, սակայն, ներկայացվում է միակողմանի, որովհետև անկախության և ժողովրդավարության ձգտող Վրաստանն ու Ուկրաինան իրականում ոչ թե կորցրել, այլ ազատագրել են իրենց հայրենիքների մի մասը, իսկ որոշ տարածքների ազատագրման պայքարը շարունակվում է։ Մեր դեպքում՝ նման վտնագը բացառելուն էր ուղղված նաև վարչապետի մայիսի 20-ի ելույթի 2-րդ՝ խնդրին անուղղակի առնչվող հատվածը, հատկապես՝ Ապրիլյան պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողով ձևավորելու նախաձեռնությունը՝ դրանց առնչվող պաշտոնական և միջազգային անդրադարձներով հանդերձ։ Այս կարծրատիպը կոտրելու առաջին քայլը կլինի ռուսական լրտեսի բացահայտումը։ Ինչքան շուտ լինի դա, այնքան ամուր հիմքերի վրա կդրվի պաշտպանությունը ռուսական ենթադրյալ սադրանքից։

Այս կարծրատիպերը ձևավորվել են 1988-ից սկսած և կարծրացել նախորդ իշխանությունների ոչ ադեկվատ քաղաքականության արդյունքում։ Իրականում, այսօր բոլորովին այլ իրավիճակ է, քան թվարկված կարծրատիպերի ձևավորման շրջանում։ 2018-ի մայիսից քաղաքացին արժևորում է ժողովրդականություն վայելող իշխանություններ ունենալու իրավունքը և այս կարծրատիպերն այլևս այն իշխանությունը չունեն քաղաքացու գիտակցության վրա։

Իհարկե, հեղափոխության սահուն ընթացքը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Ռուսաստանը Արևտմյան պատժամիջոցների տակ, իսկապես, այնքան է թուլացել, որ հայտնվել է տրանսֆորմացիայի կամ կործանման երկընտրանքի առաջ։ Եթե ձևափոխվի և աշխարհին հավատակից գործընկեր դառնա, ապա կպահպանի ներկայիս տիրույթների մի մասը, իսկ Հայաստանը իրապես կազատագրվի ռուսական քայքայիչ ազդեցությունից. այսինքն՝ ՌԴ-ն հեռանում է, ինչպես հեռացավ Միլոշևիչի ու Սադամի երկրներից՝ իր հետևից ավերակներ թողնելով։ Խնդիրն այստեղ ընդունում-հանձնումը համաչափ կազմակերպելն է՝ հերթական կայսրության փլատակների տակ հերթական անգամ չմնալու համար: Իսկ եթե շարունակի պաշտպանել կայսերական հավակնությունները, կկործանվի, ինչպես նախկինում կործանվել են այսպիսի երկընտրանքի առաջ կանգնած կայսրությունները։

Ի մի բերելով, կարելի է նկատել, որ անկախության և ժողովրդավարության ամրապնդմանը ձգտող Հայաստանին Ռուսաստանի դիմադրությունը իրապես կզրոյանա ոչ թե այն պատճառով, որ վարչապետ Փաշինյանը ուզում է հավատալ դրան, այլ այն դեպքում, երբ քաղաքացին իրապես արժևորի ազատ-անկախ-ժողովրդավարական հայրենիք և համընդհանուր բարեկեցության պետություն ունենալու անսակարկելի իրավունքը, վերջնականապես հրաժարվելով մաշված կարծրատիպներից։ Սա նկատի ունենալով, անհրաժեշտ է անկախության և ժողովրդավարության ներկայիս  փուլի բարեփոխումների և հավանական հակազդեցությունները չեզոքացնելու հարցերը հանգամանալից, խորությամբ և լրջորեն քննարկել ոչ միայն փորձագիտական մակարդակով, այլև հրապարակային բոլոր հարթակներում։

Հայկ Միրզոյան, Պահպանողական կուսակցության անդամ

Հրապարակվել է՝ Lragir.am 

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.